Լրահոս
Օրվա լրահոսը

«1 ժամվա ընթացքում 2000-3000 մարդ կարող է երթեւեկել ճոպանուղային համակարգով». Շվեյցարական ընկերության փորձագետի գնահատականը՝ «Ապրելու երկրի» նախագծին

Սեպտեմբեր 14,2023 21:12

«Ապրելու երկիր» կուսակցության հրավերով Հայաստան է ժամանել Ճոպանուղիների նախագծման և կառուցման շվեյցարական առաջատար «Բարտոլետ» ընկերության Արևելյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Դմիտրի Սասնովիչը։ Սեպտեմբերի 14-ին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, Կուսակցության համահիմնադիր, ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության այլ թիմակիցներ ու ավագանու թեկնածուներ Դմիտրի Սասնովիչի հետ շրջայց կատարեցին Երևանի այն հատվածներում, որտեղ նախատեսվում է կառուցել ճոպանուղային հանգույցները: Նրանք նաեւ քննարկեցին Երևանում քաղաքային ժամանակակից ու անվտանգ ճոպանուղու համակարգ ներդնելու հեռանկարները, համագործակցության հնարավոր ուղիները։

Կասկադում՝ լրագրողների հետ զրույցում Դմիտրի Սասնովիչն ասաց. «Այս վայրը, որտեղ հիմա գտնվում ենք, սքանչելի վայր է՝ քաղաքային տրանսպորտային համակարգ ներդնելու համար: Այն ընկերությունը, որի ներկայացուցիչն եմ հանդիսանում ես, բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում: Այս վայրը հնարավորություն է տալիս համակցել քաղաքային միջավայրը եւ տրանսպորտային տարբեր միջոցները, ճոպանուղու ներդրումը հնարավորություն կտա բավարարել ինչպես ինչպես քաղաքացիների՝ տեղաբնակների տրանսպորտային կարիքները, այնպես էլ զբոսաշրջիկների, որոնք կարող են զմայլվել հրաշալի վայրերով»:

Թե ի՞նչ խոչընդոտներ կան Երեւանում՝ ճոպանուղու ներդրման համար, նա պատասխանեց. «Նախեւառաջ ճոպանուղու համակարգը հնարավորություն է ընձեռում քաղաքի մի քանի ամենամեծ խնդիրները լուծել: Արդեն իսկ քաղաքում գոյություն ունեն ճոպաններ, ճանապարհներ, որոնք նախագծվել են տարիներ առաջ եւ նոր ճոպանուղի ներդնելով՝ արդիականացման խնդիրը կարող է լուծվել: Երկրորդը՝ ճոպանուղային համակարգը հնարավորություն է տալիս միանգամից ապահովել բազմաթիվ մարդկանց երթեւեկությունը, 1 ժամվա ընթացքում 2000-3000 մարդ կարող է երթեւեկել ճոպանուղային համակարգով՝ անցնելով քաղաքի մի հատվածից մյուսը: Բացի այդ, բնապահպանական առումով բավականին առաջադեմ համակարգ է սա, քանի որ արտանետումների տոկոսը զրոյական է: Անգամ կառուցման ընթացքում արտանետումները քաղաքին վնաս չեն պատճառում՝ օդի աղտոտման առումով»:

Հարցին՝ կա՞ն հստակ ժամկետներ՝ երբ է սկսվելու ճոպանուղու համակարգի ներդրումը եւ համագործակցությունն այս ընկերության հետ ինչպե՞ս ստացվեց՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Շատ կարեւոր է մասնագետների որակյալ կարծիքը մեզ համար, ես ուրախ եմ, որ այդ կարծիքը դրական է: Մենք ուրախ ենք, որ այս աջակցությունը կա: Ինչ վերաբերվում է ժամկետներին, ճոպանուղու ներդրման գեղեցկությունն այն է, որ այն փուլային է: Մենք առաջին գիծը կկառուցենք ենթադրենք 10 ամսում կամ մեկ տարում եւ այն կառուցելուց հետո այն անմիջապես օգտագործման ենթակա է: 3,5 տարում մենք նախատեսել ենք այն ամբողջական ներդնել: Սա մեզ համար աշխատանք է, որն ապացուցելու ենք գործով: Երբ ինձ հարցնում են՝ երբվանի՞ց եք սկսելու, ասում եմ՝ սեպտեմբերի 18-ից: Մարդիկ կարճ ժամանակում կարողանալու են տեսնեն, որ մեր խոստումները իրականություն են դառնում շատ արագ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930