Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 08,2000 00:00

«ՈՆՑ ՈՐ ՉԱՄԻՉԸ ԲՈՒԼԿԻԻ ՄԵՋ» ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Հայաստանը մահանում է «Զուգահեռաբար երկու գործընթաց է գնում։ Մի կողմից տեսնում ենք, որ զարգանում է սննդի արդյունաբերությունը, ադամանդագործությունը, հայերը նորից սկսել են կոշիկ, հագուստ կարել, այսինքն՝ ինչ-որ զարգացումներ ընթանում են։ Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսությունը կարծես թե մահանում է։ Եվ Հայաստանն է կարծես մահանում,- այս իրարամերժ պատկերներն ուրվագծեց Վազգեն Մանուկյանը։- Բնական է, որ իշխանություններն առաջինն են նշում, որ երկիրը կամաց-կամաց ոտքի կկանգնի։ Ժողովրդի մեծ մասը տեսնում է երկրորդը՝ մահացող տնտեսություն, մահացող պետություն»։ Առաջնորդը վերջապես խոսեց ԱԺՄ նախագահի տեսակետով, բնական եւ արհեստական ձեւերով արվում է ամեն ինչ, որ «տրոհումներ տեղի ունենան, կուսակցությունները չկայանան, դաշինքներ չստեղծվեն, միասնություններ չլինեն՝ իրար չսիրող, իրար մասին բամբասող մի քաղաքական դաշտ լինի»։ Բնական է, որ ընդհանրական այս դիտարկումը նախ պիտի հատկապես ԱԺՄ-ի մասով հետաքրքրեր, քանի որ Վազգեն Մանուկյանը մինչ այժմ ձեռնպահ էր մնացել ներկուսակցական բանավեճերի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելուց։ Նա նախ նշեց հայտնին, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհման առիթով «ԱԺՄ-ում դիրքորոշումների մեծ հակասություններ առաջացան՝ «պառակտումի նման եւ դա երեւաց»։ Ավելին՝ առաջին անգամ խոստովանեց. «Կուսակցության թեւեր մեր մոտ միշտ են եղել. խոսքն այն մասին էր, թե վեճերն ինչ ուժգնությամբ են ընթանում եւ ինչ նյութի վերաբերյալ»։ Սակայն քիչ անց մերժեց Դավիթ Վարդանյանի կամ Արշակ Սադոյանի «ճանապարհ» բնորոշումները. «Կան սովորական կուսակցական վեճեր. մի՛ դարձրեք դրանց ճանապարհներ»։ ԱԺՄ-իշխանություններ «Իհարկե, իշխանության մեջ՝ ոնց որ բուլկիի մեջ չամիչներ են լինում՝ բազմաթիվ մարդիկ կան, որոնք հայրենասեր են, նվիրված իրենց գործին՝ եւ առանց դրա պետությունը չի կարող գոյություն ունենալ։ Բայց, այնուամենայնիվ, չի երեւում, որ այս երկրում կա արդյունավետ, նպատակասլաց կառավարում»։ Ավելի ուշ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե չամիչն էլ Դավիթ Վարդանյա՞նն է՝ հարուցելով պրն Մանուկյանի անզուսպ ուրախությունը։ «Գտնում եմ, որ միայն կանգնել ու խոսելը, որ այս իշխանությունները վատն են եւ ամեն գնով պետք է այն փոխել՝ դիրքորոշում չէ։ Ասել, որ սա՛ է մեր երկիրը եւ ուրիշ բան չի մնում, քան մտնել իշխանության մեջ եւ փորձել ներսից լավացնել՝ դա էլ դիրքորոշում չէ։ Դիրքորոշումը, ինչպես միշտ, դրանց գումարն է»։ Ըստ այդմ, պետք է մտնել վատ իշխանության մեջ եւ ներսից փոխել այն՝ սա է երկու դիրքորոշումների գումարը։ «Պիտի ունենաս հստակ գաղափարներ, անընդհատ դրանք առաջ տանես եւ պետք է այս իշխանությունների մասին ասես այն, ինչ քեզ դուր չի գալիս։ Բայց բոլոր դեպքերում, երբ այն ձեռք է մեկնում, օգնություն խնդրում կամ ասում՝ այս հարցում միասնական լինենք՝ ես այստեղ խնդիր չեմ տեսնում»։ Բազմակուսակցական միֆը «Առավոտն» ուշադրություն հրավիրեց, որ չնայած պետական գույքի կառավարման նախարարի եւ նրա կուսակցության դիրքորոշումը հօգուտ սեփականաշնորհման է, նրա կոմունիստ տեղակալի կուսակցական առաջնորդը վերջերս այդ փոխնախարարի խնդիրը հռչակեց, որ «որքան հնարավոր է, պատնեշվի սեփականաշնորհման ճանապարհը»։ Ուստի, որեւէ արդյունք կարելի՞ է ակնկալել նման հակադրությունների միասնությունից։ Վազգեն Մանուկյանն ի պատասխան՝ մասնավորապես ասաց. «Որոշ բացառիկ դեպքերում կարող էի ասել, որ տեղակալ ունենալը, որը գործունեությանդ դեմ է եւ անընդհատ ուզում է վերահսկել՝ կարող է ինչ-որ տեղ լավ լինել»։ Մեր հարցի մյուս մասն էր, թե արդյոք տարիներ շարունակ տարփողվող բազմակուսակցական կառավարության գաղափարն այժմ գործնականում չի՞ ապացուցում իր սնանկությունը: Պրն Մանուկյանը չէր կարծում, որ այս դեպքում բազմակուսակցականությունն օգտավետ է, քանի որ՝ «եթե ընդհանուր խնդիրները նշված չեն՝ կառավարությունը կարող է բաղկացած լինել շատ փայլուն, խելոք մարդկանցից, բայց լինի վատ կառավարություն»։ Լավ կառավարության համար անհրաժեշտ համարվեց ինչ-որ գաղափարների շուրջ միավորված միասնական թիմ լինելը. «Ներկա կառավարությունն ինձ վրա այդպիսի թիմի տպավորություն չի թողել»։ «Հոգնած մարդիկ» քաղաքականության մեջ «Ես չեմ տեսնում, որ մենք հիմա նոր, լավ ուղղությամբ ենք գնում»,- ասաց ԱԺՄ նախագահը։ Իսկ այն հարցին, թե արդյոք այսօր էլ պահանջո՞ւմ են նախագահի հրաժարականը, պատասխանեց. «Միշտ էլ հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը չենք համարել արդար, նրան չենք համարել լեգիտիմ նախագահ»։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպես է բացատրում, որ չնայած նույն կերպ են մտածում շատերը, բայց ընդդիմադիր դաշինք չի ձեւավորվում։ Վազգեն Մանուկյանը փոքր-ինչ լռեց, քմծիծաղ տվեց ու պատասխանեց. «Իմ կարծիքով, շատերն են հոգնած քաղաքականության մեջ։ Հետո, իշխանությունն ինչքան ուժեղ է լինում՝ ընդդիմությունն էլ է ուժեղ լինում»։ Եվ հակառակը։ Նրա խոստովանությամբ, անցած տարիներին ավելի հեշտ էր. թվում էր, որ եթե մի խումբ հեռանա՝ ամեն ինչ լավ կլինի։ Բայց այդպես չեղավ. «Եվ հիմա արդեն շատ ոգեւորված մարդկանց խումբ չի կարող առաջանալ, որն իր առջեւ խնդիր դնի, որ ա՛յս մարդիկ գնան՝ էլի լավ կլինի»։ Տեղին հարց հնչեց, թե արդյոք դրանո՞վ է բացատրելի, որ երբեմնի հզոր եւ ազդեցիկ ԱԺՄ-ն այսօր բավական հոգնած է։ Վազգեն Մանուկյանը ծիծաղեց. «Անկեղծ ասած, երբ որ մեր կուսակցության անդամներին տեսնում եմ՝ ոչ մեկը հոգնած տեսք չունի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930