Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԹՇՆԱՄԻ ՉԷ

Հուլիս 14,1999 00:00
ashot bleyan

Հիշենք սպորտը։ Սխալը դեռեւս հանցանք չէ։ Միայն հետեւանքներով եւ նաեւ վնասի չափով կարելի է որակավորել սխալը, եւ այդ իրավունքը տրված է միայն ու միայն դատարանին, իհարկե՝ անկախ դատարանին։ Սխալի որակավորումն արդարացի է միայն համեմատության մեջ։

Իրադարձությունների բուռն զարգացման ժամանակաշրջանում հնարավոր են բացթողումներ, որոնք հետագայում կարող են ստանալ ավելի, նույնիսկ առավել խիստ որակավորումներ։

Այսօր հասարակությունից մեկուսացված է քաղաքական գործիչ, կրթության գործի կազմակերպիչ, նախկին նախարար, մանկավարժ Աշոտ Բլեյանը։ Նրա կողմից ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր բնույթով, կրթական գործի կազմակերպման հաջողություններով, ստեղծածով իր արժանի տեղն է զբաղեցնում մեր կրթական համակարգում։ Միշտ էլ դժվար, քարքարոտ, եւ ինչու ոչ՝ նաեւ բացթողումներով է լի նոր ճանապարհը։ Բայց որ նորը անհրաժեշտ էր, երեւի կասկած չի հարուցում։ Եվ այդ ծանր գործին է իրեն նվիրել Աշոտ Բլեյանը, նվիրել իր շնորհքը, եռանդը, եւ ինչպես տեսնում ենք՝ նաեւ ազատությունը։

Կարելի է չհամաձայնվել, վիճել, չընդունել, սահմանափակել գործունեության ազատությունը, վարչականորեն պատժել Բլեյանին։ Այդ բոլորը եղել է։ Բայց չի կարելի չհարգել նրան, չընդունել նորի կայացման գործում նրա երախտիքը։

Բոլորը հավասար են օրենքի առաջ եւ թող դատարանում կայացվի ապացուցված, արդարացնող կամ մեղադրող օրինական վճիռ։ Բայց քննարկվող դեպքում անհրաժե՞շտ էր, արդյոք, Բլեյանի կալանավորումը մինչեւ դատարանի վճիռը, խափանման ընտրված միջոցը որքանով է նրբանկատ եւ արդարացված։ Մի՞թե Բլեյանը կարող է խոչընդոտել հետաքննությանը։ Համոզված եմ՝ ոչ։

Ազնվաբարո եւ բարեկիրթ անձը պատիժ չի պահանջի, դրա համար գոյություն ունեն ոչ պակաս պատրաստված եւ պատասխանատու մարմիններ։ Բարեկիրթ մարդը կարող է խնդրել պատժի մեղմացում հանցավորի համար եւ պահանջել ազատություն անմեղի համար։

Չեմ կարող զարմանքս չհայտնել ստեղծված այն իրավիճակի նկատմամբ, երբ քննարկվում, քննադատվում եւ փորձվում է դատապարտել միայն նախկինների գործունեությունը, աշխատանքը եւ գործը։ Բայց չէ՞ որ հանցանքի կանխումն ավելի կարեւոր է եւ մարդասիրական, քան հանցանքի պատիժը։ Մի՞թե այդ պատճառով չէ, որ պետական պաշտոնյաները մնում են պինդ կառչած իրենց պաշտոններից։ Կարող են ընդունել ցանկացած՝ անպայման իշխող գաղափարախոսություն։ Պատեհապաշտությունը՝ որպես իշխանություն տանող ուղիղ ճանապարհ, կարգախոսը, գլուխ է բարձրացնում։ Եկենք հարգենք մեր ընդդիմախոսներին։ Չէ՞ որ հենվում են միայն նրա վրա, ինչը (ով) դիմադրում է։ Հակառակ պարագայում ընկղմվում եւ սուզվում են։ Եկենք հարգենք նախկիններին, եթե կան բավարար հիմքեր։ Այս է պետականության ամրապնդման ուղին։ Հիշենք նաեւ, որ նախկինները վերադառնում են։ Խնդրում եմ, վերջին միտքը ընդունել որպես կատակ եւ ոչ թե զգուշացում։ Հիշենք, որ ֆրանսիական հեղափոխության ականավոր գործիչներից միայն Մարատը մահացավ սեփական մահով, այն էլ՝ դանակահարվեց լողասենյակում։ Մի՞թե մեզ համար քիչ էին դարասկզբի դասերը, 37 թվականը, 50-ականների սկիզբը։

Ես կոչ չեմ անում անպատժելիության, այլ միայն խնդրում եմ նրբանկատություն, որը տվյալ պարագայում ենթադրում է խափանման միջոցի փոփոխում՝ կալանավորումը, չբացակայելու ստորագրությամբ։ Թող ճիշտ եւ արդարացի որոշում կայացնի դատարանը։ Շատ կցանկանայի ավարտել «Կեցցե ազատ Հայաստանի անկախ դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը» կարգախոսով։ Այդ հույսով ենք ապրում։ Հուսանք, որ այդպես կլինի։ Հակառակ դեպքում… Հակառակ դեպքում կվերածվենք երկրի անկանխատեսելի անցյալով։

ՎԱՐԴԳԵՍ ԳՆՈՒՆԻ

Գիտաշխատող,

ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031