Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍՆ Է

Դեկտեմբեր 15,1998 00:00
Shmavon Shahbazyan

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության քարտուղար Շմավոն Շահբազյանի հետ։ Ժամանակին ավարտել է Ֆրանսիայի կառավարման ENA դպրոցը։

-Պարոն Շահբազյան, դեկտեմբերի 16-ին Փարիզում Եվրոպայի խորհրդի կազմակերպմամբ տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։ Իբրեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ասացեք, խնդրեմ, ի՞նչ նախապատրաստություններով է հայկական կողմը մեկնում Ֆրանսիայի մայրաքաղաք։

-Այո, վերջապես տեղի կունենան քաղաքական այդ լսումները՝ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համատեքստում։ Ես չեմ ուզում խոսել դրանց ձգձգման պատճառների մասին, բայց միաժամանակ ուզում եմ փաստել, որ մենք լսումներին նախապատրաստվել ենք խիստ լրջորեն։ Անընդհատ խորհրդատվությունների մեջ ենք եղել այդ լսումները նախապատրաստող Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ։ Լսումները մենք շատ ենք կարեւորում, որովհետեւ դրանք բացառիկ հնարավորություն են Լեռնային Ղարաբաղի համար, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունում կարողանա ներկայացնել իր տեսակետները հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Կարծում եմ նաեւ, որ հնարավորությունը բացառիկ է մեկ այլ առումով եւս. Եվրոպայի խորհրդում կտեսնեն, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են շատ բարեկիրթ, պատրաստված, գիտակ, եվրոպական վարվելաձեւով անձինք, որոնք ի վիճակի են ժողովուրդ առաջնորդել։

Ուզում եմ խոսել եւս մեկ շատ կարեւոր իրողության մասին, որի վերաբերյալ, կարծես, մեր մամուլում էլ այդքան շատ հրապարակումներ չկան։ Իմ կարծիքով, մի շատ կարեւոր հոգեբանական բեկում տեղի ունեցավ դեռեւս ընթացիկ տարվա հունիս ամսին, երբ Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի եւ Հայաստանի զեկուցողները որոշեցին համատեղ այց կատարել տարածաշրջան։ Նրանք այցելեցին նաեւ Լեռնային Ղարաբաղ, ինչը, իմ կարծիքով, բացառիկ նշանակություն ունեցավ։ Ես ինքս ուղեկցում էի զեկուցողներին, ու երբ նրանք նախ Լաչինի երաժշտական դպրոցում ներկա գտնվեցին փախստականների երեխաների ջութակի համերգին, իսկ դրանից հետո էլ Ստեփանակերտում տեսան, որ դա եվրոպական կենսակերպով քաղաք է, զարգացումները, իմ կարծիքով, այլ ընթացք ունեցան։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները տեսան, որ գործ ունեն հանգիստ մարդկանց հետ. նրանք զբոսնում են փողոցներում, հանգստանում են ամառային գեղեցիկ սրճարաններում, գեղեցիկ հայուհիներ են անցուդարձ անում՝ երբեմն կարճ շրջազգեստներով։ Այս ամենը եվրոպացիների աչքից չէր կարող վրիպել։

Կարող եմ վկայել, որ եվրոպական մայրաքաղաքներում երբեմն այնպիսի պատկերացումներ ունեն, թե Լեռնային Ղարաբաղը սարերում կորած ինչ-որ անկլավ է, եւ այնտեղ ապրում են մորուքավոր, զինված, անհայտ զբաղմունքի տեր մարդիկ։ Բնական է, որ զեկուցողները միանգամայն այլ պատկեր տեսան։ Նրանք արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղում կան կազմակերպված իշխանություններ, քաղաքակիրթ աշխարհին բնորոշ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնցից մեկը նույնիսկ ադրբեջանցի ռազմագերիների իրավունքներն է պաշտպանում։ Սա հաճելիորեն զարմացրել էր Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին, որոնք, պարզ է, այդ փաստի նկատմամբ չէին կարող անտարբեր մնալ։ Եվրոպայի խորհուրդն այն կազմակերպությունն է, որը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները։ Դրանից հետո որոշ եվրոպական մայրաքաղաքներում եւ, մանավանդ Ստրասբուրգում, սկսեցին մտածել՝ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մի մասն է, այնտեղ ապրում է ժողովուրդ, որն իր ավանդույթներով, մշակույթով, քաղաքակրթվածությամբ ու կենսակերպով եվրոպական ժողովուրդ է։

-Իսկ, ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնան այս լսումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա։

-Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծող կազմակերպությունը Եվրոպայի խորհուրդն է։ Իմ դիտարկմամբ, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի լուծելու այդ հարցը։ Ե՛ւ հայերս, ե՛ւ ադրբեջանցիները պատրանք ունենք, թե ինչ-որ մեկը գալու է, որոշում է ընդունելու եւ հարցը լուծվելու է։ Ես այդպես չեմ կարծում։ Իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը կամ այդ հարցի կարգավորմանը մոտենալն ուղղակիորեն կապված է այս տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների դեպի ժողովրդավարություն կատարելիք քայլերից։ Որքանով մեր տարածաշրջանի ժողովուրդները կմոտենան Արեւմուտքում ընդունված ժողովրդավարության սկզբունքներին, այնքանով էլ մենք կմոտենանք Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծմանը։ Համոզված եմ, որ դա ժամանակ կպահանջի, ինչն ամենեւին էլ չի նշանակում, թե գործընթացն արհեստականորեն կձգձգվի։ Խոսքը բացառապես ժողովրդավարության մասին է։ Այս կարգի հակամարտություններ գոյություն ունեն նախեւառաջ այն տարածաշրջաններում, որոնցում ժողովրդավարության դեֆիցիտ կա, իսկ որտեղ նման խնդրի չեն բախվում, այնտեղ, որպես կանոն, նման կոնֆլիկտներ գոյություն չունեն։

Կարծում եմ, որ այս լսումները բավականին հետաքրքիր ընթացք կունենան եւ արդյունավետ կլինեն Հայաստանի համար՝ մեր երկրի Եվրոպայի խորհրդին անդամակցելու առումով։ Ասեմ նաեւ, որ իբրեւ ՀՀ քաղաքացի, ինձ համար քաղաքական գործիչների եւ ուժերի քաղաքական մակարդակը չափվում է այն հանգամանքով, թե որքանով է այդ սուբյեկտն ընդունակ չշահարկել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Սա աքսիոմա է։ Մեկ հանգամանք եւս։ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ։ Դա կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքանով արդյունավետ կամ անարդյունավետ կաշխատի Եվրոպայի խորհրդում։ Եթե արդյունավետ աշխատենք, արդյունքները կլինեն դրական, եթե ոչ՝ ոչ։ Երբեմն մեզանում այնպիսի տպավորություն է շրջանառվում, թե ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը կամ ինչ-որ միջազգային կազմակերպություններ, թողած բանուգործ, գիշեր-ցերեկ չեն քնում՝ մտածելով միայն, թե ոնց լուծեն Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ ճնշեն հայերին։ Այդպես չէ։ Իմ կարծիքով, դա եւս հայկական ուտոպիայի դրսեւորումներից մեկն է։

-Պարոն Շահբազյան, ձեր նշանակումից հետո բավականին աշխուժացել են ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության աշխատանքները։ Իմ դիտարկմամբ, համենայնդեպս, այդպես է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Նախեւառաջ կցանկանայի բացատրել, թե ինչու ենք կարեւորում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունները։ Պետք է ասեմ, որ այսօր աշխարհի բազմաթիվ ժողովրդավարական երկրներում լուրջ միտումներ կան՝ խորհրդարաններին ավելի մեծ տեղ տալ։ Դա հատկապես դրսեւորվում է խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում։ Միջազգային հարաբերություններում հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ խորհրդարանների անդամները, պատգամավորները, ունենալով ավելի մեծ ազատություն, կարող են տեսակետներ արտահայտել, որոնք իրենց չեն կարող թույլ տալ այս կամ այն երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչները։ Այս բանաձեւով գրեթե ամբողջ աշխարհն է առաջնորդվում։ Երկրորդը՝ շատ կարեւոր է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թե՛ Երեւանում, եւ թե՛ տարբեր միջազգային կազմակերպություններում՝ միջխորհրդարանական հանդիպումների ժամանակ, հնարավորություն են ստանում շփվել մյուս երկրների իրենց գործընկերների հետ։

Ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, առհասարակ, խորհրդարաններում են դրսեւորվում եւ հասունանում ապագա նախարարները, ապագա վարչապետները, ապագա նախագահները։ Հետեւաբար՝ մեր պատգամավորները հնարավորություն են ունենում շփվել այս կամ այն երկրի ապագա քաղաքական էլիտայի, քաղաքական կորիզի հետ։ Մենք դա շատ ենք կարեւորում։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի արտաքին կապերն ու հարաբերությունները պետք է կարողանանք այնպիսի մեխանիզմներով զարգացնել, որոնք արդյունավետ գործընթացների կհանգեցնեն։ ԱԺ արտաքին հարաբերությունների ոլորտում, պատկերավոր ասած, մենք պետք է կարողանանք խորհրդարանական հիշողության դաշտ ձեւավորել։ Դա հնարավորություն կտա, որպեսզի եղած ու պահպանված նյութերի հիման վրա մեր գալիք խորհրդարանների պատգամավորներն ապահովվեն եղած կապերի շարունակականությունը։ Իսկ ցանկացած երկիր ու պառլամենտ նախեւառաջ հզոր է իր հիշողությամբ։ Իսկ այդ հիշողությունը նախեւառաջ պետական պաշտոնյաներն են ապահովում։

-Սովորաբար իմ շփումները պատգամավորների հետ են. եզակի դեպք է, որ գործ ունեմ պետական պաշտոնյայի հետ։ Դուք, որպես տիպիկ պետական պաշտոնյա, ի՞նչ եք մտածում Ձեր կարգավիճակի մասին։

-Ես նախեւառաջ կուզեի խոսել խորհրդարանում աշխատող պաշտոնյայի կուլտուրայի մասին։ Ցանկացած պետության ուժը կախված է նրանից, թե որքանով նա ունի լուրջ, խելացի, բարեկիրթ պետական վարչական աշխատողներ։ Պետական պաշտոնյաները պետության հիշողությունը ապահովողներն են։ Ֆրանսիայում, օրինակ, պետական պաշտոնյա են ընտրում առաջին հերթին ոչ թե թեկնածուի գիտելիքներին, այլ կուլտուրային ուշադրություն դարձնելով։ Արդյո՞ք պատրաստ է նա՝ քայլել Բուրբոնների պալատում ու ներդաշնակ լինել։ Կարծում եմ, մեզանում եւս այս հարցը պետք է կարեւորվի։ Մանավանդ Ազգային ժողովում աշխատող պետական պաշտոնյան պետք է մեծ կուլտուրա ունենա, որպեսզի կարողանա աշխատել քաղաքական տարբեր հայացքների տեր պատգամավորների հետ։ Նա պետք է բոլորի համար հավասար ծառայություններ ապահովի՝ անկախ նրանից, պատգամավորը տվյալ պահին իշխանության մեջ է, թե ոչ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031