Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ուղղված դիմում-բողոքներն աճել են»․ Անահիտ Մանասյանը դժգոհեց, որ ՄԻՊ աշխատակազմին հատկացվող բյուջեն համեստ է եւ վերանայման կարիք ունի

Հունիս 09,2026 18:06 Share

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները 2025 թվականին լուրջ աճ են արձանագրել՝ 22 հազարից ավելի դիմում-բողոքներ են ստացվել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Սա շուրջ 2900-ով ավելի է, քան նախորդ տարի ստացված դիմում-բողոքները։ Փաստացի ստացվող բյուջետային միջոցների շրջանակներում տարեցտարի շատ ավելի մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում։ Այս տարի առաջին 4 ամսվա շրջանակներում նույն թեժ գծին ստացել ենք շուրջ 5810 ահազանգ, որը 1861-ով ավելի է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Իսկ սա ցույց է տալիս ոչ միայն դեպքերի ավելացումը, այլ ցույց է տալիս դիմելիության թվի լուրջ աճը»,- ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ բազմաթիվ դիմում-բողոքներ կան, որոնք մարզերից են ներկայացվում․ «Ընդ որում, վիճակագրությունն այնպիսին է, որ մեծ մասը կանանց կողմից ներկայացված դիմում բողոքներ են։ Եվ սովորաբար այդ դիմում-բողոքները վերաբերում են ընտանիքում կնոջ՝ բռնության ենթարկվելուն»։

Անահիտ Մանասյանը նաեւ դժգոհեց, որ ՄԻՊ աշխատակազմին հատկացվող բյուջեն բավականին համեստ է, եւ վերանայման կարիք կա։ «Բազմաթիվ ոլորտային հարցեր կան, որոնք նոր են ավելացվել, կան միջազգային դիտարկումներ, դրանից է կախված այն, որ կարծում եմ՝ լուրջ փոփոխությունների կարիք կա։ Ոչ միայն ես եմ կարծում, այլ նաեւ միջազգային հանձնարարականներն են դրա մասին խոսում։ Մեր հաստատության շենքի հարցը, թեեւ մասնակի լուծում ստացել է, բայց դա փաստացի կիսալուծում է դարձել, որովհետեւ մինչեւ հիմա լուծված չեն շենքի պայմանների բարելավման կամ նոր շենք տեղափոխվելու հարցերը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930