Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴ-ՄԻՇՏ ԿՈ-ԿԱ ԿՈ-ԼԱ

Հունիս 19,1999 00:00
cola

«Կոկա-Կոլայի» որակը կասկածի տակ դնող եւ ընկերության հեղինակությունը սասանող, ըմպելիքից Բելգիայում թունավորման հարյուրավոր դեպքերը Հայաստանում լուրջ արձագանք դեռեւս չեն գտել։ Դա են վկայում «Առավոտի» կատարած հարցումները։

Հարցման ենթարկվածների մեծ մասն առհասարակ տեղյակ չէր թունավորումների դեպքին, մի մասը տեղյակ էր, բայց առանձնապես ազդված չէր։ Միայն փոքր տոկոսն էր որոշել, որ այլեւս չի գնի այդ ֆիրմայի արտադրանքը։ (Ճիշտ այնպես, ինչպես չի գնի պարսկական արտադրության հալած յուղ, հավի քառորդ (բուդ) եւ այլն)։

«The Coca-Cola Company» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, սակայն, անհանգստացած է պատահածով եւ այսօր բոլոր լրատվամիջոցներով փորձում է պնդել, թե Բելգիայում տեղի ունեցածը լոկալ բնույթ ունի, որ դեպքը կապ ունի Անտվերպենի գործարանում լցված շշերի բաղադրության համի հետ։ Եվ որ կարեւոր է՝ Հայաստանում կամ այլ երկրներում կոլայի որակն անփոփոխ է։ Այս առիթով, կարծում ենք, տեղին է «Առավոտի» հարցազրույցը «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ընկերության տնօրեն Ջորջ Կասապիսի հետ։

-Պրն Կասապիս, որքանո՞վ էր ընկերության համար անակնկալ այս միջադեպը։ Նկատի ունեմ՝ այսպիսի նախադեպ եղե՞լ էր։

-«Կոկա-Կոլա» ընկերությունը իր գործունեությունը սկսել է 19-րդ դարում եւ, կարծում եմ, որ նման դեպքեր եղած կլինեն։ Բայց կոնկրետ՝ չգիտեմ։ Կարեւորն այն է, որ մենք շատ արագ արձագանքեցինք տեղի ունեցածին։

-Հայաստանում ձեր արտադրանքի սպառումը նվազե՞լ է այդ աղմուկից հետո։

-Ովքեր հետաքրքրվել են, մենք բացատրել ենք՝ ինչն ինչոց է եւ, կրկնում եմ, մեր արագ արձագանքը բերեց նրան, որ սպառումը չնվազեց։

-Կարո՞ղ եք հրապարակել Հայաստանում ընկերության արտադրության ծավալները։

-Կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Միակ բանը, որ կարող եմ ասել, հետեւյալն է. այս 3 տարում, ինչ մենք Հայաստանում գործունեություն ենք ծավալել, 20-30% տարեկան աճ ենք ունեցել։ (Թեեւ պրն տնօրենը թվեր չբերեց, բայց նրա ռուսաստանյան գործընկերոջ տվյալներով՝ յուրաքանչյուր ռուսաստանցի տարեկան սպառում է 200 լ կոլա – Լ.Ա)։

-Ձեր արտադրանքի հումքի ո՞ր մասն է տեղական եւ որը՝ ոչ։

-Կոնցենտրատը եւ շաքարը ներմուծում ենք արտասահմանից։ Իսկ այն, ինչ հնարավոր է ստանալ Հայաստանում, այստեղից էլ վերցնում ենք։ Նախ՝ որ մենք հայաստանյան մասնաճյուղ ենք, երկրորդ, որ դա ավելի էժան է։ Օրինակ՝ պիտակները, ապակյա շշերը, պլաստիկ արկղերը, ստվարաթղթե տուփերը եւ այլն։

-Հիմա ամառ է, ձեր արտադրանքի սպառման ամենաթեժ շրջանը։ Հետաքրքիր է՝ անհրաժեշտ հումքի քանակն արդեն մինչեւ թունավորման դեպքերը պահեստավորե՞լ եք, թե՞ նոր պետք է ներմուծեք։

-Ես ձեր հարցի ենթատեքստը հասկացա։ Պրոբլեմը, որ եղել է Բելգիայում, կոնցենտրատի հետ որեւէ կապ չունի։ Ասեմ նաեւ, որ մենք CO2-ի հայաստանյան արտադրության համար 1 մլն դոլարի ինվեստիցիա ենք արել եւ մենք ենք դա արտադրում, օ քե՞յ։ Թեեւ մենք արդեն ամեն անհրաժեշտ հումքը պահեստավորել ենք, բայց եթե անգամ ներմուծենք, մի՛ անհանգստացեք, ոչ մի պրոբլեմ չի լինի։

-Մեր սանէպիդծառայությունների հետ ձեր ընկերության շփումներն ի՞նչ հաճախականությամբ են տեղի ունենում։

-Երբ մենք կոնցենտրատը դրսից ստանում ենք, յուրաքանչյուր չափաքանակը ստուգվում է եւ ստանում որակի սերտիֆիկատ։

-«Կոկա-Կոլա» ընկերության արտադրանքի տեսականին շատ ավելի լայն է, քան վաճառվում է Հայաստանում։ Խմիչքի նոր տեսակներ չե՞ք պատրաստվում արտադրել այստեղ։

-Արտադրանքի ծավալները կախված են պահանջարկից։ Եթե զգամ, որ շուկան պատրաստ է, մյուս համերն էլ են հայերը հավանում, կսկսենք դրանց արտադրությունը։

-Ի՞նչ եք կարծում, ըստ ձեզ, ձեր տարածած հայտարարությունը՝ ընկերության «անմեղությունը» ապացուցելու, որքանո՞վ հավատ կներշնչի հայ սպառողին։

-Կարծում եմ՝ արդեն մեզ հավատում են։

-Թունավորման դեպքից հետո Հայաստանում՝ բացի լրագրողներից, պաշտոնյաները, ասենք, առողջապահության նախարարությունից, ձեզանով հետաքրքրվե՞լ են։ Ձեզ մոտ ստուգումներ անցկացնելու ցանկություն ոչ ոք չի՞ հայտնել։

-Եթե որեւէ մեկն ի պաշտոնե նման ցանկություն հայտնի, խնդրեմ։ Մենք բաց ձեռնարկություն ենք։

-Առաջիկայում նոր խաղարկություններ չե՞ք նախատեսում։

-Մոտ ապագայում՝ ոչ։ Ի դեպ, ամենեւին չի բացառվում, որ Բելգիայում, եւ ոչ միայն այնտեղ, «Կոկա-Կոլա» ընկերության հետ կապված այս աղմուկը նաեւ սաբոտաժի ակտ է։ Ինչ վերաբերում է պրն Կասապիսի այն մտքին, թե իրենց արտադրության ծավալները կավելանան, մի փոքր վերապահությամբ ենք ընդունում, քանի որ արդեն իսկ վաճառքում հայտնված հայկական արտադրության հյութերը շուկայում կոլայիլուրջ մրցակից են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930