Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հարաբերականության տեսությունը եւ հանդիպում կազմակերպելու արվեստը

Ապրիլ 10,1999 00:00
Gravitacia

Ֆիզիկայի մասին գիտելիքներս, ցավոք, հարաբերականության տեսությամբ սահմանափակվում են։ Իսկ ֆիզիկոսների մասին մինչեւ երեկ մտածում էի, թե քչախոս են։

Կամ չարաչար սխալվեցի, կամ էլ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանն այնքան վառված էր կրթության ու գիտության արդի վիճակով, որ ստիպված էր մի քիչ շատ խոսել։ Պրն Չիլինգարյանն այնքան շատ խոսեց, որ մոռացավ ներկայացնել իր հյուրին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանին։ Պրն Չիլինգարյանը վրդովված էր վերջերս Գիտությունների ակադեմիայի նախագահության հաշվետու նիստի ժամանակ ՀՀ նախագահի, վարչապետի եւ կրթության ու գիտության նախարարի ելույթներից ու նրանց վերաբերմունքից՝ գիտության ու կրթության նկատմամբ. «…Հիմա էլ նախարարությունները ձեւավորվում են կուսակցական սկզբունքով։ Բերեք հասկանանք, որ գիտությունն ու կրթությունը մեր ազգի համար ավելի բարձր են, քան ցանկացած կուսակցություն։ (…) Ես ոչ մի բան չունեմ ոչ Դաշնակցության, ոչ ՀՀՇ-ի դեմ՝ ինքներդ գիտեք ով ով է, բայց չի կարելի նախարարություն կառուցել ինչ-որ կուսակցական պատվերով»։

Հետո ասվեց, թե փոխանակ չինովնիկական ուռճացած ապարատը կրճատեն, փակում են գիտական թեմաները, որովհետեւ փող չունեն, ուսանողների թիվն են կրճատում՝ դարձյալ փողի պատճառով. «Բայց մերը ոչ մուսկուլներն են, ոչ էլ գյուղատնտեսությունը։ Մերը խելքն է, ուրեմն դա պետք է օգտագործենք»,- եզրակացրեց պրն Չիլինգարյանը։ Կրթության օրենքը մերժվեց, ասելով, թե այն չի արտացոլում մեր հասարակության իրական պահանջները։ Այն գրվել է միայն մեկ նպատակով. «Պետության վրայից գցել կրթության բեռը»։ Օրենքը որակվեց «դեկլարատիվ»։ Պրն Չիլինգարյանի ասելով. «Մենք չենք ասում փող տվեք, որ գիտությունն ու կրթությունը զարգանան, մենք ասում ենք՝ տվեք վերաբերմունք»։

Պրն Չիլինգարյանը լավ էր խոսում, սակայն խոսում էր անընդհատ։ Իսկ փոքրիկ դահլիճի առաջին երեք շարքերը զբաղեցրած լրագրողների ուշքն ու միտքը մի բան էր միայն՝ երբ կխոսի հյուրն անձամբ։ Հյուրը, ինքն էլ մի քիչ «իր ափսեում» չէր զգում ինքզինքը։ Վերջապես հերթը հասավ նաեւ Սերգեյ Բադալյանին ու նա ասաց. «Ես 11 տարի չեմ եղել համալսարանում» հասկանալի պատճառներով՝ «ներկայացնում եմ արմատական ընդդիմությունը»։ Թեմայի հետ կապված, ընկեր Բադալյանը լիովին կիսեց ակադեմիկոսի տեսակետը։ Նա էլ ասաց, թե կրթության մասին օրենքը «սահմանումների հավաքածու է՝ երբեմն իրար հակասող»։ Իսկ վերոհիշյալի քննարկումը «բացահայտ խայտառակություն էր», քանի որ քննարկման ներկա խոշոր բուհերի ռեկտորներից ոչ մեկին հնարավորություն չտրվեց արտահայտվել։

Հավանաբար նկատեցիք, որ հանդիպումը կրթագիտական ուղղվածության էր։ Թեմայի մասին նախօրոք չզգուշացված որոշ լրագրողներ խիստ հիասթափված էին, սակայն դրա փոխարեն մի խումբ գիտնականներն ու Հայկոմկուսի ակտիվ մասը ուշադրությամբ լսեցին մինչեւ վերջ։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930