Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԱՍԻՐԵՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Հուլիս 21,1999 00:00
Robert Qocharyan

Իսկ Պարույր Հայրիկյանը էս շոգին չհանվեց

ՀՀ նախագահին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով արտահերթ նիստ էր հրավիրել։

Նիստի նպատակը Ռոբերտ Քոչարյանի՝ հանձնաժողովին շնորհակալություն հայտնելու ցանկությունն էր։

Մինչ կժամաներ նախագահը, հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը մի քիչ զբաղեցրեց ներկաներին, ասելով, որ թեպետ հանձնաժողովն աշխատել է նախագահին կից, բայց քննարկել է բոլոր տեսակետները։ Պրն Հայրիկյանը պիջակը հագից չէր հանում, հանձնաժողովների բոլոր անդամները միայն վերնաշապիկով էին, տեղ-տեղ՝ նաեւ փողկապով։ Հայրիկյանն առանց պիջակը հանելու, եւ երեւի հենց այդ պատճառով, քրտնած, շարունակում էր ասել, թե ինքը կշարունակի մնալ հանձնաժողովում, որպես քաղաքական գործիչ, իսկ նրանք, ովքեր հրաժեշտ կտան հանձնաժողովին, թող հանգիստ վերաբերվեն այդ հարցին։

Ի վերջո, Հայրիկյանն էլ հանձնաժողովին շնորհակալություն հայտնեց մեկ տարվա կատարած աշխատանքի համար եւ, անցնելով շարքերի մեջ, սպասեց նախագահի հայտնությանը։

Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկավ, բարեւեց, մի թեթեւ նախագահական հայացք գցելով ներկաներին, անմիջապես հասկացավ. «Անհավասար պայմաններում ենք» ու ինքն էլ հանվեց, այսինքն՝ պիջակը հանեց։ Հայրիկյանը շարունակում էր մնալ իր մուգ գույնի պիջակով։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնաժողովին ասաց մոտավորապես հետեւյալը. «(…) Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ կապված համարում եմ, որ փոփոխություններ պետք է մտցնենք, կապված իրավիճակի փոփոխությունների հետ։ Իրավիճակի փոփոխությունը նոր ԱԺ-ի ընտրություններն էին եւ ներկա քաղաքական դաշտի ձեւավորված վիճակը։ Այդ տեսակետից ես պետք է առաջին հերթին շնորհակալություն հայտնեմ ամբողջ հանձնաժողովի կազմին։ Համարում եմ, որ բավական լուրջ աշխատանք իրականացված է, եւ իրականացված է բավական դժվար քաղաքական մթնոլորտում։ Անցած տարին հետաքրքիր էր, իմ կարծիքով, հետաքրքիր էր իր պրոցեսներով, ես, օրինակ, դրական եմ համարում ամբողջը, ինչ որ կատարվեց այս մեկ տարվա ընթացքում։

Իսկապես, նորմալ քաղաքական պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանում եւ ամեն ինչ մտել է, մտնում է այն հունի մեջ, որով պետք է ընթանանք։ Ուղղակի սկզբից մի քիչ անսովոր էր, որոշ դեպքերում թվում էր, թե ինչ-որ ատրակցիոն է, բայց պարզվում է, որ նորմալ քաղաքական կյանքը հենց դա է։ Երբ ամեն ինչ տեղափոխվեց խորհրդարան, տեղափոխվեց հանձնաժողովների աշխատանք, կուսակցություններն ու ընդդիմությունը հնարավորություն ունեցան արտահայտվել, պայքարել արդեն հանձնաժողովների կազմում, խորհրդարանում պաշտպանել իրենց տեսակետները։ Հիմա կա միայն խնդիր տեմպերի տեսակետից եւ այդ առումով, ես կարծում եմ եւ համարեցի, որ ճիշտ կլինի հանձնաժողովը մի քիչ ձեւափոխել։ Ունենալ մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը շատ արագ պետք է աշխատի, եւ որից հետո քաղաքական քննարկումները, քաղաքական կարծիքների արտահայտումը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ կսկսի արտահայտվել հենց ԱԺ-ում։ Քանի որ համոզված եմ՝ ինչ տարբերակով էլ, ինչքան էլ մշակվեն մեր առաջարկությունները, միեւնույն է, ԱԺ-ում լուրջ քննարկման առարկա է դառնալու, եւ նույն պրոցեսը, փաստորեն, մենք ունենալու ենք ԱԺ-ում։ Այսպես, կարծում եմ, մի կողմից կարող ենք տեմպի կորուստ ունենալ, թեկուզ քննարկումները, երբեք, երեւի վատ արդյունքների չեն բերում։

Նոր հանձնաժողովի կազմ կլինի, ձեզանից մասնագետները, իրավաբանները, որոնք աշխատել են հանձնաժողովի կազմում, կմնան հանձնաժողովի կազմում, բայց ես կարծում եմ, այնպիսի կազմ պետք է ունենանք եւ աշխատանքի այնպիսի տեմպ, որ հոկտեմբերին ի վիճակի լինենք հանձնել ԱԺ։ Նրանից հետո ԱԺ-ի գործն է՝ ձեւավորել հատուկ հանձնաժողով, թե պետաիրավական հանձնաժողովը կմտնի այս բեռի տակ, կշարունակի այս գործը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031