Լայնորեն հայտնի է, որ ԽՍՀՄ-ը ուներ կրթության հետաքրքիր համակարգ, որի բովանդակությունը ժամանակի ու գիտատեխնիկական առաջընթացի պահանջներին ներդաշնակ փոփոխվում էր:
Այդ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը կրթության ոլորտը գիտա և ուսումնամեթոդական մշակումներով ու համապատասխան գրականությամբ ապահովելն էր: Հրատարակվում էին բարձրակարգ ճյուղային ամսագրեր, ուսումնամեթոդական և գիտահանրամատչելի գրականություն՝ այդ թվում նաև Հայաստանում:
1991-ից հետո հիմնականում դադարեցին մեր կրթության համակարգին խիստ անհրաժեշտ այդ ամսագրերի, գրքերի մուտքը, իսկ որոշ ժամանակ անց դադարեց նաև «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հայատառ հավելվածի գործունեությունը:

Նման պայմաններում կրթության և գիտության մի խումբ նվիրյալների առաջարկությամբ և ջանքերով հիմնադրվեց ու 1998-ի հունիսին հրատարակվեց «Բնագետ» հանդեսը, որը արժանի ընդունելություն գտավ մանկավարժների, դասախոսների և սովորողների մոտ ու հրատարակվում էր մեծ տպաքանակով և ԿԳ նախարարության անմիջական ֆինանսավորմամբ ՀՀ, Արցախի, Սփյուռքի դպրոցներին տրամադրվում էր անվճար: Ի դեպ, այս համակարգը հաջողությամբ աշխատեց մինչև 2021-22 ուստարին…
Կարդացեք նաև
Կրթական բարեփոխումների ընթացքը այնպիսին էր, որ լուրջ գիտամեթոդական քննարկումների ու անհրաժեշտ առաջարկությունների ու երաշխավորագրերի պահանջը կար և այդ նկատառումով 2008-ին հրավիրվեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական կրթական առաջին գիտաժողովը, որը տեղի ունեցավ ԵՊՀ-ում: Պետք է նշել, որ առանց Մայր բուհի վճռորոշ դերակատարման այդ ժամանակ անհնարին կլիներ և «Կրթությունը և գիտությունը Արցախում» և «Բնագետ» հանդեսների հրատարակումը, ինչպես նաև համահայկական այս գիտաժողովի հրավիրումը: Առանձնապես վճռորոշ էր բովանդակային առումով ներդրումը:

Գիտության հանրամատչելիացման խնդիրը մեր ժամանակներում խիստ պահանջարկված է և հուզում է աշխարհի բոլոր գիտական կենտրոններին ու գիտական հանրությանը: Բանն այն է, որ գիտությունը, մասնավորապես բնական գիտությունները լինելով քաղաքակրթական զարգացումների հիմքում և ըստ էության դառնալով համամարդկային մշակույթի կարևոր մաս, այժմ կարծես չունեն այն ձգողական ուժը, որի շնորհիվ հատկապես մատաղ սերունդը ցանկանա ընկղմվել նրա խորխորատներում, ծանոթանա նրա բացահայտված գաղտնիքներին ու այդ հենքի վրա ինքն էլ իր հերթին բացի բնության դեռևս անհայտ գաղտնարանները…
Այդ է պատճառը, որ գիտության նշանավոր դեմքեր, դասախոսներ, ուսուցիչներ փորձում են բարդ, ինչ-որ տեղ դժվար ընկալելի գիտությունը հնարավորինս պարզ ու ընկալելի ձևերով ներկայացնել ինչպես հանրությանը, այնպես էլ սովորողներին:
Այս պահանջը վերոնշյալ գիտաժողովի կազմակերպիչներին հուշեց, որ հանրամատչելիացումը անհրաժեշտ է դիտարկել, որպես գիտական տվյալ ուղղության արդյունավետ ուսուցման կարևոր պայմաններից մեկը: Այդ տեսակետից գիտության հանրամատչելիացման խնդրի լուծման բանալիներից մեկը և միգուցե կարևորը գտնվում է կազմակերպված ուսուցման տիրույթում՝ դպրոցում, քոլեջում և համալսարանում:
Վերոնշյալ խորագրով հերթական գիտաժողովները՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ, որոնք հրավիրվեցին՝ 2024, 2025 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ-ում և օրերս Երևանի թվ 155 դպրոցում գիտական քննարկումների են հրավիրել բազմաթիվ գիտնականների, դասախոսների, ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների ու ասպիրանտների:
Նման հարթակը ՀՀ-ում գիտության հանրամատչելիացման ու գիտությունների հիմունքների արդյունավետ ուսուցման տեսանկյունից իր մասնագիտական ներուժով եզակի է ու պատահական չէ, որ օրերս հրավիրված գիտաժողովին զեկուցումներ էին ներկայացրել ավելի քան 60 գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ ՀՀ գիտական, բուհական և հանրակրթական հաստատություններից:
Պրոֆեսորներ Լիդա Սահակյանը, Հայկ Սարգսյանը, Սամվել Պիպոյանը, դոցենտներ Նելլի Ադամյանը, Մարա Պետրոսյանը, Լիլիթ Աթաբեկյանը, Վ. Ոսկանյանը, Գ.Վարդանյանը, Գ.Հայրապետյանը, Վ. Մանուկյանը, Լ.Հակոբյանը, Ռ. Գրիգորյանը, Ա. Ենգիբարյանը, մաթեմատիկայի դասագրքեր հեղինակ, ֆ.մ.գ.թ. Գագիկ Աղեկյանը և ուրիշներ ոչ միայն հանդես եկան իրենց հետաքրքիր զեկուցումներով, այլև ղեկավարեցին համապատասխան մասնախմբերը ու նաև առաջիկայում տպագրության կնախապատրաստեն 9-րդ համահայկական գիտաժողովի նյութերի ծավալուն ժողովածուն:
Գիտաժողովի լիագումար նիստերում Հայկ Սարսյանը հետաքրքիր, ուսանելի և հակիրճ ձևով ներկայացրեց քվանտային գիտության 100-ամյա նվաճումները, Լիդա Սահակյանը ներկայացրեց բնագիտական կրթության առանձնահատկությունները 21-րդ դարում, վեր հանելով նաև մեզ մոտ առկա թերացումները, Շահանե Տիգրանյանը զեկուցեց ԱԲ-ի կրթական հնարավորությունների և առկա ռիսկերի մասին, Գագիկ Աղեկյանը ներկայացրեց մաթեմատիկայի նոր դասագրքերի ստեղծման ելակետերը, դրանց կիրառման փորձը, իսկ Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանը ներկաներին պատմեց սովորողների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություններ առաջացնելու սեփական փորձի մասին՝ հընթացս ներկայացնելով հարուստ ցուցադրական նյութեր էքսկուրսիաների, գիտնականների հետ դպրոցում կայացած բազմաթիվ հանդիպումների և այլ միջոցառումների մասին:
9-րդ գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը, ԵՊԲՀ դեղագործական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը և Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցը, առաջին անգամ կազմակերպվեց դպրոցում և ի պատիվ թիվ 155 դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների, տնօրեն Ն. Մանվելյանի ակտիվ ու ստեղծագործ մոտեցումների, գիտաժողովի ավելի քան 150 մասնակիցներ այդ օրը հաճույքով լսեցին և ունկնդրեցին աշակերտների գիտաուսումնական և մշակութային հետաքրքիր զեկույցները, ներկայացումները ու նախագծային կիրառական ցուցադրումները:
Գիտաժողովում լայն քննարկման առարկա դարձավ գիտությունը դպրոց մտցնելու, Աշակերտական գիտական ընկերության (ակումբի) կազմավորման խնդիրը, STEM և STEAM կրթության հարցերը, Ֆիզիկայի, մաթեմատիկայի, թվային գրագիտության, կենսաբանության, աշխարհագրության ուսուցման և հանրամատչելիացման հիմնախնդիրները:
Լիագումար և մասնախմբային զեկույցներում, մասնակիցների ելույթներում հնչեց այն միտքը, որ ներկա թվային, տեխնոլոգիական դարաշրջանում, տեղեկատվական հասարակության պայմաններում, երբ բանականության կողքին արդեն գործում է նաև ԱԲ-ն, երբ վաղուց արդեն դասախոսն ու ուսուցիչը գիտաուսումնական տեղեկույթի միակ աղբյուրը չեն, երբ դարերի ընթացքում ստեղծված ուսուցման տեսությունը, մասնավորապես վերոնշյալ ուղղություններով ենթարկվում է լուրջ փոփոխությունների, անհրաժեշտաբար պետք է դասական, գործող դիդակտիկան վերաճի թվային ու ԱԲ դարաշրջանի ուսուցման տեսության՝ հենվելով դասական տեսության դարավոր ձեռքբերումների վրա՝ նորաստեղծ գիտական գիտելիքը դարձնելով ուսումնական կիրառելի գիտելիք…
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ու ելույթներ ունեցան ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ու ոլորտի հայտնի ներկայացուցիչներ:
Վերջում տեղի ունեցավ արդյունքների ամփոփում և վկայագրերի հանձնում:
Կամո Աթայան
«Առավոտ» օրաթերթ
10.11.2026



















































