Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հուլիս 07,1999 00:00
yntrutyun

Այդպես էլ կընտրվի թաղապետը

Զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով, որ ԱԺ ընտրություններում տեղ գտած հազարավոր սխալների ու կեղծիքների մեջ հանկարծ մեղավոր են ճանաչվել համակարգիչները, որոշեցինք Ձեր թերթի միջոցով հանրությանը ներկայացնել աղաղակող մի շարք փաստեր՝ արձանագրված տեղական ու միջազգային դիտորդների, վստահված անձանց, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, մայիսի 30-ին, Երեւանի Աջափնյակի թիվ 1 ընտրատարածքում։

Որպեսզի մեղքը համակարգիչների վրայից թոթափվի, մեջ բերենք փաստերի ու տվյալների ճշգրտված մի ցանկ։ Հիշյալ տարածքի 30101 ընտրողից բաղկացած ընտրացուցակներում գրանցված են 377 հանգուցյալ, 224 բանակում ծառայող, 493 չհաշվառված, 19 դատապարտված, 51 անչափահաս, 4512 արտասահման մեկնած «ընտրողներ»։ 700-ից ավելի անուն կրկնված է տարբեր հասցեներով։ Գրանցում ունեցող 1398 քաղաքացի դուրս է մնացել ցուցակներից։ Հիշյալ «սխալները» կազմում են ընտրողների (ըստ ցուցակի) ընդհանուր թվի 26 տոկոսից ավելին՝ 7774 դեպք։ Հարց է ծագում. համակարգիչները ինչո՞ւ պետք է այսքան անբարո լինեին կամ հանուն ինչի։ Ի դեպ, մայիս ամսվա մեջ «Սեբաստիա» հյուրանոցում եւ շրջակա հանրակացարաններում հանկարծ գրանցվել են 400 ՀՀ քաղաքացիություն չունեցող մարդիկ եւ ներգրավվել ընտրական ցուցակներում, մասնակցել մայիսի 30-ի ընտրություններին, համակարգիչները ի՞նչ մեղք ունեն։

Համակարգիչներին են վերագրվում նաեւ «ճշտված» ցուցակների մեջ թույլ տրված անունների, ազգանունների, հասցեների սխալները, որոնք տվյալ ընտրատարածքում կազմել են մոտ 4000 սխալ։ Սակայն համակարգիչները ինչպես կարող էին այդ մարդկանց բաժանել երկու խմբի՝ նպաստավոր եւ աննպաստ, առաջիններին թողնելով ընտրության, մյուսներին՝ ոչ։ Օրինակ՝ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6-րդ տան բնակիչներին՝ 120 ընտանիք (1/12, 6/23, 6/109, 6/107, 6/108, 6/15, 6/54, 6/2, 6/114, 6/119, 6/63, 6/67, 6/96, 6/21)։ Այս բնակարանների բնակիչներին թողնել, քանի որ նրանք ցուցակներում նշված են երկու հասցեներում, իսկ մնացածներին՝ ոչ բոլորին։ Եթե իրականում հանենք կեղծ ընտրողների եւ ընտրության չթողնվածների քանակը ընդհանուր ցուցակներից, ապա իրական ընտրողների քանակը կմնա 18 հազար մարդ։ Այսպիսով, եթե նկատի ունենանք միջին թվաբանականների միջոցով, որ տվյալ ընտրատարածքում մասնակցել են ընտրությանը 30-32 տոկոսը, ապա իրական ընտրություն կատարողների թիվը կազմում է 6300, իսկ սխալների քանակությունը՝ 30 հազար անունների համեմատ, 40 տոկոս։ Ի՞նչ է սա, բարոյականության դրսեւորո՞ւմ։ Կոպիտ կերպով խախտվել են ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1, 2, 3 կետերի պահանջները։ Ընդունենք, որ նշված փաստերը համարվում են բնական։ Այս դեպքում ո՞վ է մեղավոր, որ՝

Ըստ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի, մայիսի 22-ին թաղապետարան են հանձնվել վստահված անձանց, հանձնաժողովների, անհատ անձանց դիմումները՝ ուղղումներ կատարելու համար, սակայն համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիտավորյալ չկատարեց 9-րդ հոդվածի 9, 10 կետերի պահանջները, ոչ մի ուղղում, ճշտում չկատարեց ցուցակներում՝ թույլ տալով ընտրական կանոնադրության մի ուրիշ խախտում, հիմնական ցուցակներին կցում է լրացուցիչ ցուցակներ, առանց տեղեկանքների, եւ հետ վերադարձնում տեղամասեր։

Լրացուցիչ ցուցակներում առկա են մահացածների, դատվածների, կրկնակի գրանցվածների անուններ, ստիպողական ուղղումների դեպքում՝ հավասարակշռություն պահպանելու համար։ Այստեղ ե՞ւս համակարգիչներն են մեղավոր։ Ինչպես կարելի է բացատրել, որ իմանալով իրական ընտրողների ճիշտ քանակությունը, ստացվել են մի քանի հազար ավելի քվեաթերթիկներ։ Համակարգիչներն են պատասխան տալու ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1, 2, 3, 8, 9, 10 կետերի, 10-րդ հոդվածի երկրորդ կետի, 16-րդ հոդվածի երրորդ կետի, 18-րդ հոդվածի առաջին, չորրորդ կետերի, 21-րդ հոդվածի երկրորդ կետի, 23-րդ հոդվածի առաջին, երրորդ կետերի պահանջները չկատարելու համար։ Ինչո՞վ են մեղավոր համակարգիչները, երբ ընտրությանն են մասնակցում մահացածներ՝

Սիլիկյան թաղամասից, 1/1, Եսայան Գեւորգ՝ 718 եւ 1827 համարներով նրա կրկնակի նշված անվան դիմաց ընտրություն է կատարվում։

Լուկաշինի 3 փող. 36 տուն, 1/2, Մանուկյան Արթուր՝ 1602 համարով նրա դիմաց ընտրություն է կատարվում AC 0458837 անձնագրով։ 1/7 տեղամաս, Թորգոմյան Արմենուհի՝ 1736 համարով ընտրություն է կատարվել AA 0672901 անձնագրով եւ այլն։ Դրսից եկած ուժեր – Պետրոսյան Սուսաննա՝ IX-CA704226 անձնագրով հաշվառված է Լենինականի 11 տ., 1/3 տեղ., թիվ 2267, Բաշինջաղյան 13.51, 1/10 տեղամաս, թիվ 2642, ընտրություն է կատարել նաեւ 1/2 տեղամասում։

Ասատրյան Ռուզաննա՝ AC 0537113, Ավանի 14 փող. 97 տուն, ընտրություն է կատարել 1/2 տեղամասում։

Կարապետյան Ալվարդ՝ VIII-CL 614530, Նաիրիի շրջան, գյուղ Քասախ, ընտրություն է կատարել Աջափնյակի 1/2 տեղամասում։

Պետրոսյան Սոֆիա՝ AA 02405067 եւ Միքայելյան Գոհար, Շինարարների 31 տուն, բն. 16, 2-րդ ընտրատարածքում ընտրելուց հետո ընտրել են նաեւ Սիլիկյան 1/1 տեղամասում։

Մովսիսյան Վարդուհի՝ AC 0292925 անձնագրով, չունի հաշվառում, ընտրել է զ տեղամասում։

Ուրիշների փոխարեն IX-CA 557272 եւ VI-CA 675612 անձնագրերով քաղաքացիները ընտրում են 1/2 տեղամասում 61 եւ 62 համարներում գրանցված Մանուկյան Արմենուհու եւ Խաչատրյան Վելինկայի փոխարեն. վերջիններիս թույլ չեն տալիս ընտրելու։

Մանուկյան Օլգա՝ 1/7 տեղամասում ընտրեց Հովհաննիսյան Օլգայի փոխարեն՝ Խաչատրյան 2-րդ նրբանցք, 14 տուն։

Բաբախանյան Հայկանուշ՝ AB 0625899 անձ., 1/7 տեղամասում ընտրեց ԱՄՆ-ում ապրող Բաբախանյան Հայկազի փոխարեն։

Հովհաննիսյան Գերասիմ, ՌԴ քաղաքացի՝ Խաչատրյան 2-րդ նրբանցք, 4 տուն, 1/7 տեղամասում ընտրում է Հովհաննիսյան Մյասնիկի փոխարեն։

AC 0529589 անձնագրով քաղաքացին ընտրեց Ռշտունու 4-րդ նրբ. 19 տան բնակիչ Սերյոժա Սարգսյանի փոխարեն։ Վերջինս զրկվել է ընտրելու իրավունքից։

1/2 տեղամասում Լուկաշինի 23 Ա տան բնակիչներ Սահակյանի եւ Բացոյանի թիվ 62, 63-ի փոխարեն ընտրում են ուրիշ քաղաքացիներ, իսկ իրենք զրկվում են ընտրելու իրավունքից։

Տոնոյան Ռուզաննա՝ նույն ինքը՝ Տոնյան Ռուզաննա, նույն ինքը՝ Ղազարյան Ռուզաննա, Լուկաշինի 43-16 եւ 1/34 բնակարանների բնակիչ, կատարում է կրկնակի ընտրություն հին եւ նոր անձնագրերով, Ադրբեջանի քաղաքացի։

Կրկնակի ընտրողներ. Գեւորգյան Մայիս՝ 1/1, թիվ 1660 եւ 1972, Գեւորգյան Արմինե՝ թիվ 1398 եւ 1753 – 1/1, Գեղամյան Գոհար՝ թիվ 765 եւ 1861-1/1, Մուրադյան Ստյոպա՝ թիվ 461 եւ 1858։

Ստացել են կրկնակի քվեաթերթիկներ եւ փորձել ընտրություն կատարել։ Միտք չունի շարունակել կեղծիքների, խախտումների ցանկը, հանձնաժողովները նպաստել են դրանց իրականացմանը։ Հանձնաժողովներում գրանցված որոշ անձինք իրենք են խախտել օրենսդրությունը՝ տանելով քարոզարշավ, տալով ցուցումներ, սպառնալիքներ։

1/7 տեղամասում 65 US 303 եւ X 8897 AP միկրոավտոբուսներ առավոտից մինչեւ երեկո ընտրողներ են բերել ընտրատեղամաս։ Դե, իհարկե, այս դեպքերն էլ վերագրել համակարգիչներին՝ սխալ չի լինի։ Թե չէ ո՞նց հասկանանք, որ օտար թաղերում բնակվող անձինք իմացել են՝ որ տեղամասում եւ որ համարի տակ են իրենց գրանցել։ Եկել են եւ անսխալ կատարել ընտրություն։ Աստված չանի ընտրակաշառքի անուն տանք, թե չէ կրկնակի եւ այլ կեղծիքներով ընտրած քաղաքացիները, որոնք, իմանալով, որ ենթարկվում են քրեական պատասխանատվության, ո՞նց կարող են, հանուն կաշառքի, իրենց ենթարկել այդպիսի վտանգի։ Կասկածներից հեռու մնալու համար ստիպված կատարել են բաց քվեարկություն։

Այս խախտումները պիտի լինեն հօգուտ Աջափնյակի թաղապետ Պարույր Կարապետյանի։ Այս բոլոր փաստերը ժամանակին ներկայացվել են հանրապետության դատախազությանը։ Սակայն՝ անիմաստ։

ԱԺ պատգամավորության թեկնածու, Աջափնյակի թաղապետ Պարույր Կարապետյանը պիտի դառնար ԱԺ պատգամավոր։ Նրա տեղակալ Արծրուն Խաչատրյանը կանխորոշված է դառնալու թաղապետ։

Մեզ թվում է, որ այս անգամ շրջանի ազգաբնակչությունը խոհեմ կգտնվի։ Կեղծարարների նկատմամբ անաչառությունը կհաղթի։

Մի խումբ բնակիչներ՝ 93 թաղ., 7 շ., բն. 8, Պ. Պողոսյան 15 թաղ., 40 շ., բն. 27, Գ. Տոնոյան 15 թաղ., 17 շ., բն. 59, Գ. Գասպարյան Շինարարների 6 շ., բն. 8, Լ. Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031