Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Փետրվար 03,2000 00:00
maqeyan

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանին խնդրեցինք մեկնաբանել դատախազությանը հղված իրենց դիմումների պատասխանները եւ ներքաղաքական որոշ իրողություններ։

Ռոբերտ Քոչարյանի գործի ոդիսականը

Անցած տարվա դեկտեմբերի 2-ին «Հայրենիք» դաշինքը դիմել էր գլխավոր դատախազին 1998-ին նախագահի թեկնածու գրանցվելու փուլում Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած տեղեկանքների հիմքերի օրինականությունը պարզելու խնդրանքով։ Դեկտեմբերի 16-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը պատասխանել էր. «Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկանքներն օրինական են»։ Դեկտեմբերի 27-ին «Հայրենիքի» ղեկավարները դարձյալ էին դիմել գլխավոր դատախազին, պնդելով, որ իրենց դիմումը կատարված հանցագործության մասին իրավաբանական անձի հաղորդում է եւ պիտի քննության առնվի ՔԴՕ-ի պահանջների պահպանմամբ։ Այս անգամ դիմումին պատասխանել էր ինքը՝ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը։ 2000 թվականի հունվարի 7-ին իր պատասխանում նա մասնավորապես նշել էր, թե այդ «դիմումն, իր հարցադրումների բնույթով, չէր կարող դիտարկվել իբրեւ հանցագործության վերաբերյալ հաղորդում»։

Այս ամենի առնչությամբ Պետրոս Մակեյանի մեկնաբանությունն էր. «Մեզ համար այնքան էլ զարմանալի չէ այդ պատասխանը, քանի որ իրավապահ համակարգը մեզանում ընդունակ է անօրինականը դարձնել օրինական եւ հակառակը։ Ամբողջ հասարակությունը գիտե, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող լինել Հայաստանի 10 տարվա մշտական բնակիչ՝ Ղարաբաղում է ծնվել ու ապրել, նախագահ ընտրվել։ Եվ մեզ հասած լուրերով, այն շենքը, որի հասցեով նրան տեղեկանք է տրվել՝ 20 տարուց ավելի քանդված է։ Այսինքն, դատախազությունը հիմնավորել է չեղածը»։

Սերժ Սարգսյանի գործի ոդիսականը

1999-ի դեկտեմբերի 18-ին «Հայրենիք» դաշինքը Բորիս Նազարյանին ուղղված մեկ այլ դիմումում խնդրել էր ուսումնասիրել ՆԳ եւ ԱԱ նախարարության հատուկ հաշիվներին առնչվող հարցերը ու նաեւ, թե ինչ միջոցներով է «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել այդ նախարարության ընդունելության տունը։ Հունվարի 25-ին Գեւորգ Դանիելյանը պատասխանել էր, թե հանցագործությամբ պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցման գումարները մուտքագրելու համար ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ԿԲ-ում բացել էր երկու հաշիվ. «Կուտակված գումարները տնօրինվել են բացառապես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ու ՆԳ եւ ԱԱ նախկին նախարարությունն այդ գումարների տնօրինման հետ երբեւէ չի առնչվել»։ Պետրոս Մակեյանն այս պատասխանն «աբսուրդ» անվանեց եւ հիշեցրեց խնդրո առարկայի շուրջ նախկին ԱԺ-ում «Հայրենիքի» հայտարարություններն ու կազմակերպած լսումները. «Մեր ուսումնասիրության արդյունքներով, այդ հաշիվներում մուտք եղած գումարների նվազագույնը՝ հնգապատիկը «ձախ» է գնացել։ Առանց Սերժ Սարգսյանի, հանցագործությամբ պետությանը հասցված վնասի փոխհատուցման գումարները չէին կարող վերաբաշխվել»։

Ընդունելությունների տան վերաբերյալ դատախազության պատասխանն էլ հետեւյալն է, թե դրա «շինվերանորոգման նպատակով» ծախսվել են 1997-1999 թ.-ին այդ նախարարությանը պետբյուջեով հատկացված գումարները։ «Ես այդ տարիներին եղել եմ ԱԺ պատգամավոր։ Բյուջեի որեւէ հոդվածով ՆԳ եւ ԱԱ նախարարությանը վերանորոգման կամ կապիտալ շինարարության համար խոշոր գումարներ չեն հատկացվել,- ասաց պրն Մակեյանը։- Սահմանված աննշան գումարներով հնարավոր չէր լինի մի քանի միլիոն դոլարի արժողությամբ այդ տունը կառուցել։ Այսինքն, դատախազությունը դարձյալ հիմնավորել է չեղածը»։

Գումարելիների տեղափոխությամբ…

Երկրորդ դիմումի պատասխանը վերահաստատել էր Պետրոս Մակեյանի այն համոզումը, թե իրավական համակարգը շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդ. «Եվ գրեթե ոչինչ չի փոխվում անձերի փոփոխությունից։ Ազդեցության ոլորտներն են միայն փոխվում՝ մի դատախազը կարող է ենթարկվել Սերժ Սարգսյանին, մյուսը՝ վարչապետին եւ հակառակը։ Փոխվում է միայն պատվիրատուն։ Մեր համոզմամբ, փոփոխությունները հնարավոր են միայն իրոք ժողովրդի կողմից ընտրված նախագահի եւ ԱԺ-ի պարագայում»։

Ի դեպ, նա բացահայտեց, թե այս երկու դիմումների շարժառիթն էլ նույնն էր. «Երբ դատախազը փոխվեց ու Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ-որ չափով նվազեց՝ մենք հույս ունեցանք, թե որոշակի գործընթացներ կսկսվեն»։

Մեր հարցին, թե կատարվածն իրեն չի՞ բերում այն համոզման, որ ներկա «պատվիրատուներին» պարզապես ձեռնտու չէ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ինչ-ինչ քայլեր ձեռնարկելը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ոչ, այդ կարծիքին չեմ։ Ուղղակի դեռեւս ընթանում է ներիշխանական պայքար, որի արդյունքները հայտնի չեն։ Ուստի երկու կողմն էլ առայժմ զգույշ քայլեր են անում։ Երբ որ ներիշխանական գործընթացներում որոշակի հստակություն լինի՝ հավանաբար վերոհիշյալ հարցերն էլ քննության կառնվեն»։

Սակայն արժե՞ մանրանալ

Ռոբերտ Քոչարյանն առաջարկել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների հույս չունենան «եւ իզուր տեղը չմանրանան ու չթեթեւանան»։ Ներիշխանական պայքարում որոշակի հստակության վերաբերյալ Պետրոս Մակեյանի ակնարկներից կարելի էր ենթադրել, որ նա այնուամենայնիվ դեռ այս առումով սպասելիքներ ունի։ Սակայն նա բացատրեց, թե բոլորովին այլ համատեքստում է այժմ խոսում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին. «Եթե քաղաքական դաշտի մի մասը սպասում էր, որ պայքարի ընթացքում ներիշխանական մի թեւը Ռոբերտ Քոչարյանին շարքից կհանի՝ այսօր գտնում եմ, որ դա սխալ է։ Քանի որ եթե թեւերից մեկն է դարձյալ դառնում պատվիրատուն, նոր ընտրությունների պայմաններում այն նորից կփորձի տեր կանգնել եւ կկրկնվի նույն պատմությունը։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանի հեռանալու հասարակական պատվերը կա եւ գտնում ենք, որ այն ուղղակի պիտի վերածվի հասարակական պարտադրանքի։ Նրան պիտի հեռացնի ժողովուրդը, որն էլ պիտի տեր կանգնի եւ օրինական նախագահ ընտրի»։

Մի՛ ապակայունացրեք մեր կերակրամանը

«Կայունություն» խումբն ընտրություններում ոչ բավարար ձայներ հավաքած կուսակցությունների նման տեսակետները որակել էր որպես «պետության ապակայունացմանը» նպաստող։ ԱԺ մեծամասնությունը կազմող մյուս ուժի դիրքորոշումներն էլ են բավական մեղմ։ «Դա առերեւույթ է,- ասաց պրն Մակեյանը։- Ցավոք սրտի, մեր ճակատագիրն այսօր որոշում են դրսի ուժերը, որոնք այսօր աշխարհաքաղաքական իրենց շահերից ելնելով, պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ մեր ներքին ուժերն էլ շարժվում են դրսի ուժերի ուղղորդմամբ։ Այս առումով էլ լուրջ չեմ ընդունում նման հայտարարությունները։ Ասենք «Կայունության» մեծ մասը ՀՀՇ-ի ժամանակ էլ «Հանրապետության» կամ «Բարեփոխումների» ցուցակներում էին եւ նույն կոչերն էին անում։ Այսօր էլ իրենց կերակրամանի կայունության համար են պայքարում եւ հաշվի չեն առնում ժողովրդի վիճակը, կարծիքը»։

ՀՅԴ ընդհանուր ժողովում վարչապետ Արամ Սարգսյանի հայտարարություններին Պետրոս Մակեյանն առանձին անդրադարձավ. «Առաջին տպավորությամբ՝ դրանք քաղաքական անփորձության հետեւանք են, իսկ ՀՅԴ ֆինանսավորման շուրջ նրա դատողություններն էլ՝ օրենքը չիմանալու արտահայտություն։ Եվ երկրորդը, որ չափազանց ազնիվ է եւ «Երկրապահին», եւ ինքն իրեն օրենքից դուրս է հայտարարում, քանի որ գտնում է, թե քանի որ Ռոբերտ Քոչարյանն օրինական նախագահ չէ, ուրեմն՝ նրա նշանակած կառավարությունն ու վարչապետն էլ օրինական չեն, իսկ «Երկրապահ» հասարակական կազմակերպությունը չափից ավելի է մտել քաղաքականության մեջ։ Եթե երկրորդ տպավորությունը ճիշտ է՝ դրական եմ գնահատում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829