Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 07,2000 00:00
Hayrikyan

Հերթական, համատեղ, դավադիր

Երեկ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի սուր քննադատության թիրախ էր դարձել վերջերս խորհրդարանում ընդունված «Ընտրական օրենսգրքի» այն լրացումը, թե օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականից։ «Հայ ժողովուրդը շարունակում է միջազգային քաղաքակրթության փորձառությունը հարստացնել իր «ընտրյալների» նորամուծություններով»,- արձանագրեց պարոն Հայրիկյանը։ Նա կարծիք հայտնեց, ԱԺ մեծամասնությունը վախենալով նույն դաշինքի ներկայացուցիչ՝ ՀՀ նախագահի (ըստ պարոն Հայրիկյանի, նախագահ Քոչարյանը «Միասնություն» դաշինքի անդամ է) կողմից խորհրդարանը լուծարելու տեսական հնարավորությունից, Օրենսգրքի կիրառումը 3 տարով հետաձգեց։ Պարոն Հայրիկյանն իր հռետորական հարցադրումներով, ըստ էության, սկզբունքայնության կոչով դիմեց Ռ.Քոչարյանին՝ «ՀՀ նախագահին ուղղակի անվստահություն հայտնել չկարողանալով նույնն անուղղակի՞ է արվում։ Եթե նախագահը վավերացնի Օրենսգրքի ընդունումը, դառնում է այդ խայտառակ տրամաբանության եւ իր հանդեպ անվստահության հիմնավորողն ու հաստատողը»։

Իսկ եթե նախագահը չվավերացնի Օրենսգիրքը՝ վետո դնի, կամ առարկություններով վերադարձնի ԱԺ-ին, խորհրդարանն էլ չընդունի այդ առարկություններն ու վերահաստատի իր ընդունած օրենքը, ապա որքանո՞վ է շահեկան, որ ընտրություններն անցնեն հին Օրենսգրքով։

Լրագրողի այս հարցադրմանը պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Պատգամավորները, հազիվ թե նախագահի առարկությանը հակադրվելու քաղաքացիական հետեւողականություն ունենան։ Իսկ եթե նախագահն անգամ այդպիսի կամք դրսեւորի եւ հանուն սկզբունքի գնա որոշակի լարվածության, այդ դեպքում նա կարող է իսկապես կատարել հաջորդ քայլը։ Իսկ հաջորդ եկողները կգիտակցեն, որ այդպիսի նախադեպ է եղել եւ ըստ այդմ կկողմնորոշվեն։ Հակառակ դեպքում, եթե դու առաջնորդվում ես մի 50 հոգու չնեղացնելու սկզբունքով, փակուղու առաջ կարող ես կանգնեցնել ամբողջ ժողովրդին»։ Պ.Հայրիկյանը վստահեցրեց, որ եթե ԱԻՄ-ը խորհրդարանում լիներ, անկասկած «կողմ» չէր քվեարկի Օրենսգրքի կիրառման այս ժամկետին։

Ըստ նրա՝ «հրամցված փաստաթուղթը ստորագրելը կնշանակի հերթական համատեղ դավադիր փաստաթուղթ՝ ընդդեմ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ, ընդհանրապես, ընդդեմ հայ ժողովրդի»։ Ասուլիսից հետո ոմանք ենթադրեցին, որ պրն Հայրիկյանը, մոտ կանգնած լինելով նախագահին, թերեւս, ավելի տեղեկացված է Օրենսգիրքը վավերացնել-չվավերացնելու նրա մտադրությունների մասին եւ օրենսդիրներին ու ԶԼՄ-ներին հոգեբանորեն նախապատրաստում է ներքաղաքական հնարավոր լարումներին։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«LE MOND»-ն անդրադարձել է Բլեյանի դատավարությանը

Ashot Bleyan

Դեկտեմբերի 5-ին ֆրանսիական «LE MOND» թերթն անդրադարձել է Աշոտ Բլեյանի դատավարությանը։ «Հայաստանում «հակաազգայնականության» մի մարտիկ է դատապարտվում» վերտառությամբ հրապարակված հոդվածում նշվում է, թե կրթության նախկին նախարար, իսկ այսօր բանտ նետված Աշոտ Բլեյանի պաշտպանության կոմիտեն ահազանգել էր, թե վերջինիս նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվում, ինչն անհրաժեշտ է անհապաղ կանխել։ Հոդվածում ընդգծված է, որ Ա.Բլեյանի նկատմամբ ոտնձգությունները, որոնք սպառնում են 8 տարվա ազատազրկմամբ, քաղաքական շարժառիթներ ունեն։ Հիշատակվում է, որ պատճառներից մեկն այն է, որ Ա.Բլեյանը դեռ 1992 թվականին՝ հայ-ադրբեջանական պատերազմի թեժ շրջանում, համարձակություն է ունեցել մեկնել Բաքու, ինչը այդ օրերին մեծ սկանդալ էր դարձել Հայաստանում։

Բացի այդ, 98-ին լինելով ՀՀ նախագահի թեկնածու, Ա.Բլեյանը դիմել էր դատական մարմիններին՝ պնդելով, թե գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրվել է Սահմանադրության եւ օրենքների խախտումներով։ Թերթը նշում է նաեւ, թե հենց այս հանգամանքն է, որ նախագահ Քոչարյանին զայրացրել է։

«LE MOND»-ը արձանագրել է, թե Ա.Բլեյանի դատավարությունը, ըստ «առաջադեմ կուսակցությունների», ընթացել է ճնշումների, վտանգների եւ շանտաժների գործադրմամբ։ Այսպիսին է նաեւ 2000թ. մարտին Հայ իրավագետների եւ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիայից ստացված եզրակացությունը։ Ֆրանսիական մամուլում հրապարակված այս հոդվածը եզրափակվում է նրանով, որ «հակառակ դատարանի հայտարարությանը, դատը տակավին չի ավարտվել եւ երկարաձգվում է, բայց այլեւս առանց փաստաբանի եւ մեղադրյալի մասնակցության, որոնք, ըստ դատավորի, խանգարում են դատական պրոցեսի ընթացքը։ Դատական նիստը շարունակվում է բանտում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031