Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

40 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ. ԱՅՍ ԷՐ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Հունվար 20,2000 00:00
Ruben Hayrapetyan

1998-ի մայիսին այս քրեական գործի նախաքննությունը կասեցվեց եւ վերսկսվեց միայն 1999-ի մարտին։

Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձի հանգամանքները ներկայացնում ենք ըստ մեղադրական եզրակացության եւ դատավճռի նյութերի։

«Դատարանը ծախված է»,- հունվարի 10-ին այսպես արձագանքեց «Վիտյա Այվազյան» երկրապահ ջոկատի հրամանատար Ավետիս Խաչատրյանը վերաքննիչ դատարանի վճռին։ Հետաքրքիր էր նման գնահատական լսել մի մարդուց, որը պայթուցիկ սարքը պատրաստած՝ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին հրամանատար Կարեն Հովհաննիսյանի հետ միասին Ավանի այն ժամանակվա համայնքապետ եւ «Հայծխախոտ» ԲԲԸ-ի բաժնետեր Ռուբեն Հայրապետյանին սպանելու համար 40 հազար դոլար էր ստացել «Եվրոպա-1» խանութի տնօրեն, 27-ամյա Աշոտ Սարգսյանից։

Սպանությունը պատվիրելու դրդապատճառները հետեւյալն էին։ Աշոտ Սարգսյանի մայրը՝ Լիդիա Սարգսյանը, «Հայծխախոտ» ընկերության բաժնետոմսերի 23,3%-ի սեփականատերն էր։ Նույնքան բաժնեմաս ունեին նաեւ Ռուբեն Հայրապետյանն ու Հրանտ Վարդանյանը։ Լիդիա Սարգսյանը համատեղում էր «Հայծխախոտի» բաժնետերերի վարչության խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնները։ 1997-ի աշնանից մյուս սեփականատերերը սկսեցին դժգոհել նրա գործունեությունից՝ «Հայծխախոտի» ծանր վիճակի պատճառ համարելով Լիդիա Սարգսյանի կողմից աշխատանքների սխալ կազմակերպումը։ Ընկերությունը ֆինանսական լուրջ դժվարություններ ուներ, արտադրանքն անորակ եւ անմրցունակ էր։

Ռուբեն Հայրապետյանը եւ Հրանտ Վարդանյանը բազմիցս ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր էին առաջարկել, սակայն Լիդիա Սարգսյանը «Հայծխախոտի» գործունեությունը վարում էր իր հայեցողությամբ եւ անարդյունավետ։ 1997-ի կեսերին «Հայծխախոտի» բազայի վրա ստեղծվեց «Գրանդ Տոբակոն»։ Հրանտ Վարդանյանի ղեկավարած այս ձեռնարկությունը կարճ ժամանակում առաջատար դարձավ, «Գրանդ Տոբակոյի» արտադրանքը մեծ պահանջարկ վայելեց։

Աչքի առջեւ ունենալով այս դրական փորձը, հիմնական բաժնետերերն ապարդյուն ջանում էին համոզել Լիդիա Սարգսյանին, որ փոխի «Հայծխախոտի» գործունեության ռազմավարությունը։ Աշոտ Սարգսյանը տեղյակ էր մոր եւ մյուս բաժնետերերի միջեւ եղած հակասությունների մասին եւ մտավախություն ուներ, որ իրենց ընտանիքը կզրկվի ընկերության տնտեսական գործունեությունը ղեկավարելու հնարավորությունից։ Նա Ռուբեն Հայրապետյանին էր մեղադրում «Հայծխախոտի» աշխատանքների պատշաճ կազմակերպման՝ մոր փորձերին խոչընդոտելու մեջ։ Ուստիեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք էր փնտրում։ Ի վերջո, հաստատված համարվեց, թե նա այդ ելքն ինքնուրույն է գտել։

Չնայած 1999-ի ապրիլին Լիդիա Սարգսյանն էլ որպես մեղադրյալ կալանավորվեց, բայց մայիսին նրա վերաբերյալ քրեական գործի մասը կարճվեց։ Ի դեպ, դատաքննության ընթացքում Աշոտ Սարգսյանը նշել էր, թե այս սպանությունը պատվիրելու մասին ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել ձերբակալված մորն այդ վիճակից հանելու համար։ Լիդիա Սարգսյանը դատարանում արդեն որպես վկա հանդես եկավ։ Ինչեւէ։

1997-ի նոյեմբերին Աշոտ Սարգսյանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնություն հատկացնելու առիթով ծանոթացել էր Երկրապահ կամավորականների միության անդամ Ավետիս Խաչատրյանի եւ Կոշի ՈՒԱՀ-ի ռեժիմի գծով տեղակալ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Մտերմացել էին, սկսել միասին, ինչպես մեղադրական եզրակացության մեջ է նշված՝ «զվարճանքի հաստատություններ» հաճախել։

1997-ի դեկտեմբերի սկզբին «Հայծխախոտի» եւ «Գրանդ Տոբակոյի» արտադրամասերի երկու պետերի վեճի առնչությամբ գործարան էր այցելել Աշոտ Սարգսյանը՝ պատճառները քննարկելու, հաշիվ պահանջելու։ Փորձել էր իրեն ներկայացնել որպես ընկերության ղեկավարմանը հավասար իրավունքներ ունեցող մեկը։ Ռուբեն Հայրապետյանը արհամարհանքով խորհուրդ էր տվել նրան դիմել իր 5-ամյա որդուն։ Բորբոքված խոսակցության ընթացքում Ռուբեն Հայրապետյանը նախ ցանկացել էր ապտակել, հետո էլ սենյակից դուրս էր հանել Աշոտ Սարգսյանին եւ առաջարկել հրավիրել մորը։ Եղածին գումարվեց նաեւ վրեժխնդրության զգացումը։

Կատարվածի մասին հաջորդ օրը Աշոտ Սարգսյանը պատմել էր Ավետիս Խաչատրյանին ու Կարեն Հովհաննիսյանին եւ ակնարկել, որ ցանկանում է պատժել Ռուբեն Հայրապետյանին։ Ավետիս Խաչատրյանն էլ իր հաշիվներն է ունեցել՝ պատմել էր, որ ընտրությունների ընթացքում բազմիցս ընդհարվել է Ռուբեն Հայրապետյանի հետ։ Աշոտ Սարգսյանը հարցրել էր. «Ուզում եմ Ռուբիկին խփել տամ։ Դա ինձ վրա ինչքա՞ն կնստի։ Ճանաչո՞ւմ եք արդյոք այնպիսի մարդու, որ կկատարի պատվերս»։ Կարեն Հովհաննիսյանը պատասխանել էր, թե նման գործողությունը 40-50 հազար դոլար կարժենա, իսկ անհրաժեշտության դեպքում ինքն էլ կկատարի պատվերը։ Ռուբեն Հայրապետյանին սպանելու իր հաստատ որոշման մասին Աշոտ Սարգսյանը պնդել էր նաեւ հետագա հանդիպումների ընթացքում եւ խոստացել 40 հազար դոլար վճարել։

1998-ի հունվարին Աշոտ Սարգսյանը Ավետիս Խաչատրյանին եւ Կարեն Հովհաննիսյանին որպես կանխավճար 20 հազար դոլար է վճարում եւ խոստանում գումարի մյուս մասը տալ Ռուբեն Հայրապետյանին սպանելուց հետո։ Կարեն Հովհաննիսյանը հեռակառավարման պայթուցիկ սարք է պատրաստում, որն էլ հունվարի 20-ին տեղադրում է այն ճանապարհին, որով սովորաբար աշխատանքի էր մեկնում Ռուբեն Հայրապետյանը։ Եվ երբ վերջինիս մեքենան հավասարվել է պայթուցիկ սարքին, ձեռքի հաղորդիչ վահանակով պայթեցրել է այն։ Ռուբեն Հայրապետյանը միայն պատահականորեն է փրկվել։ Հզոր պայթյունը մեքենայի անմիջական հարեւանությամբ էր եւ միայն ավտոմեքենային վնասվածքներ պատճառեց։

Տեղեկանալով, որ իր պատվերը «պատշաճ» ձեւով չի կատարվել եւ Ռուբեն Հայրապետյանը չի տուժել, Աշոտ Սարգսյանը հրաժարվում է գումարի մնացած մասը վճարել եւ անգամ կանխավճարն է փորձում ետ ստանալ։ Սակայն նրան նախ խոստացել են, թե հետո կկատարեն պատվերը, իսկ ավելի ուշ սպառնացել, թե չվճարելու դեպքում կտրուկ միջոցների կդիմեն՝ կհրապարակեն այն տեղեկությունը, թե ինքն է պատվիրել այդ սպանությունը։ Մինչեւ ապրիլ շորթել են եւս 20 հազար դոլար։ Ի դեպ, Կարեն Հովհաննիսյանն այն գերազանցապես վատնել է խաղատներում։

1998-ի սկզբին Ռուբեն Հայրապետյանն ու Հրանտ Վարդանյանը միացրին իրենց բաժնեմասերը եւ ձեռք բերեցին «Հայծխախոտի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (ի դեպ, ավելի վաղ Լիդիա Սարգսյանն էր Ռուբեն Հայրապետյանին առաջարկել իր հետ միասին առանձնանալ եւ ընկերության սեփականությունը բաժանել)։ Մայիսին բաժնետերերի ընդհանուր ժողովը Լիդիա Սարգսյանին ազատեց խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի պարտականություններից։ Ժողովից մի քանի օր անց Լիդիա Սարգսյանն իր բաժնետոմսերը վաճառեց Սամվել Բաբայանի եղբորը՝ ԼՂՀ ՆԳ նախկին նախարար, Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանին։

Նշենք նաեւ, որ ավելի ուշ «Հայծխախոտի» գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը Կարեն Բաբայանից վերագնեց այդ բաժնետոմսերը։

1998-ի իշխանափոխությանը նախորդած եւ բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տված երեք հանցագործություններից այս մեկի վերջակետը դրեց Ավան եւ Նոր Նորքի համայնքների առաջին ատյանի դատարանը։ Այն 1999-ի հոկտեմբերի 12-ին վճռեց Աշոտ Սարգսյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման, Կարեն Հովհաննիսյանին՝ 13 տարվա, անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, իսկ Ավետիս Խաչատրյանին՝ 9 տարի 6 ամսվա ազատազրկման։ Երեքն էլ իրենց պատիժը պիտի կրեն ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում։ Իսկ վերաքննիչ դատարանը ընդամենը մեկական տարով նվազեցրեց Աշոտ Սարգսյանի եւ Ավետիս Խաչատրյանի պատժաչափերը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31