Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հայաստանը հին անվտանգային համակարգից ուզում է դուրս գալ՝ չիմանալով, թե ուր է գնում». «Հրապարակ»

Մարտ 01,2024 10:20

«Հրապարակ» օրաթերթի զրուցակիցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն է։

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նոր հակառուսական հայտարարություններ է արել նա ֆրանսիական լրատվամիջոցին ասել է, որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿին, իսկ ԱԺում հայտարարեց, որ ՀԱՊԿն իր պարտավորությունները չի կատարում, եւ այդ պարագայում, եթե պետք լինի, կլքենք կառույցը։ Ձեր գնահատմամբ՝ Փաշինյանի պնդումներն իրավացի՞ են, եւ որքանո՞վ են տեղին ռազմավարական դաշնակցին ուղղված այս հանդիմանությունները։

– Եթե կուզեք իմանալ՝ Հայաստանի թիվ 1 մարտահրավերն այսօր դա է, երբ Հայաստանը հին անվտանգային համակարգից ուզում է դուրս գալ՝ չիմանալով, թե ուր է գնում։ Իրենք շատ պարզ խոստովանում են, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով ու ավելի ուշ հայ- ռուսական մեծ պայմանագրից դուրս գալով, որին իրենք տանում են, չգիտեն, թե ուր են գնում։ Իրենք ծրագրած ունեն, խոսում են Հնդկաստանի, Արեւմուտքի, Ֆրանսիայի հետ կապերի մասին, բայց դրանցից ոչ մեկն անգամ մասնակիորեն չի կարող փոխարինել անվտանգային այն համակարգին, որում գտնվել ենք շուրջ 30 տարի։ Այստեղ խնդիրն ամենեւին հնի լավ կամ վատ լինելու մասին չէ։ Հինը` լավ թե վատ, գոնե կա, նորը, որին իրենք ձգտում են, գոյություն չունի։ Այսինքն՝ կարող է ստեղծվել մի իրավիճակ, հենց դա է լրջագույն պրոբլեմը, որ Հայաստանը կարող է ուղղակի հայտնվել վակուումի մեջ՝ առանց աջակիցների ու առանց գործընկերների։ Այսինքն՝ հինը ոչնչացնում ես, նորն էլ չկա։ Դա էլ՝ այն դեպքում, երբ, իրենց ասած, 2 ցլերի արանքում ենք, եւ այդ ցուլերից մեկը ՆԱՏՕ-ն է, եւ եթե դու ցանկություն ունես դեպի ՆԱՏՕ գնալու, այդ մեծ ցուլը պետք է ՆԱՏՕ-ի կողմից ներկայացված լինի։ Այսինքն՝ անհեթեթ բան է ստացվում․ մերժիր ՀԱՊԿ-ն, բայց հայտնվիր թուրքական ՆԱՏՕ-ի մեջ։ Այս դեպքում «վտանգավոր» բառը շատ համեստ է, սա արկածախնդրություն է, սա գոյաբանական խնդիր է իր հետ բերում։ Առավել եւս՝ իմ ասած խնդիրները բազմապատկվում են նաեւ այն առումով, որ չի գործում միջազգային իրավական համակարգ, միջազգային նորմերը չեն գործում։ Այսինքն՝ եթե դու հանկարծ ընկնես փորձանքի մեջ, ուղղակի ցեղասպանություն սկսվի մեր ժողովրդի կամ պետության նկատմամբ, ապա չկա որեւէ ատյան, չկա որեւէ իրավական ակտ, որը քեզ կարող է պաշտպանել։ Մյուս գերխնդիրը, որը հաշվի չառնել չես կարող, այն է, որ աշխարհն այսօր բաժանված է երկու մասի, որոնք իրար ուտում են․ Արեւմուտք-Արեւելք աշխարհաբաժանման նոր գործընթաց է, եւ դու կարող ես լինել կա՛մ այդ երկուսի բախման կիզակետում, ինչը ողբերգություն է, ինչն ապուշություն է, երբ դու գնում ես դրան, որ հայտնվես այդ բախման կետում, բայց ինքը հենց գնում է այդ ճանապարհով։ Դրա համար է, որ ես այսօր համարում եմ, որ մեր բոլոր պրոբլեմներից առավել այդ ստրատեգիական վեկտորի փոփոխության խնդիրն ուղղակի կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյանի համոզմո՞ւնքն է, որ Ռուսաստանը մեզ համար վատ դաշնակից է, թե՞ Արեւմուտքն է նրան պարտադրում հակառուսականություն։

– Ես կարծում եմ՝ պարտադրանքն է, որովհետեւ Արեւմուտքը խոստանում է փշրանքներ տալ, օգնել, դրա համար էլ շնորհակալություն, որ օգնում են, բայց նրանց խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգության կամ սուվերենության պահպանությունն է, այլ հակառուսականության դաշտի ստեղծումը, որովհետեւ այդ նույն Արեւմուտքը, երբ ամիսներ առաջ 140 հազար մարդ տեղահանվեց, էթնիկ զտումների ենթարկվեց, այդ Արեւմուտքից ոչ մի գործնական բան չեղավ։ Ռեալություն է, որ Արեւմուտքի թիվ մեկ խնդիրը հակառուսականության դաշտ ստեղծելն է, եւ դրան ընդառաջ գնալը կարող է դառնալ կործանարար։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031