Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի. Հակոբ Արշակյան

Մայիս 14,2024 22:55

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը:

Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:

ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի` 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ նշանավորել Մարիան Քերիի անձնական ներդրումը՝ Սլովակիայի խորհրդարանում 2020 եւ 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման գործում:

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով  տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, հանգամանալից ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ հստակ կարեւորելով տարածքային ամբողջականության սկզբունքն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հանձնառությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը եւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռվող հնարավորությունները՝ ընդգծելով, որ ծրագրի հիմքում դրված են ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության եւ հավասարության առանցքային սկզբունքները:

Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ Սլովակիայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Մարիան Քերին ողջունել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Սլովակիա եւ գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Սլովակիայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Նա աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:

Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանականների ջերմ աշխատանքային մթնոլորտն ու սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի` Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

 

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031