Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջություն ձեզ, նախագահներ

Հունվար 20,1999 00:00
heydar aliev

 Ինչպես հայտնի է, Նոր տարուն բոլորը միահամուռ միմյանց առողջություն են մաղթում, իսկ հետո բոլորը միահամուռ հիվանդանում են։ Նախագահներն էլ են մարդ, եւ նրանք էլ են միահամուռ հիվանդանում։ Անցած շաբաթ հիվանդացան Ռոբերտ Քոչարյանը, Բորիս Ելցինը եւ Հեյդար Ալիեւը։

Մեր նախագահը, որքանով հայտնի է, իր ռուս եւ ադրբեջանցի պաշտոնակիցներից ավելի հանգիստ տարավ հիվանդությունը եւ դա հասկանալի է, նախ՝ նա ծնունդով այն կողմերից է, որտեղ մարդիկ առողջ են մեր լեռների պես, երկրորդ՝ նա Ելցինից ու Ալիեւից շատ ավելի երիտասարդ է, երրորդ՝ սպորտով է զբաղվում, եւ վերջապես չորրորդ՝ նախագահը պարզապես պարտավոր էր արագ առողջանալ, քանի որ պատրաստվում է գնալ Շվեյցարիա՝ Դավոս, եւ պատկերացրեք, եթե Հայաստանի ղեկավարը սկսեր վարակել այնտեղ եվրոպացիներին, արդյո՞ք դրականորեն կլուծվեր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հարցը։

Ինչ վերաբերում է Բորիս Ելցինին, ապա ինչպես այսօր փաստեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, նրա հիվանդության մեջ նորություն չկա, նորը միայն հիվանդության բնույթն է։ Այո, ռուսաստանցիներն արդեն վաղուց են սովորել, որ հենց որ սկսվում են հեռուստատեսային նորությունները, էկրանին են հայտնվում սպիտակ խալաթներով մասնագետներ եւ սկսում են մանրամասն բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս կամ այն հիվանդությունը եւ ինչպես են այն բուժում։

Ռուսաստանցիներն, այսպիսով, ոչ միայն անվճար բժշկական խորհուրդներ են ստանում, այլեւ առողջապահական գիտելիքների տեսակետից դարձել են աշխարհի՝ երեւի թե ամենահարուստ ժողովուրդը։

Բոլորի համար ակնհայտ է, որ վաղուց արդեն եկել է հեռանալու ժամանակը։ Բայց դուք հարցրեք ցանկացած առաջնորդի. ինչ վիճակում էլ նա լինի, արդյոք եկե՞լ է իր հեռանալու ժամանակը։ Դա, իհարկե, միայն Ռուսաստանի հիմնահարցը չէ։ Պարբերաբար հիվանդանոցում է հայտնվում, օրինակ, Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը։ Եվ Պրահայի թերթերը ավելի ու ավելի հաճախ են հիշեցնում իրենց առաջնորդին, որ քաղաքական գործիչը պետք է տիրապետի նաեւ ժամանակին քաղաքականությունից հեռանալու արվեստին։

Բայց ախր ինչպես տիրապետես այդ տհաճ արվեստին, եթե, ինչպես գրող Ֆազիլ Իսկանդերն է փաստել, իշխանությունն այնպիսի մի ճոխ սեղան է, որից հեռանալը չափազանց դժվար է։

Այո, դժվար է նաեւ այդ սեղանին չմոտենալը, գայթակղությունը շատ մեծ է։ Հիշո՞ւմ եք, մոտ մեկ տարի առաջ, փետրվարին, երբ հրաժարական տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ վաղաժամկետ ընտրություններ նշանակվեցին, Ռոբերտ Քոչարյանին հարցրին, թե արդյոք նա կմասնակցի՞ այդ ընտրություններին։ Լավ հիշեք, առաջին պատասխանն էր՝ դա քիչ հավանական է։ Եվ թվում էր, թե հրաշք տեղի ունեցավ, գտնվեց գոնե մեկը, որը հոժարակամ հրաժարվեց ճոխ սեղանից։

Բայց երեւի մեր ավանդական կովկասյան հյուրասիրությունը դեր խաղաց. երեւի շատ ջանասիրաբար էին համոզում՝ համեցեք սեղանին, ամոթ է հրաժարվելը, մարդիկ սխալ կընկալեն։ Եվ, ի վերջո, ամեն ինչ ավարտվեց սովորականի նման։

Իրոք, փորձենք հասկանալ. ինչո՞ւ է այդքան քաղցր իշխանությունը եւ ինչո՞ւ դրանից հրաժարվելը պարզապես գերմարդկային ջանքեր է պահանջում։ Մի՞թե միայն բարիքներն են, որ ձգողական զարմանալի ուժ ունեն։ Միամիտ կլիներ այդպես մտածելը։ Պարզապես իշխանության բարձրագույն դիրքը մի հնարավորություն է տալիս, որը հասարակ մահկանացուն երբեք չի ունենա՝ շրջապատել քեզ այնպիսի մարդկանցով, որոնք երբեք տհաճ բան չեն ասի քեզ, այլ ընդհակառակը՝ օրուգիշեր կհամոզեն քեզ, որ դու ես միակն ու անփոխարինելին եւ, ի վերջո, ինքդ կզարմանաս՝ այո, ես գիտեի, որ լավն եմ, բայց մի՞թե այդ աստիճանի լավն եմ։

Ու հետո սեղանից հեռանալն իրոք անհնար է դառնում, քանզի ինքդ էլ քաջ գիտակցում ես, որ դու այդչափ լավն ես միայն, քանի դեռ նստած ես սեղանի շուրջ, իսկ հենց որ հեռացար սեղանից, միանգամից կդառնաս շատ սովորական մի մարդ, քեզ կմոտենա հասարակ մի կին ու զայրացած կհարցնի՝ հը՞, երբ ես պատասխան տալու արածներիդ համար։ Ու ծանր է լինելու վերադարձի ճանապարհը, ասենք՝ դեպի Մատենադարան։

Իսկ հետո կարող են չիլիական բռնապետի նման բռնել Լոնդոնում ու հաշիվ պահանջել։ Կամ դատել քո սեփական երկրում, ինչպես կորեացիները վարվեցին իրենց երկու նախագահների հետ, կամ ինչպես հենց այսօր արեցին Զիմբաբվեի բնակիչները՝ իրենց նախկին նախագահ Բանանային դատապարտելով 10 տարվա ազատազրկման։ Կամ առնվազն կարող են 3000 էջանոց քաղաքական գնահատական տալ, ինչպես անցած տարի արեցին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։

Եվ, ուրեմն, կարելի է հասկանալ Բորիս Ելցինին, որը, եթե իհարկե հավատանք ռուսաստանյան մամուլին, մի անգամ իր հարազատներին խոստովանել է՝ կուզեի մահանալ նախագահ եղած ժամանակ։

Հեյդար Ալիեւը դժվար թե նման խոստովանություն արած լինի եւ դրա կարիքն էլ չկա՝ պարզապես դժվար է պատկերացնել Ադրբեջանն առանց Ալիեւի, եւ այնտեղ չի էլ քննարկվում այն հարցը, թե ինչ է լինելու Ադրբեջանում Ալիեւից հետո, թվում է, որ այդ ժամանակը երբեք չի գա։

Իսկ եթե հանկարծ նման բան, այնուամենայնիվ, պատահի։ Մի բան երեւի կարելի է հաստատ պնդել՝ այդ հեռանկարը Ղարաբաղին որեւէ լավ բան չի խոստանում՝ ով էլ գա նրանից հետո, ասելու է, տեսաք՝ նա չլուծեց, ես կլուծեմ եւ կփորձի։ Թե ինչով է ավարտվելու այդ փորձը, դժվար է ճշգրտորեն ասել, բայց եթե ասենք, որ երկու ժողովուրդների ռազմական բախումը շատ ավելի վատ բան է, քան այդ ժողովուրդների լուռ, բայց անարյուն առճակատումը, երեւի կհամաձայնվեք։

Այնպես որ, Անկարայում բուժվող Հեյդար Ալիեւին կարելի է երեք բան մաղթել. նախ՝ առողջություն, երկրորդ՝ շատ երկար կյանք եւ երրորդ՝ Ղարաբաղյան հարցի անարյուն լուծում։

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Նյութը հնչել է «Ազատություն» ռադիոկայանով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031