Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՁԳՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷ՞Ր

Նոյեմբեր 10,1998 00:00
EAHK

Նոյեմբերի երրորդ տասնօրյակում նախատեսված է եվրոպական մի նոր հեղինակավոր պատվիրակության այցելությունը տարածաշրջան, որը կգլխավորի Լեհաստանի արտաքին գործերի նախարար պրն Գերեմեկը՝ իբրեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում այժմ նախագահող երկրի ներկայացուցիչ։ Պատվիրակությունը, որը լինելու է նաեւ Հայաստանում, հրավերներ է ուղարկել եվրոպական մյուս կառույցներին եւս, որպեսզի նրանք նույնպես մաս կազմեն տարածաշրջան ժամանելիք խմբին։ Նրանում Եվրոպայի խորհուրդը ներկայացնելու է այդ կազմակերպության քաղաքական դեպարտամենտի քաղաքական խորհրդական Իրժի Վոգլը։ Այդ առիթով էլ հենց նրան հրավիրեցի զրույցի։

Պրն Վոգլն իր ընդգրկվելը ԵԱՀԿ պատվիրակության կազմում համարում է ամենեւին էլ ոչ պատահական։ Նրա փաստարկների հիմքում այն իրողությունն է, որ եվրոպական ընդհանուր համագործակցության մի մասն էլ դրսեւորվում է համաեվրոպական տարբեր կառույցների միջեւ գոյություն ունեցող գործակցությամբ։ Դրանով հանդերձ, պրն Վոգլը հարկ համարեց նշել, որ այս դեպքում ինքը որեւէ կերպ չի առնչվելու Եվրախորհրդից նոյեմբերի երկրորդ կեսին Երեւան ժամանելիք փաստահավաք այն պատվիրակության աշխատանքներին, որը տեղում փորձելու է պարզել, թե ինչպիսին է քաղաքական ուժերի բաժանման պատկերը Հայաստանի Ազգային ժողովում։ Իսկ այդ պատվիրակությունը Եվրախորհուրդը Հայաստան է ուղարկում, որովհետեւ, ինչպես հայտնի է, միարժեքորեն չի ընդունվել խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող հայկական պառլամենտական խմբի կազմում կատարված փոփոխության փաստը։

Պրն Վոգլը պարզաբանում է, որ համաձայն Եվրախորհրդի կանոնադրության, ազգային խորհրդարանները խորհրդարանական վեհաժողովում պետք է ներկայացված լինեն տեղերում ուժերի հարաբերակցությանը համապատասխան։ Իհարկե, այդ մարմնում բոլոր երկրներին էլ սահմանափակ տեղեր են հատկացվում, ու եթե դրանք ամենքին չէ, որ բաժին են հասնում, ապա գոնե գլխավոր քաղաքական ուժերի դասավորվածությունն այս կամ այն կերպ պետք է արտահայտվի։

Մի խոսքով, Հայաստանից, ինչպես խորհրդարանի ղեկավարության, այնպես էլ ընդդիմության կողմից արդեն իսկ գրավոր տեղեկատվություն Ստրասբուրգ փոխանցվել է, եւ հիմա փաստահավաք պատվիրակությունը տեղում իրավիճակին ծանոթանալով՝ կորոշակիացնի խնդիրները, որովհետեւ յուրաքանչյուր տարեսկզբին խորհրդարանական վեհաժողովը վավերացնում է բոլոր պատվիրակությունների կազմերը։ Այս պահի դրությամբ վիճակը հետեւյալն է. խորհրդարանական վեհաժողովը չի վավերացրել Հայաստանի պատվիրակության կազմում կատարված փոփոխությունը՝ համարելով, որ այն չի կատարվել Եվրախորհրդում գործող կանոնադրությանը համապատասխան. «Եվրախորհրդի նպատակներից մեկն էլ իրավական պետության կայացմանը նպաստելն է։ Ուստի ափսոսանքով պիտի նշեմ, որ արարողակարգերը չեն պահպանվել»,- եզրափակեց Իրժի Վոգլը։

Հաջորդ հարցով անդրադարձանք տարածաշրջանի երկրների՝ Եվրախորհրդին անդամագրվելու գործընթացին։ Պրն Վոգլը համաձայնեց, որ, իրոք, Վրաստանի ընդունման հարցը համարյա թե լուծվել է, եւ հունվարյան նստաշրջանում խնդրի լուծվելը միանգամայն ենթադրելի է։ Սակայն մինչեւ հիմա դեռեւս նախնական որոշում էլի չի կայացվել։ Հարցը լսվելու է նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք քաղաքական հանձնաժողովի նիստում ու, եթե զեկուցողը դրական տեսակետ արտահայտի, ապա գործի կդրվեն արարողակարգերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամագրվելուն, ապա, ինչպես պրն Վոգլը փաստեց, հնարավոր չէ հստակորեն որեւէ բան ասել, որովհետեւ զեկուցողները դեռ համապատասխան փաստաթղթերը չեն պատրաստել։ Աշխատանքները շարունակվում են. այդ շրջանակում նրանք հուլիսին այցելել են Բաքու-Երեւան- Ստեփանակերտ, որից հետո դիտորդական առաքելություն են իրականացրել Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ։ Հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդում լսումներ կազմակերպելն է, որից հետո միայն կհստակեցվի հետագա աշխատանքների գրաֆիկը։ Իսկ այս պահին հստակ է միայն մեկ բան. լսումները նշանակվել են դեկտեմբերի 16-ին, եւ նպատակ կա լսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այս կամ այն կերպ առնչվող բոլոր կողմերին։

Մեր հարցին՝ արդյո՞ք վատ նախադեպ չի արձանագրվում Եվրախորհրդի պատմության մեջ, երբ նախապես, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 3-ին հայտարարված լսումները հետաձգվում են կողմերից մեկի կամայականության պատճառով, Իրժի Վոգլը պատասխանեց այսպես. «Լսումները Ադրբեջանի պատճառով չէր, որ հետաձգվեցին։ Իսկ պատճառները տարբեր էին եւ ոչ՝ մեկ-երկուսը, ուստի քաղաքական հանձնաժողովը համապատասխան վճիռ է կայացրել»։ Կարեւորը, ինչպես նշեց պրն Վոգլը, կողմերը պիտի հասկանան, որ դեկտեմբերի 16-ին կայանալիքը պաշտոնական, դիվանագիտական բնույթ չունի եւ կոչված չէ որեւէ լուծում տալ հարցին։ Իրժի Վոգլը չհամաձայնեց նաեւ հայկական մամուլում արտահայտված այն տեսակետներին, թե լսումների հետաձգումն իրականացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո, ինչը վատ նախադեպ է Եվրոպայի խորհրդի պատմության մեջ։

Մեր առաջարկին՝ մատնանշել լսումների հետաձգման պատճառներից գոնե մեկը, պրն Վոգլն անդրադարձավ այսպես. քանզի հոկտեմբերի վերջին արդեն պարզ էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի սկզբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ են ներկայացնելու, ուստի քաղաքական հանձնաժողովը նպատակահարմար համարեց՝ լսումները պիտի ոչ թե նախորդեն, այլ հաջորդեն այդ կարեւոր քայլին, որի հետ բոլոր երկրներում էլ հույսեր են կապվում։ Երկրորդ պատճառն այն է, որ հրավերների առաքման հարցում եւս ծառացել են կազմակերպչական խնդիրներ։

Այնպես որ, այս կամ այն փաստարկի վրա շեշտադրում կատարելու անհրաժեշտություն չկա, թեպետ, ինչպես պրն Վոգլն է կարծում, թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ադրբեջանի դեպքում նման դրսեւորումներից չես խուսափի։ Ամփոփելով իր խոսքը՝ Եվրախորհրդի քաղաքական խորհրդականն ասաց, որ շատ է ցանկանում՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը դառնան Եվրախորհրդի անդամ եւ այդ կառույցում մասնակցեն եվրոպական բեղմնավոր բանավեճին, ուր բոլորին մտահոգող հարցերին համատեղ լուծումներ են փնտրվում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30