Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԹԻԿԵՏԻ՞, ԹԵ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 14,1999 00:00
Roland Sharoyan

Տեղից ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երկարահունչ անվանումն ու բովանդակությունը կասկածանք է առաջացնում։

Ու այդ ոլորտում ամեն նշանակվող եկող-գնացող նախարար իր ձեւով էր մեկնաբանում մշակույթի նախարարության դերը կամ թե առհասարակ մշակույթը։ Ռոլանդ Շառոյանը խորհրդային շրջանի եւ երրորդ նորանկախ հանրապետության մշակույթի գլխով անցած բոլոր նախարարներին գերազանցեց մշակույթի եւ այդ նախարարության մասին իր դատողություններով։ Այդ նախարարության անվանման մշակույթ բառը շատ հանգիստ կարելի է փոխել բարեկրթություն բառով եւ ոչ մի տարբերություն։ Ռ. Շառոյանի ընկալմամբ տարրական բարեկրթությունը հենց մշակույթն է կամ էլ հակառակը։

-Ճի՞շտ է, որ մտադրություն կա տուրիզմը միացնել Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը։

-Ես այդ մասին իմ անձնական կարծիքը կարող եմ ասել։ Անկախ որեւէ բանից, թե պետության քաղաքականությունն ինչպիսին կլինի՝ տուրիզմի հետ կապված, մեր նախարարությունը լրջորեն զբաղվում է մշակութային տուրիզմ հասկացությամբ, եւ այդ ոլորտում պիտի կարողանանք նոր աշխատանքներ սկսել։ Մենք ուսումնասիրել ենք եվրոպական մի քանի երկրների փորձը մշակութային տուրիզմի առումով, ես նկատի ունեմ Հունաստանը, նաեւ արեւելյան երկրները եւ ինչու չէ՝ նաեւ Խորհրդային Միության փորձը։ Խոսքը վերաբերում է զբոսաշրջիկության երթուղիների մշակմանը։

-Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչության ստեղծման իմաստը ո՞րն էր։

-Դա իր էությունը պահպանելու է, բայց թերեւս անվան ձեւակերպումն ավելի հստակեցվի, հանրությանն ավելի հասկանալի դառնա։ Բավականին ուսումնասիրություններ արել ենք այդ առումով, այդ թեմայի շուրջ ես բազմաթիվ զրույցներ եմ ունեցել, ընդհուպ մինչեւ Եվրախորհրդի մշակութային բաժնի պատասխանատուների հետ։ Ես նաեւ ուսումնասիրեցի, թե Հունաստանում ինչպես են վերաբերվում մշակութային ժառանգության պահպանությանը եւ այդ ժառանգությունը ինչպես են զարգացնում, նաեւ նկատի ունեմ առեւտրականացման պահը։

-Այսինքն, ո՞րն է Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչության էությունը։

-Շեշտեցի, իր ձեւակերպումի մեջ էությունը լավ չէր ընկալվում, բայց մեկ տարվա փորձությունից ելնելով՝ շատ հարցականներ դարձան հասկանալի։ Ինձ համար նույնպես։ Շատերը կարծում են, թե ինչ-որ բան ենք ուսումնասիրում եւ հայտնաբերում։ Կամ էլ բավարարվում ենք միայն ֆիքսելո՞վ, որ Կոմիտասը ստեղծել է խազեր, որի հիման վրա երաժշտություն է գրվել եւ այլն։ Բայց այսքանո՞վ պիտի բավարարվենք, հետո դրա շարունակությունն ի՞նչ է լինելու։ Մենք այդ փաստը պիտի ապրեցնե՞նք, թե՞ պիտի դարձնենք թանգարանային արժեք։ Օրինակ, ես իմացա, որ Կանադայի ժառանգության նախարարությունում կար հատուկ վարչություն, որը զբաղվում էր հյուսիսային բնիկների մշակութային ժառանգությունը վերապրեցնելով՝ պարերի, երգերի տեսքով, ֆիլմեր են նկարահանում, ցուցահանդեսներ բացում… աշխարհով մեկ ցուցադրում։

-Ձեր բոլոր ծրագրերը կարծես կապված են անցյալում ստեղծված արժեքների պահպանության հետ։ Իսկ այսօրվա ստեղծագործողների համար ի՞նչ եք անում։

-Գրողների հարցն է լուրջ, որովհետեւ այսօր գիրք հրատարակելը բավական թանկ հաճույք է դարձել։ Բայց ես կասեի, որ այսօր գործող, իմ ճաշակով, բոլոր հայ ժամանակակից լավ գրողների գործերը այսպես թե այնպես, հովանավորչության կամ այլ ճանապարհներով տպագրվում են։ Ես էլ փորձում եմ փոքրիշատե խթանել այդ աշխատանքները։

-Ինչո՞վ եւ ո՞ւմ եք խթանել։

-Օրինակ, օգնել եմ Մարգո Ղուկասյանի «Ո՞ւր է կղզյակն Սեւանա» գրքի հրատարակմանը։ Ինչ վերաբերում է երաժշտության ոլորտին, ապա այսօր Հայաստանում փոքրիշատե ծանոթ, արժեքավոր կամ գնահատված ստեղծագործող՝ երաժիշտ, կոմպոզիտոր չկա, որոնց ստեղծագործությունները չկատարվեն, որոնք չունենան հնարավորություն այս ասպարեզում իրենց ներկայությունը հաստատելու՝ համերգների, շրջագայությունների տեսքով։

-Այդքան ասում եք ազգային, շփոթմունք է առաջանում, ո՞րն է ազգայինը։ Ասենք՝ միայն այն, որ Թումանյանը հայերենո՞վ է գրել…

-Հարցը կոպիտ էր, որովհետեւ Թումանյանի հայերենով գրելը նույնպես ազգային է, բայց հայերենով գրում են նաեւ չսիրված շատ ժուռնալիստներ։ Բայց դա չի նշանակում, թե ազգային ժուռնալիստներ են կամ ապազգային։ Այդքան կոշտ հարցը չի կարելի դնել։ Ազգայինը դա չէ, դուք անմիջապես գնում եք նացիոնալիստականի ուղղությամբ, այլ դաշտ եք ուզում ընկնել։ Իմ ասածն ամենեւին էլ դա չէ։ Իմ ասածը հենց ձեր մեջբերած Թումանյանն է, որը եթե չլիներ ազգային, ապա համաշխարհայինի այդ բարձունքին չէր կարող հասնել։ Այսինքն՝ ինքնությունը, տեսակը, տիպը, կերպը, նկարագիրը, բարոյականությունը շատ կարեւոր պայմաններ են ազգայինի համար։ Ես, օրինակ, ազգային չեմ համարում այն մարդու պատմվածքը, որ եթե հերոսների անունները՝ Պողոս, Պետրոս, Հակոբ, Կիրակոս, փոխենք դնենք Մայք, Ջոն եւ այլն, ոչինչ չի փոխվի։ Ես դա չեմ ընդունում։ Մեր տեսակը պիտի նկարագրես։ Ես դժվարանում եմ բացատրել, որովհետեւ մի անգամ դրա լավագույն օրինակը ես բերել եմ, եւ անձամբ դուք ձեր թերթում գրել եք՝ կուլտուրայի մասին, որ ասել եմ, թե չի կարելի քայլել փողոցում եւ գետնին ընկած հացի կողքով անտարբեր անցնել։

-Բայց ձեր ասածը բարեկրթությունն է, կենցաղային կուլտուրան է։

-Դա նաեւ հոգեբանություն է, ժողովրդի ներաշխարհի էությունը, որ եւ մշակույթ է։ Երբ որ տուն ես կառուցում՝ դա էլ է մշակույթ։ Խոսելու իմ վերաբերմունքը ձեզ հետ՝ կուլտուրա է։ Ես կարող եմ գոռալով խոսել, կարող եմ ձեռքով չխոսել, կարող եմ ցածրաձայն խոսել, բարձր խոսել։ Ճապոնացիների հարձակողական տոնով երկխոսությունն էլ է կուլտուրա։ Կենցաղային կուլտուրայից է թերեւս սկսվում ամեն ինչ, ինչ որ ստեղծվում է։ Չընկնենք սոփեստության գիրկը… նորից եմ կրկնում՝ մշակութային ժառանգության պահպանությունն եւ զարգացումը խթանելու խնդիրը մենք ունենք։ Ազգեր կան, որ մեր ունեցած ժառանգության 10%-ն անգամ չունեն, բայց համաշխարհային բազմազանության մեջ նրանք ավելի մեծ ներկայություն են, քան հայությունը։ Մենք պարտավոր ենք մեզ ճանաչել տալ, չպիտի մնանք մարգարիտ խեցու մեջ։

-Ինչպե՞ս եք դա իրականացնելու։

-Պահպանելով մեր ժառանգությունը, խթանելով, զարգացնելով, ներկայացնելով, պարտադրելով, ցուցահանդեսներով, հրատարակություններով, հոդվածներով, ուսումնասիրություններով, համերգներով…

-Արթուր Շահնազարյանը իր դիմումի մեջ ձեզ մեղադրում էր, թե խախտվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի կանոնակարգը։

-Ուսումնասիրել եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի կանոնակարգը, բոլոր փաստաթղթերը։ Իր զեկույցները սուբյեկտիվ են եղել։ Այստեղ են հրավիրվել ե՛ւ Ճգնավորյանը, եւ տնօրենը՝ Ռոբերտ Միրզոյանը, ե՛ւ վարչակազմը։ Առանձին-առանձին զրուցել եմ։ Կարծիքը սուբյեկտիվ է եղել, Արթուր Շահնազարյանը նվագախմբի տնօրենի հետ՝ իր նախկին բարեկամի, անձնական ինչ-որ վեճեր են ունեցել, եւ ես եմ նրան մեղադրում իր բազմաթիվ թուլությունների մեջ… Ավելի ներքեւ չեմ ուզում իջնել…

-Բայց այդ զեկուցագրերի տակ ստորագրել են 20 կոմպոզիտորներ։

-Այդ կոմպոզիտորներից մի քանիսը պատասխան-նամակներ են գրել մեզ, որ այդ փաստաթուղթն իրենց ներկայացվել է մեծ աղավաղումներով եւ նենգափոխված բովանդակությամբ։ Խնդրեմ՝ Վահրամ Բաբայանը կամ Վարդան Աճեմյանը։ Կոմպոզիտորները ստորագրել են ուրիշ բանի տակ։ Վարդան Աճեմյանը գրում է. «Նյութը, որին ես կողմ էի եւ պատրաստ էի ստորագրել, բարի ցանկությունների տեսքով ներկայացվեց խորհրդի անդամներին, սակայն պարզվեց, որ մեքենագրուհին տեղում չէր եւ կարող ենք ստորագրել հաջոր օրը միայն։ Հաջորդ հանդիպմանը կասկածի տակ չդնելով նախարարության աշխատակիցների ազնվությունը, հավատալով ու վստահելով նրանց եւ կրկնակի անգամ չընթերցելով տեքստը, ես ստորագրեցի նոյեմբերի 21-ի թվով ձեւակերպված փաստաթուղթը։ Այսօր, ամիսներ անց, պարզվում է, որ այս փաստաթուղթն ինձ ներկայացվել է մեծ աղավաղումներով եւ նենգափոխված բովանդակությամբ։ Սույն գրությամբ ես բողոքի խոսք եմ արտահայտում եւ իմ ստորագրությունը համարում եմ անվավեր։ 05.03.99 թ.»։ Էդվարդ Սադոյանն էլ է նման նամակ-պատասխան գրել։ Մեկ տարի հնարավորություն էր տրվել Արթուր Շահնազաարյանին, որ աշխատի, ստեղծի։ Չի կարողացել, չի ապահովել այն, ինչ անհրաժեշտ է։ Ինքը լավ գիտի երաժշտություն, Կոմիտաս, ուսումնասիրություններ է արել, ես անձամբ ծանոթ եմ իր գրքերին, կարդացել եմ։ Բայց կազմակերպելու առումով իր տեղը չէր, եւ փակում եմ այս էջն ընդհանրապես…

-Պատկերասրահի ուսումնասիրությունների արդյունքներն ինչպիսի՞ն են, կորուստներ շա՞տ կան։

-Կառաջարկեի այդ մասին խոսեիք կերպարվեստի վարչության պետի եւ պատկերասրահի տնօրենի հետ։ Կորուստները վերականգնվում են։ Ո՛չ պատկերասրահում, ո՛չ Ազգային գրադարանում, ո՛չ այլ թանգարաններում վերջին 10 եւ ավելի տարիների ընթացքում լուրջ գույքագրում չի արվել։ Հիմա մենք այդ խնդիրն ենք իրականացնում։ Շահեն Խաչատրյանը, որ ընդունել է պատկերասրահը, որպես տնօրեն, ֆոնդապահից ընդունում-հանձնում չի եղել։ Մեր ժառանգության տերը պիտի լինենք, իմանանք ինչ ունենք, ինչ ենք պահպանելու։

-Դո՞ւք ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում դրեցիք, թե՞ կուսակցությունն առաջադրեց։

-Ի՞նչ կա դրա մեջ։ Ես 13 թիվը շատ եմ սիրում (համամասնական ընտրակարգով ՀՅԴ-ի ընտրացուցակում Ռ. Շառոյանը 13-րդն էր- Ս. Ս.)։ Անկեղծ ասած, ես եմ առաջարկել, որովհետեւ դպրոցում էլ, համալսարանում էլ, ուսանողական տոմսով եւ մատյանով 13-րդն եմ եղել։ Նույնիսկ ԿԳԲ-ի մեկուսարանում էի թիվ 13-ը։

-Խոստովանեք, որ ուզում էիք նախարար մնալ։

-Ես պաշտոններ ունենալու կոմպլեքս չունեմ։ Ընդհանրապես՝ ես պաշտոնի ոչ մարմաջ ունեմ, ոչ սիրտ, ոչ էլ հավես։

-Կարող էիք հրաժարվել։

-Բայց ես մարդ եմ, քաղաքացի եմ, որ ծրագրեր եմ իրականացնում, ուզելու խնդիր չէ, այլ պարտավորության հարց է։

-Ո՞րն էր նպատակը նախարարության «Ասպետ» պաշտոնաթերթի տպագրման։ Այդքան գումարներ ծախսեցիք…

-Չեմ հիշում քանի համար է լույս տեսել, բայց շատ գումար չէր ծախսվում։ Երեւի ծախսվել է այնքան, որքան «Առավոտի» մեկ համարի վրա։ Առաջիկայում հովանավորներ կգտնենք, որպեսզի «Ասպետը» կարողանա միայն մշակութային եւ մարզական տեղեկատվություն ներառել իր մեջ։ Պիտի կարողանանք «Ասպետի» ճանապարհով համաշխարհային եւ տեղական ինֆորմացիաներ տեղադրել։ Եթե դուք կարծում եք, որ դա քարոզչության, ռեկլամի, իմ անձի հետ կապվածություն էր, ապա ես ավելի հնարավորություններ ունեի առանց այդպիսի թերթ ստեղծելու անձնական քարոզչությունս շատ բարձր մակարդակով իրականացնել բոլոր հեռուստաընկերություններով, թերթով։ Բայց ես երբեք այդպիսի քայլի չեմ դիմել եւ չեմ դիմելու։ Բավական է, կարծում եմ, ավելի լավ կլինի, որ թողնեք ապրենք մինչեւ մյուս հարցազրույցը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Ի՞նչ թաքցնեմ ազգիցս. Շառոյանին շատ դժվար էր համոզել բանավոր հարցազրույց տալ։ Միանշանակ պնդում էր՝ միայն գրավոր, այսինքն հարցերը նախապես գրավոր տալ ու գրավոր էլ պատասխանները ստանալ։ Իսկ պատասխաններից բխող հարցերս էլ հետո առանձին պետք է գրեի ու տայի, պատասխանները ստանայի։ Այսինքն՝ նամակ-նամակ։ «Առավոտին» նման ձեւով հարցազրույց տվողը Ծաղիկ Ռուբոն է եղել… Հետո, երբ թերահավատությունս հայտնեցի, թե նախարարն ուրիշին է հանձնարարելու առանձին ոլորտների հետ կապված հարցերին պատասխանել, առաջարկեց հարցերը նախապես գրավոր տալ իրեն ու իր պատասխանելու ընթացքում աշխատասենյակի մի անկյունում սուրճ խմել, մինչեւ… Բայց մի անհանգստացեք, այս հարցազրույցը բանավոր է ընթացել, միայն վերջում նախարարը որոշակի շտկումներ է կատարել իր խոսքում, նույնիսկ վերնագիր էր դրել՝ «Կապրենք մինչեւ մյուս հարցազրույց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031