Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է 5000 ԴՈԼԱՐԻՑ

Ապրիլ 04,2000 00:00
dolar

Քոչարյան-Ալիեւ հանդիպումներից հետո մեր նախագահը հանդիպման արդյունքն ամփոփում էր մեկ նախադասությամբ. «Քննարկվում են փոխզիջումային տարբերակներ»։ Ըստ Քոչարյանի՝ կոնկրետ տարբերակի շուրջ բանակցություններ չեն վարվում։ Սակայն շրջանառվող լուրը՝ Մեղրու փոխանակման շուրջ լուրջ մտահոգության եւ հիասթափության է հասցրել մեղրեցիներին՝ դառնալով արտագաղթի հերթական պատճառներից մեկը։

«Մեղրին փոխանակելը բա խելքին մո՞տ է»

Անհասկանալի աղբյուրներից մեղրեցիներին լուրեր են հասել, որ իրենց առաջարկվելու են մեծ գումարներ՝ տուն-տեղը թողնելու եւ Մեղրիից հեռանալու համար։ Երեւանում թերեւս անհավատալի է թվում այս փաստը, սակայն Մեղրիի բնակիչների հետ զրույցից հետո ահա թե ինչ պարզվեց.

Հենրիկ Մկրտչյան. «Ասում են՝ մեզ փող են տալու, որ ստեղից քոչենք, գնանք, էս տերիտորիան տան թուրքերին։ Մեկն ասում է 7000 դոլար են տալիս, մեկն ասում է՝ 25000՝ յուրաքանչյուր շնչին։ Բայց խելքին մո՞տ է»։

– Որ մեծ գումարներ տան, կգնա՞ք։

(Սամվել Կարապետյան) Անհապա՛ղ, անհապա՛ղ, անհապա՛ղ։

– Որքա՞ն գումարով կլքեք հայրենիքը։

– Էնքանով, որ հասնենք մեր նպատակին, կարողանանք գնանք ուրիշ պետությունում ապրենք։ Որ 10 հազար, 20 հազար էլ տան, կհամաձայնենք։ Վարդգես Մկրտչյան. «Լսել եմ էդպիսի բան։ Ասացին՝ մի շնչին 5000 դոլար են տալու, տանը՝ 10 հազար դոլար։ Ես հաստատ չեմ թողնի Մեղրին։ Սարատովից 5 օր առաջ եմ վերադարձել։ Ո՞վ իր հայրենիքը կթողնի»։

90-ամյա մի մեղրեցի ծերունի ասաց. «Յուրաքանչյուր մարդ իր հայրենիքը պետք է սիրի, իմանա նրա պատմությունը։ Թե չէ եթե որեւէ մեկն իր հայրենիքը չի սիրում, միջազգային սրիկա է»։

Միլոշ Մկրտչյան. «Դա համարում եմ սուտ լուր։ Եթե Քոչարյանն էդպիսի բան որոշել է, բոլորը դեմ կլինեն դրան։ Ոչ մի մեղրեցի չի համաձայնվի։ Ինչքան գումար ուզում են՝ առաջարկեն»։

– Ովքե՞ր են գումարներն առաջարկում, ճանաչո՞ւմ եք նրանց։

– Ոչ, լուրեր են, տարածողներն հակազգային մարդիկ են։

«Նման տարբերակը բացառում եմ»,- ասաց վարչապետը

Խորհրդարանում այս հարցը վերջերս բարձրացրել էր պատգամավոր Գրիգոր Հարությունյանը։ Նրանից փորձեցի ճշտել՝ որեւէ արձագանք իր հայտարարությանը եղե՞լ է, թե՞ ոչ. «Մենք պետություն ենք, ունենք անվտանգության մարմիններ։ Պատասխանն իրենք պիտի տան։ Թող ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ ԱԱ ղեկավարները, ե՛ւ ԱԳ նախարարը պարզաբանում տան վերջապես։ Այս տարբերակը շոշափվել է՝ սկսած 52 թվականից՝ սկսած Գոբլի ծրագրից, Գալինա Ստարովոյտովայից, որը էն ժամանակ գալիս էր Մեղրի, ու շատերը չէին հասկանում՝ ինչո՞ւ։ Ինչո՞վ է Մեղրին գրավիչ. միակ 46 կմ-անոց հատվածն է, որ Մեծ Թուրանը (Թուրքիային) անջատում է Յակուտիայից (Միջին Ասիայից)։ Երբ այս 46 կմ-ը կբնակեցվի թյուրքալեզու ժողովրդով, կլուծվեն մեծ խնդիրներ։ Սա քաղաքական լուրջ խնդիր է, որ վերլուծաբանները պիտի կարծիք հայտնեն։ Չլինի Մեղրին, չի լինի Հայաստան։ Չլինի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, չի լինի Մեղրին»։

Սյունիքի մարզ կառավարության եռօրյա այցի ընթացքում լուրջ քննարկումներ եղան ոչ միայն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, այլեւ Կապանի, Քաջարանի կոմբինատների՝ ողջ հզորությամբ աշխատելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, տրիկոտաժի ֆաբրիկան աշխատեցնելու շուրջ։ Ընդ որում՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ նախարարները հավատացրին, որ ամենասեղմ ժամկետում (մեկ- երկու շաբաթից) մեղրեցիները՝ մասնավորապես, ողջ Սյունիքն՝ ընդհանրապես, կզգան դրական տեղաշարժեր։

Վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հաստատեց, որ համայնքների ղեկավարների հետ կառավարության փակ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Մեղրու խնդիրը եւ բնակիչների անհանգստության հիմքերը. «Ժողովրդի մեջ կան այդպիսի խոսակցություններ, որոնք իմ կարծիքով առանձնապես հիմքեր չունեն։ Որոշ չարակամ մարդիկ են տարածում էդպիսի բաներ։ Գուցե իրականության մեջ կան այդպիսի դեպքեր, որ մոտենում են մարդկանց, գումար են առաջարկում։ Կառավարությունը լրջագույն քննարկում կանցկացնի եւ սկզբունքային, ֆունդամենտալ որոշում կընդունի»։

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանն է, ուստի, նրանից էլ որոշակի պարզաբանումներ խնդրեցի՝ տեղյա՞կ է մեղրեցիների մտահոգություններին։ «Ես տեղյակ չեմ, չգիտեմ»,- այս կապակցությամբ ասաց նախարարը՝ կոնսպիրացիայի համար նաեւ զարմացած հայացք ընդունելով։

Առավել անկեղծ ու կտրուկ էր վարչապետ Արամ Սարգսյանի վերաբերմունքը։ «Առավոտի» հարցին պրն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես այդ խնդիրը համարում եմ քաղաքական խնդիր, բացառում եմ նման տարբերակը՝ թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես Հայաստանի քաղաքացի։ Կարծում եմ՝ ամբողջ Հայաստանն այդ գաղափարախոսությանը դեմ է, եւ նման խնդրում համախոհներ փնտրելու պրոբլեմ չկա։ Բոլոր կուսակցությունները միահամուռ դեմ են դրան, ես հանդիպել եմ նրանց հետ։ Նույնիսկ անհեթեթ եմ համարում նման հարցի շուրջ քննարկումները»։

Հետաքրքիրն այն է, որ ոչ մի պաշտոնյա՝ վարչապետը, նախարարները, իրենց պատասխաններում չժխտեցին Մեղրու փոխանակման տարբերակի շուրջ լուրերը, միայն պնդում էին, որ իրենք դեմ են այդ տարբերակին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930