Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյանը կոչ է անում հարցը դիտարկել համագործակցության տիրույթում

Սեպտեմբեր 16,2026 13:00 Share

Շուրջ մեկ շաբաթ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ալեկոծություն առաջացավ, երբ Զորավար Անդրանիկի 124 հասցեին հարող տարածքում մեկնարկեցին շինարարական և ցանկապատման աշխատանքներ:

Կրթահամալիրի համայնքի պնդմամբ՝ Կրթական պարտեզի և քայլքուղու փակումը խաթարում է սովորողների անվտանգ տեղաշարժն ու «բաց միջավայր» կրթական մոդելը:

Ըստ կրթահամալիրի ղեկավարների հետ ունեցած մեր զրույցների՝ հաստատությունում հակված չեն իրավիճակի սրմանը։ Համայնքը դրական է տրամադրված և հույս ունի, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել երկխոսության, փոխըմբռնման և համաձայնության (կոնսենսուս) միջոցով։ Այն ամենից, ինչ մինչ այժմ տեսել եմ՝ առնվազն կրթահամալիրի դիրքորոշման, մոտեցման ու տեսանկյունից, ինչպես նաև իմ անձնական տպավորությամբ, այս հարցին չպետք է մոտենալ և այն դիտարկել որպես քաղաքական դրդապատճառներով կրթահամալիրին թիրախավորելու սցենար, անձնական վրեժխնդրություն կամ հաշիվների մաքրում։ Ես տեսել եմ իշխանությունների բազմաթիվ աջակիցների, որոնք կրթահամալիրի մասն են կազմում, և բոլորն այնտեղ ապրում են համերաշխության ու եղբայրության մթնոլորտում։ Ստորև ներկայացնում եմ կրթահամալիրի աշխատակիցների կողմից արտահայտված որոշ մտահոգություններ, հորդորներ ու դիտարկումներ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արեւելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ սա միայն կրթական համայնքի խնդիրը չէ, և հույս կա, որ հարցը կստանա իր լուծումը կոնսենսուսի միջոցով։

Նաիրա Նիկողոսյանի խոսքով՝ Կրթական պարտեզը տասնամյակների ընթացքում ստեղծված բաց, անվտանգ և ներառական միջավայր է, որը ծառայում է ինչպես սովորողներին, այնպես էլ ամբողջ համայնքին։ Նա ընդգծում է, որ այս տարածքի պահպանումը կարևոր է բոլորի համար, և հույս ունի, որ հարցը կստանա իր դրական լուծումը երկխոսության ու կոնսենսուսի միջոցով։ Հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ Կրթական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին, այլև ամբողջ քաղաքային համայնքին։ Նա ընդգծում է տարիներով ձևավորված բաց, անվտանգ և համայնքային կանաչ տարածքի պահպանման կարևորությունը։ Բլեյանը կոչ է անում հարցը դիտարկել համագործակցության տիրույթում՝ հույս հայտնելով, որ շահագրգիռ կողմերի միջև կառուցողական երկխոսության արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլորի համար ընդունելի և հավասարակշռված լուծում։

Օրերս կրթահամալիրում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Աշոտ Բլեյանն ընդգծեց հաստատության կառուցողական դիրքորոշումը՝ նշելով. «Եթե հույզերի ազդեցության տակ հնչել են կտրուկ արտահայտություններ, խնդրում եմ մեզ չդիտարկել այդպիսին, դա մեր ոճն ու տեսակը չէ»։ Նա նաև շեշտեց, որ եթե կրթահամալիրը արձագանքեր բարկությամբ ու զայրույթով և որոշեր փակել իր կողմից կամավոր տրամադրվող տարածքներն ու հարմարությունները, դրանով միայն կվնասեր համայնքին։ Դա հակասում է կրթահամալիրի էությանը, ոգուն, առաքելությանը և ժառանգությանը, որը միշտ եղել և մնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքին ծառայելն ու նրա զարգացմանը նպաստելը։

Տաթեւ Սահակյան, ծնող եւ դասվար. «Կարծում եմ, մոր ցանկացած բարեկարգում պետք է առաջին հերթին հաշվի առնի մարդկանց անվտանգությունն ու արդեն ձևավորված միջավայրը։ Ցավալի է կորցնել այն կանաչ տարածքներն ու անցումները, որոնք տարիներով ստեղծվել ու պահպանվել են։ Կարևոր է գտնել այնպիսի լուծում, որը չի վնասի ոչ երեխաներին, ոչ բնակիչներին, ոչ էլ կրթահամալիրի ստեղծած միջավայրին։ Բարեկարգումը պետք է ոչ թե խոչընդոտներ ստեղծի, այլ հարմար ու անվտանգ դարձնի տարածքը բոլորի համար։ Ցավ եմ ապրում, բայց հուսով եմ, որ այս հարցում կգտնվի խելամիտ լուծում, որը կպահպանի արդեն ունեցածը և միաժամանակ հնարավորություն կտա տարածքն ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնելու»։

Էլյա Սահակյան, ծնող. «Իմ, իմ երեխայի, շատ այլոց ու իրենց երեխաների ամենօրյա ճանապարհն է սա։ Վերջին ամիսներին մշտապես փոշոտ ճանապարհը (մանկապարտեզի շենքը նորոգեցին, շահագործման հանձնեցին ու սկսեցին դրսի աշխատանքները), միևնույն է, ամենաանվտանգն է։ Ինչքա՜ն լավ կլիներ նախկինում ունեցած քննարկումների արդյունքում առանց լարման ունենայինք համատեղ տարածքը Երևանի թիվ 95 մանկապարտեզի հետ, միասին խնամեինք, երեխաները խաղային, ծառ տնկեին և այլն։ Չգիտես ինչի՝ պատ, ճաղեր, մեկուսացում»։

Նելլի Արղության, զարգացման խմբի լաբորատորիայի ղեկավար. «Որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբի լաբորատորիայի ղեկավար՝ այս խնդրին նայում եմ ոչ միայն կանաչ տարածքի պահպանման, այլև նոր կրթական հնարավորության ստեղծման տեսանկյունից։ Թիվ 95 մանկապարտեզի տարածքը, որն անմիջապես ընկած է Քոլեջի և Արևելյան դպրոց-պարտեզի մեջտեղում, կարող է դառնալ երեք կրթական միջավայրերը միավորող ընդհանուր, ներառական և կենդանի հետազոտական լաբորատորիա։ Այս տարածքը հնարավորություն կտա ձևավորելու մանկավարժական համագործակցության նոր մոդել, որտեղ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը, Արևելյան դպրոց-պարտեզը և թիվ 95 մանկապարտեզը միասին կստեղծեն շարունակական կրթական միջավայր՝ հետազոտելու, փորձարկելու, սովորելու և մանկավարժական մտքեր փոխանակելու համար։ Կարևորը ոչ թե պատերով բաժանելն է, այլ միավորելը։ Ոչ թե անցուղին փակելը, այլ այն որպես սաների, սովորողների, մանկավարժների և թաղամասի բնակիչների հանդիպման ու համագործակցության ճանապարհ պահպանելը։ Իմ առաջարկը՝ վերականգնել, պահպանել կանաչ լանջը, չփակել անցուղին և տարածքը վերածել երեք կրթական հաստատությունների համատեղ ներառական հետազոտական լաբորատորիայի։ Որովհետև կրթական միջավայրը միայն շենքը չէ։ Այն նաև ճանապարհն է, բակը, կանաչ լանջը, հանդիպումը, համատեղ աշխատանքը և միասին ստեղծվող մանկավարժական միտքը։ Այստեղ Քոլեջի ուսանողը կարող է սովորել իրական միջավայրում, գործող մանկավարժը՝ հետազոտել ու փորձարկել, իսկ սանը՝ իր բնական հետաքրքրությամբ բացահայտել աշխարհը։ Բարեկարգումը պետք է ոչ թե վերացնի կանաչը, այլ բացի նոր կրթական հնարավորություններ»։

 

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ

15.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել