Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Ապրիլ 27,1999 00:00
evraxorhurd

Ապրիլի 26-ին Ստրասբուրգում աշխատանքն սկսած Եվրախորհրդի խորհրդարանական հերթական վեհաժողովը նշանակալից է հատկապես նրանով, որ համընկել է վերոնշյալ կառույցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարություններին։ Եվրախորհրդի մեծադիր շենքի առջեւ վեր է խոյացել 41-րդ երկաթե ձողը, որն ապրիլի 27-ին արդեն հասցեագրված է լինելու՝ կրել Վրաստանի դրոշը։ Այդ արարողությանը ներկա կլինի նաեւ Վրաստանի նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն։

Ինչեւիցե, ամենուր հանդիպումներ են, նախապատրաստություններ, հրավերներ, որոնք նախորդում են 50-ամյակի հանդիսություններին։ Բնականորեն, այս օրերին ակտիվ է նաեւ հայկական խորհրդարանական պատվիրակությունը, որը նստաշրջանի ընթացքում ավելի քան 15 հանդիպում է ունենալու տարբեր պաշտոնյաների եւ եվրոպական տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների հետ։

Այս շարքում առաջին հանդիպումը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսի հետ տեղի ունեցավ, որին հայկական խորհրդարանական պատվիրակությունը ներկայացավ իր նախագահով եւ քարտուղարով՝ Արմեն Մարտիրոսյանով եւ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանով։

Ողջույններ փոխանակելուց հետո Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Հայաստանում շատ է կարեւորվում Եվրախորհրդին անդամագրվելու հարցը։ Իբրեւ պատվիրակության նախագահ՝ ինքը նշանակվել է փոխարտգործնախարար։ Այս առիթով Դանիել Տարշիսը շնորհավորեց Արմեն Մարտիրոսյանին եւ հարցն ուղղեց նրան, թե արդյո՞ք դրական գործընթացներ կան Մինսկի խմբի գործողություններում։

Հայկական կողմը ներկայացրեց իր փաստարկները՝ նախեւառաջ արձանագրելով, որ Ադրբեջանը մերժել է Մինսկի խմբի վերջին առաջարկությունները, որոնք ընդունելի են համարվել Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, թեպետ այդ կոնստրուկտիվ դիրքորոշումը վերջիններիս հեշտ չի տրվել։ Այո, այս հողի վրա, ինչպես նշեց Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանում լուրջ հիմնախնդիրներ գոյություն ունեն ընդդիմության հետ, սակայն մեր իշխանությունները գնացել են այդ քայլին։ Վերջին շրջանում այլ ձեռնարկներ էլ են եղել, ու էլի՝ նպատակաուղղված բանակցությունների դաշտի ձեւավորմանը։ Ասենք, նախորդ տարվա ավարտին նույն Եվրախորհրդի հովանու ներքո հրավիրվել է խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում՝ Փարիզում։

Այս եւ այլ փաստեր մատնանշելով, Արմեն Մարտիրոսյանն արձանագրեց, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից վերջին առաջարկների ներկայացվելուց ի վեր, խնդրո առարկա հարցի նկատմամբ Հայաստանը շատ ավելի կառուցողական դիրքորոշում է ունեցել, քան ադրբեջանականը։

Այնուհետեւ պրն Տարշիսը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում հայկական կողմը։ Վրաստանի՝ Եվրախորհրդին անդամագրվելու մասին Արմեն Մարտիրոսյանն արձանագրեց, որ ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ բոլոր կուսակցությունները ողջունում են Վրաստանի մուտքը Եվրախորհուրդ, որովհետեւ այդպիսով հաստատվելով անդրկովկասյան տարածաշրջանում, Եվրոպան ավելի է մոտենում մեզ։ Արմեն Մարտիրոսյանն արձանագրեց նաեւ հետեւյալը. Վրաստանի առջեւ մի շարք նախապայմաններ են դրվել, օրենքների ընդունման եւ ազգային փոքրամասնությունների եվրոպական կոնվենցիայի հաստատման առումով։ Հայաստանն այդ կոնվենցիան վաղուց հաստատել է եւ ավարտել օրենսդրական բարեփոխումների կարեւոր փուլը՝ այժմ Հայաստանում գոյություն ունի եռաստիճան դատական համակարգ։

Ինչ վերաբերում է տնտեսական փոփոխություններին, ապա, ինչպես ասվեց Դանիել Տարշիսին, ռուսաստանյան ճգնաժամը շատ ավելի ծանր անդրադարձավ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա, որոնց շուկաներն ավելի շատ էին կողմնորոշված դեպի Ռուսաստան, քան Հայաստանի, որը ձգտում է իր տնտեսական կապերն առավելապես ամրապնդել եվրոպական ընտանիքի անդամների հետ։

Հայկական կողմը շատ կարեւորեց նաեւ վերջին 5 տարիներին, առանց արտաքին միջամտության, հրադադարի ռեժիմի պահպանումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մատնանշելով ռազմաքաղաքական հավասարակշռության այս դրսեւորումը, հայկական կողմն արձանագրեց, որ, ասենք, Աբխազիայում այդ նույն հրադադարն առարկայանում է ռուսաստանյան զորքերի ներկայությամբ, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության գոտում նույնիսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվում ջրօգտագործման կամ գյուղատնտեսական աշխատանքների կատարման վերաբերյալ։

Դանիել Տարշիսին հետաքրքրում էր մեկ հարց եւս՝ թե ադրբեջանցիները շատ զգայուն են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խնդրում։ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե չի հասկանում այդ տերմինաբանությունը նախեւառաջ իր առարկայական դրսեւորման մեջ։ Չկա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք՝ նրանց մի մասը Ռուսաստանում է՝ մյուս մասը՝ ճամբարներում։ Բացի այդ, նրանք, հակառակ Լեռնային Ղարաբաղի, որն իբրեւ սուբյեկտ պատասխանատվություն է ստանձնում, պարտավորությունների առջեւ չեն կանգնում։ Եվ հետո պետք չէ անտեսել մի կարեւոր հանգամանք եւս. թեպետ Եվրախորհրդում Ադրբեջանի ներկայացուցիչ Մահմեդկուլիեւը նախապես համաձայնել էր մասնակցել բանակցությունների, որին ներկա կլիներ նաեւ Ղարաբաղը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում էլ՝ իրենց համայնքի ներկայացուցիչը, Բաքվում հետագայում գաղափարը հավանության չարժանացավ։ Մինչդեռ վերջիններս կարող էին նույնպես ներկա լինել փարիզյան հանդիպմանը եւ իրենց տեսակետներն արտահայտել։

Այս առումով Դանիել Տարշիսը հայկական կողմին հարկ համարեց ծանուցել, որ պաշտոնական Բաքուն պատճառաբանել է, թե այդպիսով կստացվեր, որ ինքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Մեր տպավորությամբ կարող ենք արձանագրել հետեւյալը՝ իրոք որ հայկական կողմը, Ադրբեջանի հետ համեմատ, վերջին մեկ տարում շատ ավելի կառուցողական դիրքորոշում է ունեցել, սակայն, դա իբրեւ արժեք մատուցելու հարցում թերացումը նկատելի է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930