Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք վճարվո՞ւմ են վստահված անձինք․ «Ականատես»-ի ամփոփ դիտարկումները

Նոյեմբեր 20,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գործող իրավակարգավորումների պայմաններում կուսակցությունների ֆինանսավորումը փաստացի չի ստացվում վերահսկել ո՛չ պետության, ո՛չ էլ հասարակական կառույցների կողմից»,- նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացմանը ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Լուսանկարը՝ «Ականատես» դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջից

Նշենք, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն ընտրությունների ընթացքում իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում՝ գնահատելով ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին։

Դիտարկումն ընդգրկել է ընտրական և քաղաքական միջավայրը, ընտրական գործընթացներում ներգրավված պետական մարմինների գործունեությունը, քաղաքական ուժերի քարոզարշավն ու ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև քվեարկության օրվա գործընթացները։

Սոնա Այվազյանը մասնավորապես նշեց, որ, ըստ հայտարարագրերի տվյալների՝ այն ուժերը, որոնք ավելի շատ գումար են ներդրել, ավելի շատ ձայներ են ստացել։ Ըստ բանախոսի՝ սա վկայում է, որ «փողը էական ազդեցություն է ունեցել»։ Նրա խոսքով՝ չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության՝ իրավասություններով օժտված լինելուն, ներկայիս օրենսդրությամբ այդ երկու մարմիններն էլ չեն կարողանում պատշաճ վերահսկել կուսակցությունների փողերը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձավ քաղաքական բոլոր ուժերի վստահված անձանց փոխհատուցումներին։ Ըստ հայտարարագրերի դիտարկման՝ «վստահված անձանց փոխհատուցման ծախսատեսակները զրո են, մինչդեռ քվեարկության օրը վստահված անձինք աշխատել են»։ «Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով. մանավանդ, օրինակ, նույն «Միասնության թևեր»-ի մոտ ես հաշվեցի՝ իրենց հայտարարագրում 198 ֆիզիկական անձ վճարվել է քարոզչական ծառայություններ մատուցելու համար։ Ի՞նչ է նշանակում սա։ Այդպիսի ձևակերպում Ընտրական օրենսգրքում չկա»,- ասաց Հոկտանյանը։

Լուսանկարը՝ «Ականատես» դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջից

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյանի փաստմամբ՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ դիտարկման շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում իրականացված ավելի քան 3000 անանուն հարցազրույցների արդյունքում վեր է հանել 126 դեպք՝ կապված Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների նյութական շահագրգռման և ընտրություններին մասնակցելու նպատակով նրանց տեղափոխումը կազմակերպելու հետ։

Քաղաքացիներից մեկը դիտորդներին պատմել է, որ Ռուսաստանում ապրող իր բարեկամին առաջարկել են տոմս գնել՝ ԱԺ քվեարկությանը Հայաստան գալու համար։ «Սկզբում առաջարկել են 100.000 ռուբլի նաև որպես փոխհատուցում, սակայն քանի որ ցանկացողները շատ են եղել, հետո ասել են, որ միայն ավիատոմսը կգնեն»,- մասնավորապես նշեց Մ․ Մինասյանը։

Իսկ Աբխազիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին առաջարկվել է աջակցություն ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար փաստաթղթերը կազմելու համար, բայց դրա համար նրանք պիտի գային Հայաստան ու քվեարկեին կոնկրետ ուժի օգտին։

«Նախ բարեգործության արգելքը պետք է տարածվի նաև քաղաքական ուժերի հետ փաստացի ասոցացվող կազմակերպությունների վրա։ Նաև անհրաժեշտ է ներդնել ընտրակաշառքի կազմակերպվածության, ծավալի, հնարավոր ազդեցության գնահատման հստակ մեթոդաբանություն՝ հաշվի առնելով այդ դեպքերի քանակը, աշխարհագրությունը, տևողությունը, ներգրավված անձանց և ֆինանսական միջոցների շրջանակը»,- առաջարկեց Մերի Մինասյանը։

Լուսանկարը՝ «Ականատես» դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջից

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն «ձգտել է ապահովել գործընթացի առավելագույն թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։

ԿԸՀ-ն բարձր է գնահատում դիտորդական առաքելությունների հետ ձևավորված կառուցողական երկխոսությունը։ Ինչ վերաբերում է որոշ կազմակերպությունների դիտորդական առաքելությունը մերժելուն, ապա ԿԸՀ-ն առաջնորդվել է Ընտրական օրենսգրքի պահանջվող հստակ եզրույթներով՝ «մարդու իրավունքների պաշտպանություն ու ժողովրդավարություն»։ «Ձեր ձևակերպմամբ՝ մենք ընկել ենք «տերմինների հետևից», բայց իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30