Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՉՈՐՍ ՔԱՅԼ ՀԵՏ

Մայիս 05,1999 00:00
qayl

Թերեւս արդեն ակնհայտ է, որ գոնե մինչեւ 4-օրյա ձերբակալության ժամկետի ավարտը Վանո Սիրադեղյանն ազատ չի արձակվի։ Այս պայմաններում կողմերից յուրաքանչյուրն օրինաչափ եւ ենթադրելի իր քայլերն է անում։

Իշխանությունների քայլերը

ՀՀՇ գործիչները պնդում էին, որ երեկ խուզարկվել է Վանո Սիրադեղյանի տունը։

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր, թե Վանո Սիրադեղյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-133 հոդվածների կարգով եւ դրանց պահանջների պահպանմամբ» է ձերբակալվել եւ դրանից հետո էլ նույն օրենսգրքի 202-204 հոդվածներին համապատասխան է մեղադրանք առաջադրվել։

Դատախազության հայտարարության մեջ նշված է. «Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից պահպանվել են նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, մասնավորապես, նշված հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Վ. Սիրադեղյանին երեք վստահված անձանց թույլատրվել է օրական մինչեւ 2 ժամ տեւողությամբ հանդիպումներ ունենալ նրա հետ» (այս մասին մանրամասն՝ հաջորդիվ)։ Սույն վկայակոչումներն արվել են, մասնավորապես, լրատվամիջոցներով «տարբեր անձանց կողմից նախաքննության մարմնի գործողություններում օրենքների խախտումներ թույլ տալու մասին» հայտարարություններն անհիմն հայտարարելու համար։

Թերեւս նման ճշտումների կարիք չլիներ, եթե նույն օրը հայտնած լինեին, թե ինչ հիմքերով է ձերբակալված Վանո Սիրադեղյանը եւ այդ հոդվածները վկայակոչեին։ Մինչդեռ մայիսի 3-ին մինչեւ ուշ գիշեր դատախազության առջեւ խմբված լրագրողներին այդպես էլ չէր հաջողվում փոքրիշատե ամբողջական պարզաբանումներ ստանալ լրատվության բաժնից։ Գուցե թվար, թե մամուլի դերը չկարեւորելու գործելակերպի հետեւանքն է սա, սակայն մայիսի 4-ի ժամը 21-ի «Հայլուրի» թողարկումը փարատեց կասկածները։ Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալուց հետո առժամանակ կանգ առած քարոզչական մեքենան դարձյալ գործի գցվեց. ե՛ւ հնարքները, ե՛ւ հնչյունավորողները, ե՛ւ շեշտադրումները նույնն էին։ Անգամ ակնհայտ է, թե որտեղից է թելադրվում այս ամենը։ Սակայն, կրկնենք, որ այս ամենն օրինաչափ է արդեն եւ վաղուց հանրահայտ։

ՀՀՇ-ի քայլերը

Իր առաջնորդին առժամանակ կորցրած կազմակերպության գործողություններն էլ էին ենթադրելի՝ ասուլիս, բողոքի երթ եւ ցույց։ Ընդսմին, տեսնել էր պետք ՀՀՇ-ի երթի ընթացքում քաղաքացիների զարմացած հայացքները. վաղուց էր, որ ՀՀՇ-ին այդպես չէին տեսել։ Սակայն՝ ամեն ինչ հերթով։

Նախ՝ դրվագներ ՀՀՇ նախընտրական շտաբի ասուլիսից։ Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանի ձերբակալությունը «Ընտրական օրենսգրքի» խախտում էր։ Խոսքը նաեւ 139 հոդվածի 25-րդ կետի մասին էր, որով արգելվում է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խոչընդոտելը։ Քրեական օրենսգիրքը մինչեւ 5 տարի ազատազրկում է նախատեսում այն անձանց համար, ովքեր կխոչընդոտեն քարոզարշավին։ Տեսնես ՀՀՇ-ն կփորձի՞ կիրառել օրենքով ընձեռված այս հնարավորությունը, թե՞ կշարունակի միայն հայտարարել, որ ապօրինություն է կատարվել։

«Որեւէ կարիք չկար նրան ձերբակալել ինչպես մեզ ներկայացրեց դատախազը՝ այդ միջոցը նրանք ձեռնարկել են, որ Վանո Սիրադեղյանը չբացակայի»,- եթե պրն Իգիթյանի այս վկայությունը ճիշտ է, մնում է միայն տարակուսել՝ մի՞թե իրոք այդ տրամաբանությունն է գործել, թե Սիրադեղյանը արտասահմանից վերադարձել է անմիջապես փախչելու համար։ «Որեւէ խնդիր չկար, ուղղակի ամեն ինչ արվել է փսիխոզի եւ նյարդային վիճակ ստեղծելու համար»,- վստահ էր պրն Իգիթյանը։

«Առավոտը», սակայն, հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանի բացակայության ընթացքում նրա դեմ ուղղակի ցուցմունք տվողների թիվն ավելացավ եւս մեկով՝ Արմեն Տեր-Սահակյանը հայտարարեց, թե Աշտարակի շրջգործկոմի նախագահի եւ Համբարձում Ղանդիլյանի սպանությունները, ինչպես նաեւ՝ Վլադիմիր Գրիգորյանի դեմ մահափորձն իրականացրել է Վանո Սիրադեղյանի հրահանգով։ Մեր հարցին պատասխանելու համար, թե որեւէ մեկ այլ անձնավորության պարագայում, որին նման մեղադրանքներ առաջադրված լինեին, կպահանջեի՞ն, որ նրա խափանման միջոցը կալանքը չընտրվեր, Հովհաննես Իգիթյանը ընտրեց Բաբկեն Արարքցյանի արդեն իսկ օգտագործած փաստարկը եւ հայտարարեց. «Կասկածանքով պիտի նայենք այն բոլոր գործերին, որտեղ որպես վկա հանդես են գալիս կալանավայրերում գտնվող մարդիկ»։ Ինչեւէ։

Արամ Մանուկյանն ասուլիսում խոստովանեց, թե նախորդ օրն իրենց ուղղակի խաբել էին՝ «Դատախազությունում խոստացան, որ պատգամավորական միջնորդություններով ազատման հարցը կլուծվի (…) Խաբեցին նորից, հայտարարելով, որ պիտի մուծվի 500 հազար դրամի չափ գրավ, որ ներկայացված միջնորդությունը պիտի գործեր։ Հետո պարզեցինք, որ այդպիսի բան գոյություն չունի՝ դատախազությունը գրավ վերցնելու իրավունք չունի»։ Հովհաննես Իգիթյանը հայտնեց, որ Սիրադեղյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին էլ է այժմ միջնորդություն ներկայացրել՝ առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Արարատ Զուրաբյանը լրագրողներին տեղյակ պահեց, որ Սիրադեղյանը հրաժարվել է ցուցմունք տալ դատախազությանը եւ մի քանի առերեսումներից բացի՝ «Նրանից ոչ մի բան ստանալու ակնկալիք դատախազությունը կամ որեւէ հետաքննչական մարմին չի կարող ունենալ։ Վանո Սիրադեղյանը ցուցմունքներ կտա դատարանին»։

Երեկ Անդրանիկ Հովակիմյանը հանդիպել էր ԵԱՀԿ դիտորդների հետ եւ նրանց նաեւ փոխանցել իրենց գնահատականը. «Արդեն այսօր ընտրությունները կարելի է բնութագրել որպես ոչ արդար», քանի որ խախտված է հավասար պայմաններում քարոզարշավ իրականացնելու ՀՀՇ-ի օրինական իրավունքը՝ վաղօրոք պատվիրված եթերաժամերը, մեքենաներով արշավները՝ բոլոր ծրագրերը խաթարվել են։ (Դիտորդներից մեկին ավելի ուշ նկատեցինք դատախազության դիմաց ՀՀՇ-ի ցուցարարների մեջ)։

«Ես համոզված եմ, որ սրանով իսկ փորձ է կատարվում, որ մենք դուրս գանք ընտրություններից։ Մենք շարունակելու ենք մասնակցել ընտրարշավին»,- հայտարարեց պրն Զուրաբյանը՝ էլի չբացառելով բոյկոտի հնարավորությունը։

Թերեւս արժե համառոտ անդրադառնալ նաեւ ՀՀՇ-ի ցույցին։ «Ազատություն Վանոյին», «Ո՛չ բռնապետությանը» եւ ուղղակի «Վանո» կարգախոսներով զինյալ շուրջ 100 հոգի մինչեւ ժամը 19-ը անցկացրին դատախազության դիմաց։ Ինչ-որ պահի նրանց միացան նաեւ Արա Սահակյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը եւ Ավետ Գրիգորյանը։ Չկա չարիք առանց բարիքի՝ գուցե կատարվածն առիթ լինի ՀՀՇ-ի համախմբման համար։

Օգտակար գործողության գործակցի իմաստով երեկվա օրը նաեւ արդյունավետ էր այն իմաստով, որ գլխավոր դատախազը թույլատրեց Վանո Սիրադեղյանի երեք վստահված անձանց հանդիպել նրա հետ։ Տարօրինակ զուգադիպությամբ, հենց նույն օրը ԿԸՀ-ն որոշում ընդունեց, ըստ որի պատգամավորության թեկնածուին արգելվում է մեկ այլ թեկնածուի վստահված անձը դառնալ։ Եվ այդ պատճառով Արարատ Զուրաբյանն ու Հովհաննես Իգիթյանը զրկվեցին Վանո Սիրադեղյանին հանդիպելու հնարավորությունից։

Հնարավոր էր համարվում, որ ԿԸՀ-ն այսօր վերանայի այդ որոշումը՝ օրենքի ինչ-ինչ նրբություններ կան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31