Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱԺԱՆԱՐԱՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Մայիս 05,1999 00:00
xorhrdaran

Այսօր մայիսի 5-ն է։ 50 տարի առաջ հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը, ինչի առիթով եւ ուղերձով եվրոպացիներին է դիմելու ԵԽ Գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսը։ Այսօր այդ ուղերձ-հոդվածը տպագրելու են Եվրոպայի բոլոր կարեւոր թերթերը, այդ թվում եւ «Առավոտը»։ Ի դեպ, մեր խմբագրությանը հոդվածը հատուկ տրամադրվել է Եվրախորհրդի հասարակական կապերի բաժանմունքից։

Դանիել Տարշիս. «Եվրոպայի խորհրդի 50 տարին»

Երբեմն պատմությունը կրկնվում է ողբերգության տեսքով։ Կոսովոյում 20-րդ դարը մեզ հրաժեշտ է տալիս՝ կրկնելով իր վատթարագույն սարսափների որոշ դրսեւորումները՝ հարձակողական ազգայնամոլություն, ահաբեկչություն, էթնիկական մաքրազարդում, սպանդ, արյունահեղություն։ Նորից սանձազերծված են բոլոր չար ոգիները։ Արդյո՞ք անցյալից այդպես էլ որեւէ դաս չքաղեցինք։ «Այլեւս երբեք դա չպիտի կրկնվի»,- ասել ենք բազմիցս՝ առաջին աշխարհամարտից հետո, երբ միլիոնավոր մարդիկ իրենց մահկանացուն կնքեցին խրամատներում։ Ասել ենք երկրորդ աշխարհամարտից հետո, երբ դաժանությունը շատ ավելի հեռուն էր գնացել, եւ պատերազմի մեքենան հնչում էր Եվրոպայում։

«Այլեւս երբեք դա չպետք է կրկնվի»,- այսպիսին էր վճիռը, երբ առաջին եվրոպական կառույցը հիմնադրվեց։ 1949-ին 10 պետություններ հիմնեցին Եվրախորհուրդը, որպեսզի եվրոպացիների մեջ վերականգնվի երկխոսությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, պաշտպանվեն ժողովրդավարությունը, օրենքների գործադրումը, որոնվեն հասարակական եւ տնտեսական զարգացման խոշոր հարցերի պատասխանները։

Հիմա իր 41 անդամ երկրների հետ միասին, Եվրախորհուրդը շարունակում է սեփական համեստ ձեռնարկումները, սակայն միշտ չէ, որ կազմակերպությունը համեստ է իր ձգտումների մեջ։ Իր հիմնադրման սկզբից իսկ, խորտակելով արգելապատնեշները մեր ժողովուրդների միջեւ՝ Եվրոպայում ընդհանուր բարոյական տարածություն, փոխընդունելի արժեքների տարածաշրջան կառուցելու գործում Եվրախորհուրդը հաջողություններ արձանագրեց։

Այս շենքի անկյունաքարը դարձավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որն ընդունվել է 1950-ին։ Պաշտպանվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, այդ կոնվենցիան դարձավ եվրոպական իրավակարգի կորիզը։

Դրան հետագայում շատ բան է գումարվել՝ Եվրոպական հասարակական կանոնադրությունը՝ հակակտտանքային կոնվենցիան, Ազգային փոքրամասնությունների հովանավորման կոնվենցիան եւ էլի 173 փաստաթուղթ, որոնք անդրադառնում են բոլոր առաջնային խնդիրներին՝ ուսանողների շարժունության հարցից մինչեւ մշակութային եւ բնական ժառանգության հովանավորության, մինչեւ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության դեմ մղվող պայքարի խնդիրներ։

Եվրոպայի արտգործնախարարները պարբերաբար հանդիպում են այս ոլորտներում աշխատանքները շարունակելու համար։ Մայիսի 7-ին նրանք հանդիպելու են Բուդապեշտում, ուր կտոնեն ԵԽ հիմնադրման 50-րդ տարեդարձը եւ կազմակերպությանը կօժտեն մի նոր կարեւոր ղեկավարությամբ՝ ստեղծելով Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարի պաշտոնը։

Թեպետ, վերջին խոսքը, սովորաբար, կառավարություններն են ասում, սակայն համաձայնագրերի եւ գործողությունների հիմքում հիմնականում խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնություններն են, ուր ներկայացված են ինչպես կառավարությունները, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները։ Տեղական ինքնակառավարման համակարգի ղեկավարներն ու տարածաշրջանային խորհուրդների անդամները համատեղ աշխատում են տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում, որն աստիճանաբար զարգացել է տեղական ինքնակառավարման համակարգերի մրցակցության արդյունքում։

Չնայած ազատության նկատմամբ իր ձգտումներին եւ հակվածությանը բազմակուսակցական ժողովրդավարությանը, Եվրախորհուրդը երկար ժամանակ սահմանափակված էր Արեւմտյան Եվրոպայում։ Հունաստանը բացակայում էր երկրում հաստատված դիկտատուրայի տարիներին, իսկ Իսպանիան ու Պորտուգալիան հնարավորություն ունեցան ԵԽ-ին միանալ միայն 70-ականների կեսերին՝ դեպի ժողովրդավարական արժեքները վերադարձ կատարելուց հետո։

Երկաթե վարագույրի եւ Բեռլինի պատի անկումը սկիզբ դրեց հսկայածավալ առաջխաղացմանը դեպի արեւելք, որից հետո Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 17 երկիր դարձել է մեր կազմակերպության լիարժեք անդամ։ Այս պետությունները երկար ճանապարհ են անցել իրենց ժողովրդավարական արարողակարգերը ամրապնդելու առումով, սակայն նրանք նույնպես ստիպված են մաքառել ծանր հիմնահարցերի լուծման համար։ Եվրոպայի մի հատվածում տեղական բարեփոխումներին աջակցելը եւ նոր ինստիտուտների զորեղացմանը նպաստելը բացահայտ առաջադրանք է Եվրախորհրդի համար։

Եվրոպայում ժողովրդավարական գործընթացների եւ Մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքին աչալրջորեն հետեւելը ԵԽ կարեւորագույն առաջադրանքներից մեկն է դարձել։ Առավել ուշադրության արժանացած թեմաներից է մահապատիժը։ Այդ հարցում Եվրախորհուրդը վերջերս կարեւոր հաջողություն արձանագրեց՝ 1998-ին անդամ երկրներից եւ ոչ մեկը մահապատիժ չի իրականացրել։ Սակայն, որոշ երկրներ դեռեւս, իբրեւ պատժի գլխավոր միջոց, պահպանում են մահապատիժը իրենց քրեական օրենսգրքում, եւ խնդիրը դեռեւս շատ հեռու է լուծված լինելուց։

Ժողովրդավարությունն այս տարածաշրջանում երկար ճանապարհ է անցել, որի իրավական հիմքը հիմա ավելի է ուժեղացել։ Եվրախորհուրդը տեխնիկական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման համակարգերը բարեփոխելու, համապատասխան տեղական կառուցվածքներ ստեղծելու, ազգային փոքրամասնություններին հովանավորելու եւ այլ բազմաթիվ հարցերում։ Սակայն այս ոլորտում իրողությունները հեռու են ավարտուն լինելուց։ Նոր ժողովրդավարություններին եւ բարեփոխումների գործընթացներին աջակցությունը՝ շարունակում է մնալ ԵԽ-ի կարեւորագույն առաքելությունը։

Մեկը մյուսի հետեւից տարբեր շրջաններում զարգացնելով ընդհանուր ստանդարտներն ու կանոնները Եվրախորհուրդը միասնական իրավական տարածություն է կերտում իր անդամ երկրների համար։ ԵԽ 50-ամյակի տոնակատարության նշանաբանն է՝ «Մեծ Եվրոպա՝ առանց բաժանարար սահմանների»։ Շուրջ 800 միլիոն եվրոպացիներ լիազորում են, որպեսզի այդ երազանքը իրականություն դառնա, թեպետ դրա դեմ առկա արգելքները դեռեւս զորեղ են։

Եվրոպան շարունակում է մնալ իբրեւ ազգերի, լեզուների, մշակույթների խճանկար, սակայն, միաժամանակ միասնաբար տեր է կանգնում ընդհանուր ավանդույթներին եւ ժառանգությանը։ Տարբերակված մեր ժառանգությունների նկատմամբ գիտակցությունը բարձրացնելու առաքելությունը կդառնա այս ամռանը Եվրախորհրդի կողմից սկսվելիք կամպանիայի առանցքը։

Սուր հակամարտությունը Կոսովոյում ու Եվրոպայում բլթբլթացող պոտենցիալ բազմաթիվ այլ կոնֆլիկտներ անընդմեջ հիշեցնում են, որ խաղաղությունը եւ կայունությունը ժողովրդավարություն, օրենքի դրույթների եւ Մարդու իրավունքների նկատմամբ հարգանք են պահանջում։ Ահա թե ինչու եվրոպական ծրագիրը չի կարող միայն տնտեսական խնդիրների անդրադառնալ, որքան էլ կարեւոր լինեն դրանք։ Այն ներառում է նաեւ բարոյական, իրավական, ոգեղեն, մշակութային եւ հասարակական չափանիշներ։

Կարո՞ղ ենք, արդյոք, քայլ առաջ կատարել այն ուղղությամբ, որպեսզի Եվրոպան կառուցվի ընդհանուր արժեքներով։ Մեծ ու ապահովագրող ջանքերի կարիքը՝ ժողովրդավարական անվտանգության մեջ լուրջ ներդրումներ կատարելու առումով, ակներեւ է։ Բոլոր դեպքերում՝ գործողությունները շատ ավելի քիչ ծախսատար կլինեն, քան անգործունեության տարրական գինը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31