Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նորաձեւություն

Մարտ 19,1999 00:00
hanguyc

Վերջին մեկ տարում գրեթե մոդայիկ (նորաձեւ) է դարձել տալ նախորդ իշխանությունների գնահատականը։ Ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում վերոհիշյալին հավատարիմ կրկին հավաքվել էին արդի քաղաքական մտքի կարկառուն ներկայացուցիչների լիբերալ-դեմոկրատական թեւի (նաեւ մի քանի բացառություններ, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը) ներկայացուցիչները եւ լրջորեն վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը, հասան մինչեւ հնարավոր զարգացումները։ Վերջին ելույթ ունեցողներից էր Աշոտ Բլեյանը, որը հիշեցրեց վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվա մասին եւ ընթերցեց վերջինիս վերջին հրապարակումներից մի հատված։ Մի քանիսը փորձեցին թեթեւ ծափահարել։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով, շարժումից հետո ձեւավորված իշխանությունը չկարողացավ իրականացնել իր իսկ վերարտադրությունը։ Իսկ 1998-ին կատարվածը սովորական իշխանափոխություն չէր, այլ՝ գաղափարական հեղաշրջում, այսինքն, «մերժվեց պետականության գաղափարախոսությունը եւ սկսվեց ազգայնականը»։ Եվ իզուր է խոսել նախկինների ու ներկաների մասին, քանի որ «ովքեր ընդունել են նոր գաղափարախոսությունը, ուրեմն ներկա իշխանություն են, ովքեր չեն ընդունել՝ նախկին»։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով, այսօր Հայաստանում վարվող քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանի խիստ բեւեռացմանը։ Իսկ Արցախի հարցով շարունակում են զբաղվել ոչ թե «ազգովին», այլ՝ «մարդկանց մի խմբով»։

Արա Սահակյանի ելույթը, թերեւս իր կառուցվածքով եւ բովանդակությամբ նկատելիորեն տարբերվեց։ Սակայն մի բանում բոլոր ելույթ ունեցողները միակարծիք էին՝ իշխանությունները խիստ նվազեցրել են լիբերալ-դեմոկրատիան երկրում, եւ մնում է, որ վերջինս ինքն իր համար ճանապարհ հարթի։ Առաջ անցնելով ասեմ, որ այս ամենն ի վերջո դուր չեկավ Շանթ Հարությունյանին։ Նրա կարծիքով, երեկվա բանավեճը ազգայնականի դեմ դատ էր կազմակերպել։ «Կարելի է լինել նույնիսկ լիբերալ-դեմոկրատ, սակայն հեղափոխական լինել հարկավոր չէ»։

Արա Սահակյանը, ի թիվս այլ հետաքրքիր բաների, շեշտեց Ռոբերտ Քոչարյանի «վոժդիստական» կեցվածքը «առանձնապես մի քանի լրագրողների հետ անցկացվող պարբերական հանդիպումներում»։ Վիգեն Խաչատրյանը իր վերջին խոսքում խիստ կարեւորեց «նոր քաղաքական ուժի անհրաժեշտությունը, որը կարող է հստակեցնել իր սկզբունքները։ Այդ նոր քաղաքական ուժը պետք է նորովի ներկայանա եւ ասպարեզ բերի նոր մարդկանց, որոնք հավատ կներշնչեն եւ համոզմունքներ կունենան»։

Հրանուշ Խառատյանի կարծիքով, երկրում այս «բարդ տարիների ընթացքում խախտվել է ամենամեծ արժեքը՝ սովորական մարդու պաշտպանվածությունը»։

Բանավեճի ամբողջ ընթացքում գրեթե կարմիր թելի նման անցնում է բոլոր լիբերալ-դեմոկրատական ուժերի համախմբման միտքը, սակայն, ասվեց, թե դա չպետք է լինի մեխանիկական համախմբում։

Բանավեճի ընթացքում ժամանակ առ ժամանակ ծլնգում էր Շահեն Պետրոսյանի թաքցրած հեռախոսը, իսկ Բաբկեն Արարքցյանը ծխե՜ց-ծխե՜ց մինչեւ վերջ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Բանավեճի հետաքրքիր ելույթներին (հատկապես Արա Սահակյանի) առավել մանրամասն կանդրադառնանք վաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031