ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԵՊՀ-ում տեղի ունեցած ձերբակալություններին։
Հարցին, որ կա տեսակետ՝ կալանավորված Էդիկ Մինասյանի և Վարդան Այվազյանի վերաբերյալ գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Ես խորապես համոզված եմ, որ մենք իրավական երկիր ենք, և բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են իրավական դաշտում, իրավական դաշտում էլ պիտի լուծում ստանան։ Ձեր նշած հարցերը վերաբերում են կոռուպցիոն հանգամանքներին։ Նախաքննությունը հենց դրա համար է, որպեսզի բոլոր այդ հանգամանքները պարզեն, և դրա արդյունքում նաև համապատասխան դատական պրոցեսներ կլինեն կամ կլինի այլ որոշում։ Հարգելով մեր երկրում գործող իրավական կարգը, այդ թվում՝ ցանկացած քաղաքացու անմեղության կանխավարկածը՝ ես այս պահին որևէ այլ բան չեմ կարող ասել»,- նշեց Անդրեասյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր հայացք ունեցող դասախոսներին աշխատանքից ազատելու մասին հարցին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Այդ դասախոսները, որոնց վկայաբերում եք, այդ դեպքերում էլ են դատարան գնում։ Էլի նույն տրամաբանությամբ եմ առաջարկում առաջնորդվել։ Մարդիկ կան, ովքեր վիճարկում են իրենց աշխատանքից ազատելու որոշումները, կլինի համապատասխան իրավական գործընթաց, իրենք կներկայացնեն իրենց հիմնավորումները, բուհը կներկայացնի իր հիմնավորումները։ Ով ճիշտ կլինի, ենթադրում եմ՝ այդպես էլ կլինի որոշումը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































