Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

Անտեղյակ, բայց կոմպլիմենտար Առաջադեմ մարդկությունն անհանգիստ քննարկում է, թե ինչու էր Պուտին-Քլինթոն հանդիպման ժամանակ այդքան կարճ նախագահ Քլինթոնի շալվարը, կամ ինչու 30-ամյա մի ռուս կին, առանց անհարմար զգալու՝ ԱՄՆ-ի նախագահին հիշեցրեց նրա անդրավարտիքի եւ տղամարդկային արժանապատվության այլ ատրիբուտների մասին: Իսկ մենք՝ հայերս, այլ հարցով ենք մտահոգ՝ ի՞նչ խոսեցին երկու տերությունների ղեկավարները մեր մասին, ընթրիքի ընթացքում ժամանակ գտա՞ն քննարկելու Ղարաբաղի հարցը, թե՞ այն հետաձգվեց։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ նորանկախ երկրների գծով խորհրդական եւ հատուկ հանձնարարությունների դեսպան Սթիվըն Սեստանովիչը Պուտին-Քլինթոն հանդիպման մասին իր հարցազրույցում ասել էր, որ նախագահների քննարկելիք հարցերից է նաեւ տարածաշրջանային դիվանագիտությունը, որում երկու տերություններն էլ շահագրգռված են (մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի խնդրի խաղաղ կարգավորմամբ). «Մենք համատեղ աշխատում ենք եւ այլ ոլորտներում։ Կարող եմ նշել, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ենք, որը ստեղծված է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համատեղ կարգավորման նպատակով»,- նաեւ ասել է Սեստանովիչը։ Ղարաբաղի մասին՝ այսքանը։ Իսկ հարցը առհասարակ քննարկվել է, թե ոչ, պաշտոնական որեւէ տվյալ չկա։ Ամեն դեպքում, քանի որ Հայաստանում՝ ի թիվս այլ նախարարությունների, գործում է նաեւ արտգործնախարարությունը, որոշեցինք այստեղից ճշտել գոնե «այո»-ն կամ «ոչ»-ը։ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ասացին, որ ԱՊՀ երկրներով զբաղվող վարչությունն առայժմ իրենց որեւէ տվյալ չի հաղորդել եւ, որ նման տեղեկատվությունը առհասարակ ավելի հավանական է ստանալ դիվանագիտական ուղիներով, նախագահի կամ փոխնախագահի մակարդակով, այն էլ՝ կոնֆիդենցիալության շրջանակներում։ Հայաստանում, ավելին՝ Երեւանի կենտրոնում, իրենց «ուրույն» տեղերն են զբաղեցնում ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատները։ Ամենաթույլ տրամաբանությամբ անգամ՝ գոնե այս շենքերի ներսում պիտի տեղյակ լինեին մեզ հուզող հարցին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի գծով օգնականը սիրահոժար բացատրեց, որ իրենք որեւէ պաշտոնական տվյալ չունեն։ Համոզված ենք, որ նույն կերպ կպատասխաներ նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի գծով օգնականը, եթե իր տեղում լիներ։ Վերջինիս, ի դեպ, երբեւիցե բախտ չի վիճակվել իր ծառայողական պարտականությունները կատարելիս «բռնացնել»։ Մյուս աղբյուրը, որից կարելի էր ինչ-որ բան ճշտել, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն է։ Զանգահարեցինք այնտեղ։ Հասարակայնության եւ մամուլի գծով պատասխանատու Վարդան Տողանյանը նշեց, որ մինչեւ հանդիպումը ե՛ւ ռուսական, ե՛ւ ամերիկյան մամուլում կարդացել է, որ Ղարաբաղի հարցը կքննարկվի։ Սակայն երկու կողմերի պաշտոնական աղբյուրները հանդիպումից հետո այդ մասին ԶԼՄ-ներին տեղյակ չեն պահել։ Այսքանից հետո հույսի մի թույլ շող էր երեւում միայն՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գոնե նրանից պիտի որ գաղտնի չպահվեր՝ քննարկվե՞լ է իր հայրենի եզերքի ճակատագիրը, թե՞ ոչ։ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն անձամբ տեղյակ չէր։ Իսկ թե նախագահը որեւէ տեղեկություն ունի, թե ոչ, պրն Քոչարյանը պրն Գաբրիելյանին առիթ չէր ունեցել տեղյակ պահել։ Մի խոսքով, առայժմ մեր ճակատագիրն ու կողմնորոշման կոմպլիմենտարության աստիճանն անորոշ է։ Մեղրին ամերիկացիները վարձակալելո՞ւ են, թե՞ ոչ, Հայաստանը տարածքային զիջումների պիտի գնա՞, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանը պարզ կլինի այն ժամանակ, երբ մի որեւիցե օտարերկրյա պաշտոնյա, դիվանագետ կամ աջ ուժերին հարող նախկին մի պաշտոնյա բերանից թռցնի նախագահներ Պուտինի եւ Քլինթոնի բանակցությունների՝ մեզ առնչվող մասը։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930