Արդյո՞ք իշխանությունների չիրականացված խոստումների երկար պատմությունը իր ազդեցությունն է ունենում քաղաքական մակարդակից դուրս գտնվող ոլորտների վրա, Եվ նրանց ներկայացուցիչների տված յուրաքանչյուր խոստում կամ հավաստիացում բախվում է կասկածի ու անվստահության։ Երեկ թվում է, հերթը հասավ և թակեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դռները։
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ականատես եղա հանրային երկխոսության իշխող կուսակցության ներկայացուցչի և պարոն Աշոտ Բլեյանի միջև։ Դեբատը, որը սկսվեց շատ քաղաքավարի ու բարեկիրթ, ինձ հիշեցրեց լիբանանյան բանկերի որոշ աշխատակիցների և «Քաղաքացիական պայմանագրի» որդեգրած մարտավարությունը․ երբ նրանք քեզ հետ խոսում են արհեստականորեն ընդգծված, չափազանց կարգապահ, քաղաքավարի ու պաշտոնական տոնով, մոտդ ակամա տպավորություն ու զգացողություն է առաջանում, որ «ես լուրջ պրոբլեմների մեջ եմ»։ Հասկանում ես, որ լսելու ես վատ լուրեր ու պատասխաններ, որոնք խնդիրդ չեն լուծելու, բայց այդ ամենը փաթեթավորված է լինելու շատ սիրուն բառերով․ «սիրուն բառեր, վատ լուրեր» ռեժիմով։
Բլեյանը պահանջում էր հեռացնել երկաթյա ցանկապատերը, իսկ պարոնը տալիս էր իր «հավաստիացումները»` «մենք ամուր ցանկապատեր չենք դնի, այլ կդնենք թեթև մետաղյա ցանկապատեր՝ ներկված սիրուն, գեղեցիկ գույներով»։ Դա ինձ և թերևս երկխոսությանը ներկա շատ ուրիշների, հիշեցրեց «Քաղաքացիական պայմանագրի» վերջին 8 տարիների սիրուն խոստումները։ Ամեն անգամ մեզ ասում էին. «մտահոգվելու ոչինչ չունեք», «չէ չէ սա ձեր մտածածը չէ», «չկա՛ նման բան», իսկ ամեն անգամ, երբ արդեն իրենց անելիքը անում էին, գիտակցում էինք, որ մեր վախերն տեղին էին, ու իշխանությունները դա արդարացնում էին հերթական «ոչի՛նչ, անցնենք առաջ»-ով։
Քրիստոսը մեզ սովորեցրեց երբեք չդատել մտադրությունները. գուցե այդ պարոնն իսկապես ազնիվ էր: Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր ցանկացած իրավիճակում «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարման տակ գտնվող երկրի սպասարկման մեքենան կանգնած է խնդրի առջև՝ նույնիսկ քաղաքական սպեկտրից դուրս: Բլեյանը բավարարված չէր թվում «բարի կամքի և մտադրությունների հավաստիացումներով». սա ճգնաժամ է: Նրա մարմնի լեզուն և դեմքի արտահայտությունները ինձ մոտ տպավորություն ստեղծեցին, որ դրանք արտացոլում էին խորն անվստահություն:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականության, ինչպես նաև նրա «հավաստիացումների, տված խոստումների և ի վերջո արդարացումների» բացասական պատմության պայմաններում, սա հստակ արտացոլում է այն կապի կորուստը, որն իշխանություններն ունեն քաղաքացիների հետ: Ուստի թիմի անդամը, ով առնվազն համարվում է «ՔՊական», չպետք է զարմանա կամ դժգոհի, երբ իրեն դիմավորում են անվստահությամբ: Եվ գուցե, գուցե սա մի հնարավորություն է, որ նրանք սկսեն ապացուցել, որ ես սխալվում եմ, և լուծեն այս հարցը: Առնվազն այս հաստատությունը մաս չի կազմում նրանց կողմից կոչված «նախկինականն»։
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ


















































