Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԱՅՆՊԻՍԻ ՍՈՒՏ ԱՍԻ, ՈՐ…

Մայիս 05,1999 00:00
Sut

Ժողովուրդն ասի սուտ է, ձայնազուրկ չի մնա

Մի շարք հայտնի ստախոսներ միանգամից ոգեւորվեցին՝ դրանից էլ հեշտ բան։ Սուտ կասեն, սուտ խոստում կտան, ու խցկվելով խորհրդարան, այնտեղից դուրս ու ներս կանեն ծառայողական մեքենաներով եւ պատգամավորին տրվող այլեւայլ շնորհներով։

Բայց սա հետո, այսօր դեռ սուտ խոստումների ժամանակն է։ Ու քարն արդեն գլորված է։ Պատգամավորության շուրջ 2000 թեկնածուների նախընտրական քարոզարշավ կոչված մարաթոնը թեեւ նոր-նոր է թափ հավաքում, բայց փուչ խոստումներով տարիներ շարունակ կշտացած մարդիկ արդեն սրտխառնոց ունեն։ Ինչպե՞ս են թեկնածուները (մա-մա-ժորիտար-ները՝ միջազգայնորեն եւ մեծամասնականները՝ տեղական) հանդիպում իրենց ընտրողներին։ Եթե թաղում թափ ունեն, գալիս են մի լայն հրապարակում կանգնում։

Մինչ այդ նրանց համար աշխատող մարդիկ (վստահված անձինք՝ միջազգայնորեն եւ «շեստյորկեքը»՝ տեղական) արդեն ծանոթ-բարեկամ-հարեւան-խնամի գծով աշխատած են լինում եւ բոլորին դուրս են քշում հրապարակ։ Թամաշան սկսված է։ Սովորաբար մարդիկ չեն հավատում այն բոլոր խոստումներին, որ տալիս է թեկնածուն, հեգնանքով նայում են ու մտքում, նաեւ՝ բարձրաձայն քրթմնջում՝ փորացավդ ասա։ Հայտնի բան է, թեկնածուի փորացավը ոչ մի «լեւոմիցիտին» չի բուժի, այստեղ ավելի լուրջ դեղ է հարկավոր, եւ դեղատոմսը պետք է ժողովուրդը դուրս գրի՝ ձայն-ձայն-ձայնիկնե՜ր… Փորձված միջոց է, հենց որ թեկնածուն համապատասխան ձայները հավաքում է եւ մտնում է խորհրդարան, փորացավն էլ է մոռանում, դեղն էլ, տիրոջն էլ։ Բայց քանի դեռ չեն մտել խորհրդարան, ինչ քաղցր-մեղցր խոստումներ, ինչ խուճուճ-մուճուճ բառեր, գրեթե ողորմություն խնդրողի անմեղություն։

Հանդիպումներն ընտրողների հետ սովորաբար եզրափակվում են նախընտրական բուկլետների «նվիրատվությամբ»։ Իսկ բուկլետներում հերթապահ-ստանդարտ արտահայտություններն են։ Թեկնածուի անունը եթե փոխես, կստացվի, որ բոլոր թեկնածուները նույն բանն են խոստանում։ Սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող հատվածում տարբերություններ են նկատվում միայն կոմունիստների նախընտրական խոստումներում։ Անխտիր բոլոր թեկնածուները քուն չունեն, հանգիստ չունեն, նրանց ուշքն ու միտքը «Հայոց պետականության կերտումն է»։ Արցախի հիմնահարցի լուծման բանալին բոլոր թեկնածուների գրպանում կա, բոլորն ուզում են հարեւան պետությունների հետ «լավ» լինել, իսկ Ռուսաստանին իրենց հոգում ունեն։ Մոտ 2000 թեկնածուների համար «ընդունելի են սեփականության բոլոր ձեւերը՝ քաղաքակիրթ մրցակցության պայմաններում»։

Խորհրդարանի կոճակները սեղմելու միտքը հանգիստ չի տալիս թեկնածուներին, բայց «ազնվորեն» խոստովանում են, թե իրենց ուզածն ուրիշ բան է, իրենք ժողովրդի լավ են ուզում եւ թութակի նման իրար կրկնելով կենսաթոշակառու, հաշմանդամ, որբ ու միայնակ երեխա, բազմանդամ ընտանիք, զոհված ազատամարտիկի ընտանիք եւ հասարակության սոցիալապես անապահով այլ շերտերի հիշատակելով ոգեւորվում են ու չեն նկատում, որ ինքնաբավարարմամբ են զբաղվում օրը ցերեկով։ 2000 թեկնածուներից միայն մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր իսկապես գիտեն, թե ինչի մասին է խոսքը։ Մյուսներն իրենց շրջապատող շղարշից այն կողմ չգիտեն, թե կյանքն ինչ է։ Բան է, ասում են, ընտրվեցին՝ տերն ո՞վ է։ Նույն ընտրողները դարձյալ մնալու են ԱԺ-ի պարիսպներից այս կողմ, իսկ ընտրյալները հարմար պահի «մկան ծակը հարյուր թումանով են առնելու»։

Այսօրվա (նաեւ երեկվա ու նախորդ օրվա) թեկնածուները այն մուրացիկին են նման, որն իրականում խիստ ապահովված է, եւ հենց ձայները հավաքի, հրեշտակի դիմակը մի կողմ է նետելու եւ հրեշի կերպարանքով մտնելու է խորհրդարան։ Ու շարունակելու են ընդունվել անկատար օրենքներ, այդ օրենքներից ավելի հաստ վրիպակների ժողովածուով, սակագների հերթական ու անտրամաբանական բարձրացումներ են լինելու, անձնական հարցերը լուծվելու են անձեռնմխելիության բարձունքներից, կառավարությանը տափակ եւ թատերականացված հարցեր են տրվելու եւ ստացվելու են նույնքան տափակ պատասխաններ։ Այդ ամբողջ ընթացքում ձեռքի հետ նաեւ դաշնամուր են նվագելու՝ քվեարկության կոճակները սեղմելով։ Ժողովուրդն այս թամաշայի սցենարն անգիր գիտի։

Իզուր էլ այդքան փող են ծախսում եւ նախընտրական նույն ապրանքը տարբեր փաթեթավորմամբ բաժանում ժողովրդին։ Առաջարկում ենք այդ գումարն առավել նպատակային ծախսել, միեւնույնն է վերջին հաշվով բոլոր նախընտրական բուկլետները (անխտիր բոլորը) ի վերջո «ռուլոնով թուղթ» են դառնալու։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31