Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՆԵԳԻՆ ՈՒ ՖՐԵՅԴԸ ԱԻՄ-Ի ԴԵՄ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՔԱՐԻՆ ԵՆ ՏՎԵԼ

Ապրիլ 17,1999 00:00
Paruyr Hayrikyan

ԱԻՄ-ցիների մոտ երեկ ուսուցման ծրագրի նախընտրական աշխատանքների կազմակերպման ուսուցման դասընթացների օր էր։ Ցավոք ես դասընթացին միայն երկրորդ մասից միացա։ Առաջին հատվածում, ըստ ծրագրի, նախընտրական աշխատանքների կազմակերպման, ներկա իրավիճակի, կուսակցությունների ու քաղաքական գործիչների, նախընտրական քարոզչության ռազմավարության եւ մարտավարության շուրջ է դասն ընթացել։

45 րոպե ճաշ-ընդմիջումից հետո սկսվեց երկրորդ մասը։ Պարույր Հայրիկյանը կարեւորեց այսօր օպերայի դահլիճում կայանալիք միջոցառումը եւ ներկաներին խնդրեց միջոցառման ընթացքում ԱԻՄ-ի երգերի գոնե կրկներգերը միասին, երգչախմբի հետ երգել։ Ասաց նաեւ, որ Ինքնորոշում միավորման կազմակերպչական կարեւորագույն ավանդույթներից մեկն այն է, որ բոլոր արարողությունները սկսվում են հոգեւորականով եւ աղոթքով։ Ընթերցեց 88 թվին մի ԱԻՄ-ականի կողմից գրված աղոթք, որը միջոցառման սկզբում կընթերցվի՝ «Հայր մեր»-ից հետո։ Ներկաներից մեկն առաջարկեց իր գրած աղոթքը, բայց ընթերցման հավանություն չտրվեց։

Ապա բոլորը միասին ոտքի կանգնած երգեցին-փորձեցին ԱԻՄ-ի երգերի կրկներգերը. ըստ Պ. Հայրիկյանի վերջին տասնամյակում ծնված երգերը միայն ԱԻՄ-ը ունի, Դաշնակցության երգերն էլ շատ հին են։

Երգեցողության դասից հետո ընթերցվեց «Քարոզչության հոգեբանություն» լեկցիան (30 րոպեանոց)։ Լեկցիան այն մասին էր, թե ինչպես ժողովրդին ճիշտ համոզեն, որ ԱԻՄ-ին ձայն տան, որ հենց ԱԻՄ-ը կօգնի բոլորի ցանկությունների իրականացմանը։ Ասեմ (մի օր պետք կգա), որ «դասախոսը» քարոզչությունը երկու ձեւերի էր բաժանել՝ ուղղակի եւ անուղղակի։ Ուղղակին՝ բաց տեքստովն է, որը ազդում է հիմնականում 18-25 եւ 70 եւ ավել տարիքային խմբերի մարդկանց վրա։ Այդ բարդ միտքն ավելի պարզեցնելու համար մոտավորապես այսպիսի օրինակ բերվեց՝ եթե մենք խնձորի մասին ենք խոսում, ուրեմն չպետք է խոսենք տանձի ծառից։ Իսկ անուղղակին, որը հեշտությամբ ընկալում են 30-60 տարիքային խմբերի մարդիկ, տողատակերով է ասվում։

Քարոզչին անհրաժեշտ առաջին նախապայմանը, պարզվեց՝ սրտանց, ոչ կեղծ ժպտալն է. դասախոսողը ԱԻՄ-ականներին խորհուրդ տվեց տանը սրտանց ժպտալու փորձարկումներ անել. «Առավոտյան արթնացեք, նայեք հայելու մեջ եւ ասեք՝ այսօր ես պետք է ազատվեմ իմ դեմքի մռայլ արտահայտությունից։ Ես այսօր ժպիտով պիտի դիմավորեմ իմ մերձավորներին, երեխաներին կամ կնոջը»։ Ներկաներից մեկը նկատեց՝ «նաեւ զոքանչին»։ Դասախոսության հեղինակն այս 10 տարիների ընթացքում նկատել է, որ հայ մարդկանց ենթագիտակցության ու գիտակցության մեջ հատկապես լուրջ կուտակումներ են առաջացրել «չ» ժխտական ածանցով սկսվող բառերը, օրինակ՝ «չունենք, չկա…»։ Խորհուրդ տվեց քարոզչության ժամանակ «ծով համբերությամբ լսել դիմացինին», եւ փորձել հանել այդ «չ»-երը, մարդու տեսակը, գործունեությունն ու մասնագիտությունը գլխի ընկնելու դեպքում՝ խոսել տվյալ մարդու (կամ մարդկանց) ակնկալիքներից. «Քանի որ մարդու համար ամենամեծ արժեքը սեփական եսն է» (այսպես մեկնաբանվեց)։

Դիմացինին՝ ԱԻՄ-ի համոզմանը բերելու համար խորհուրդ տրվեց չվիճել, հարգել դիմացինի տեսակետը՝ առանց ասելու, որ նա սխալ է։ Դասախոսության թեմայի շուրջ ԱԻՄ-ականների մոտ «լուրջ» հարցեր ծագեցին. «Քարոզելիս մեզ շատախոսության մեջ չե՞ն մեղադրի»։ Երեւի հարցն այն մասին էր, թե ինչքան խոսեն։ «Դասախոսուհին» ժեստերով բացատրեց. «Եթե դուք խոսելիս զգում եք, որ դիմացինը աչքերը չի թարթում (մատներով ցույց էր տալիս թարթելու արագությունը- Ս. Ս.), ուրեմն ուշադիր լսում է՝ շարունակեք խոսել»։ ԻՄ խմբակցության անդամ Մեխակ Գաբրիելյանն իր կյանքի փորձից խոստովանեց, որ Արմինեի՝ դասախոսության հեղինակի բոլոր ասածները տնեցիների առաջ փորձարկել է եւ արդյունք է ունեցել։ Մ. Գաբրիելյանը գյուղերում ապրող իրենց կուսակից տղամարդկանց խորհուրդ տվեց նախընտրական քարոզչության ընթացքում ամեն օր սափրվել։ «Սրտանց ժպտալու» ձեւերն ու մեխանիզմները մանրամասն քննարկվեց, մի կին էլ վերջում զգուշացրեց տխուր բանի մասին խոսելիս հանկարծ չժպտալ (ու մի ազդեցիկ դեպք մեջբերեց իր կյանքից)։

«Ժողովուրդը հույսը կորցրել է, հուսադրե՞նք»՝ հարցին դասախոսը պատասխանեց՝ «Սկզբից նրանց հույս տվեք, հետո՝ քարոզեք»։ Մեկն էլ, որ լավ չէր հասկացել՝ ինչ է անուղղակի քարոզը, խնդրեց օրինակ բերել։ «Օրինակ, եթե գետակի մասին պիտի պատմեք, սկսեք հեռվից՝ կողքի սարերից, ջրերից…»։ Եվ այդ թեմայով վերջին հարցը՝ «Եղել է ելույթ, որ ոչ մի ռեակցիա չի առաջացրել, ի՞նչ անենք»։ «Հարց ու պատասխանի անցեք»,- ամբիոնից հնչեց պատասխանը։ Ավելացնեմ, որ բոլոր հարցերն ու հնչած իմաստուն մտքերը սկսած՝ ինչպես ժպտալուց, ԱԻՄ-ականները թերթիկների վրա կետ առ կետ նշում էին, որ չմոռանան։

Եվս 30 րոպե տեւեց պետաիրավական բարեփոխումների մասին զեկույցը։ Հավաքվածների համար նյութը մի քիչ դժվարամարս էր. հարցեր չկային։ Միայն մեկը խորհուրդ տվեց ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերող պետաիրավական փոփոխություններին վերաբերող գլուխների մասին խոսելիս չասել՝ «Նախագահի գլուխը, ԱԺ նախագահի կամ վարչապետի գլուխները»։

30 րոպե էլ պետք է տեւեր տնտեսական թեմայով զեկույցը։ Ներկայացվում էր ԱԻՄ-ի տնտեսական ծրագիրը։ Ասվեց, որ ԱԻՄ-ը ընտրվելու դեպքում պետք է կտրուկ իջեցնի հարկերը՝ 50 տոկոսով եւ դրանց հաշվին պետք է բարձրացվեն աշխատավարձերը։ Նվազագույն աշխատավարձը կազմելու է 150 դոլարին համարժեք գումար։ Ու մի քանի անգամ կրկնվեց, կրթվող քարոզողներին էլ շեշտվեց՝ ժողովրդին մի քանի անգամ ասել, որ այդ ամենին հասնելու համար ընդամենը 3 ամիս է պետք։ ԱԻՄ-ականները սա հատկապես գրանցեցին իրենց նշումների թերթիկների վրա։ Ցավով եմ հայտնում, որ տնտեսական ելույթի կեսից ստիպված էի լքել սրահը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930