Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 15,2000 00:00
Petros makeyan

Խեղաթյուրվել են էներգետիկ տվյալները

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ ասուլիս էր հրավիրել։ Նպատակը՝ էներգետիկ հանձնաժողովի չարաշահումները ներկայացնելն էր։ Որպես նախկին «վարկային» հանձնաժողովի ղեկավար, Պ. Մակեյանը համեմատություն անցկացրեց իր եւ Դավիթ Լոքյանի «էներգետիկ» ժամանակավոր հանձնաժողովի տվյալների միջեւ։

«Էներգետիկ հանձնաժողովի արդյունքները ոչ միայն նոր փաստ չեն արձանագրել, համեմատած առաջին գումարման ԱԺ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի տվյալների, այլեւ շատ փաստեր խեղաթյուրվել են»,- ասաց պրն Մակեյանը։ Ըստ նրա, չարաշահումները սկսվել են 1997-ից. վարկերի յուրացման, հափշտակման հետեւանքով տնտեսական երեք հզոր կլաններ են առաջացել՝ ֆինանսավարկային, էներգետիկ եւ հացահատիկային։ «Ինչո՞ւ երեք ձեւավորված կլաններից խոսվում է միայն էներգետիկի մասին»,- հարցնում է պրն Մակեյանը։ Նրա կարծիքով, որոշ մարդիկ ժողովրդի ուշադրությունը շեղում են ցրտի եւ խավարի տարիների վրա, ցանկացած մեղք բարդելով Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա։ «Ես կարող եմ ասել, որ այդ չարաշահումները սկսվեցին 97-ից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի որպես վարչապետ պաշտոնավարության ժամանակ եւ դրանք մեծ թափ ստացան հատկապես այդ շրջանում»,- ավելացրեց «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Ըստ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանի վերջերս տված ասուլիսի, Հայաստանում ներկրված վարկերի միայն 30-35%-ն է օգտագործվել տնտեսության զարգացման համար։ «Ես համամիտ եմ այդ թվերի հետ։ Իրականությունը դա է»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ըստ էներգետիկ հանձնաժողովի տվյալների, 1993թ. ՌԴ-ից 47.77 մլն դոլարի նավթամթերքից ստացվել է 11.8 մլն դոլարի պակասորդ։ Ըստ պրն Մակեյանի, նավթամթերքի պակասորդը կազմել է 20.83 մլն դոլար։ Դավիթ Լոքյանի հանձնաժողովի տվյալներով, 1993-94թթ. Սեւանի՝ 425 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի չարաշահում է գրանցվել, վարկային հանձնաժողովի հաշվարկներով գումարը կազմում է 428 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայի չարաշահում։

Պետրոս Մակեյանի համոզմամբ, Ռ. Քոչարյանի պաշտոնավարությանը հաշված օրեր են մնացել եւ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության ամենամեծ նվերը նախագահ Ռոբերտ Քոչարյանից ազատվելը կլինի։ Գնացին հասարակական աշխատանքի Ժուռնալիստների միությունում Ազատամարտի վետերանների միության երեք անդամներ երեկ ասուլիս էին հրավիրել: Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության ղեկավար Ջանիկ Սահակյանը, Նուբարաշենի Ազատամարտի միության նախագահ Սամվել Սաֆարյանը եւ Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության կանանց հարցերով կոորդինատոր Ելենա Հակոբյանը հայտարարեցին, որ հեռանում են ԱՎՄ-ից եւ ստեղծում են նոր հասարակական կազմակերպություն:

Ելույթ ունեցողների կարծիքով, հասարակական կազմակերպությունից քաղաքականի վերածվելու մասին որոշումը ընդունվել է առանց բազմահազար ազատամարտիկների կարծիքը հարցնելու: Նրանց տվյալներով, սեպտեմբերի 25-ին կայացած համագումարի քվեարկությանը 27 հազարից մասնակցել է 600 հոգի: Տիկին Հակոբյանի խոսքերով՝ մենք արդեն ունենք տասնյակ քաղաքական կազմակերպություններ, եւ ոչինչ չի փոխվի մեկով համալրվելու դեպքում:

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԷԼ ԱԿՏԻՎ ԵՆ

patgamavor

Դեկտեմբերի 13-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում ամեն ինչ ջրի երես ելավ։ Ազգի պրոֆեսիոնալ ԱԺ-ում («Պատգամավորը չի կարող… կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից», ՀՀ Սահմանադրություն, հոդված 65) տարիներով ամբիոն չբարձրացած կամ խոսափողին չմոտեցած գործարարներն իրար անցան, երբ խոսքը վերաբերեց հարկային օրենքներում փոփոխություններ կատարելուն։ Բա ինչպե՜ս, չէ՞ որ իրենց ղեկավարած տնտեսության շահերը ոտնատակ տալու վտանգ կա։ Դրանից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ից ստացված ալյուրի վաճառքի խնդիրն ափերից հանեց մեկ այլ «պրոֆեսիոնալ» պատգամավորի, որը երբեւէ կապ չի ունեցել ԱԺ-ում քննարկված որեւէ խնդրի հետ, իմա՝ իր ընտրողների շահերի, հանկարծ տարօրինակ ձեւով խոսափողի մոտ հայտնվեց (ա՜յ քեզ զարմանք) ու պատգամավորավարի սկսեց պաշտպանել… իր անձնական շահերը։ Հետո էլ ասում եք, թե մեր ԱԺ-ում ընտրողների շահերի պաշտպաններն են հավաքված, որոնք օրնիբուն, ամեն անձնական մի կողմ թողած, մտածում են ընտրողների մասին։ Տեսնես ամեն ամսին ԱԺ-ից կանոնավոր աշխատավարձ ստացող այդ ո՞ր պատգամավորն է հիշում ուսուցիչներին կամ բուժաշխատողներին, որոնք 11 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ հույս էլ չկա, թե կստանան։ Ասում են՝ մի քանի պատգամավոր, հիշելով իրենց ընտրած ուսուցիչներին ու բուժաշխատողներին, որոշել են ԱԺ-ից ստանալիք իրենց աշխատավարձը փոխանցել վերջիններիս։ Ի՜նչ հետաքրքիր նախադեպ կարձանագրվի։

ՍՎԵՏԼԱՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Ուսուցչուհի

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋՈՑ, ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ

Rima demirchyan

Գիտությունների ազգային ակադեմիայի Մեծ դահլիճում երեկ տեղի ունեցավ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի եւ «Կարեն Դեմիրճյան» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Ռիմա Դեմիրճյանը ներկայացրեց հիմնադրամի որոշ ծրագրեր, որոնք պետք է կատարվեն նոր տարում։ Օրինակ, 2001-ին նախատեսված է կրթության եւ լրագրության ոլորտում հետեւյալն անել՝ Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակ՝ տարվա լավագույն ուսանողին եւ Կարեն Դեմիրճյանի անվան մրցանակ՝ տարվա լավագույն լրագրողին։ «Կարեն Դեմիրճյան» եռալեզու գիրքը եւս հիմնադրամի անդրանիկ աշխատանքն է։

Ի դեպ, հիմնադրամի աշխատանքների շրջանակներում կստեղծվի նաեւ «Կարեն Դեմիրճյան» թանգարանը։ Տիկին Դեմիրճյանը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին խոսելիս, ասաց, որ հասարակությունը պետք է «չափազանց զգույշ լինի, որպեսզի իշխանության ծարավ մարդիկ հնարավորություն չունենան այլեւս նման ոճրագործություն կատարել»։ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում հիշեց հոր խոսքերը. «Ես միշտ դիտել եմ իշխանությունը որպես միջոց, ոչ թե նպատակ։ Ժողովրդի դժբախտությունն է, երբ իշխանության են ձգտում մարդիկ, որոնց համար իշխանությունը նպատակ է եւ ոչ թե միջոց»։ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանն իր կյանքն ապրեց արարումով եւ արժանապատիվ, եւ նրա հիշատակի տուրքը կլինի նրա գործի շարունակությունը։

Մ. ԵՍԱՅԱՆ

ՖԻԶԻԿՈՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՃԱՇԱԿԸ

grel

«Սույն մտահոգությամբ Ձեզ դիմելու շարժառիթը գալիք տարում ավարտվող Համաշխարհային բանկի «Հայաստանի դասագրքեր» վարկային ծրագիրն է, որի դառը պտուղները դեռեւս շատ երկար ենք կասկածանքով ըմբոշխնելու»։

Այսպես է սկսվում Երեւանից քիմիայի մասնագետ Հրանուշ Մալխասյանի, կենսաբան Ռւզաննա Մինասյանի եւ ֆիզիկայի մասնագետ Սուսաննա Գասպարյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակը, որի պատճեն ուղարկվել է «Առավոտ»։ԿԳ նախարարին ու նրա շրջապատին անխնա քննադատության ենթարկող այս նամակն ամբողջությամբ չենք հրապարակում՝ թերթին ոչ հարմար ոճի ու գնահատականների պատճառով։ Ներկայացնում ենք միայն մի հատված. «շաբաթներ առաջ բախտ ունեցանք ծանոթանալ «Բնագիտություն 5, 6 (ֆիզիկա, քիմիա)» դասագրքերի ուսումնական ծրագրերին եւ հայեցակարգային հիմնադրույթներին՝ հաստատված «ՀՀ ԿԳ նախարար» ստորագրությամբ (26.06.2000թ)։ Անտեղյակ մահկանացուն կմտածեր, որ «բնագիտությունը» բնության մասին գիտելիքների համապարփակ ամբողջություն է՝ ներառելով հանրակրթական «բնություն», «աշխարհագրություն», «կենսաբանություն», «ֆիզիկա», «քիմիա», «բնապահպանություն» եւ «աստղագիտություն» դասընթացները։ Մինչդեռ հայտնի դեմքի սովորական դարձած կամայականությամբ՝ հետայսու ազգովի պարտադրված ենք «բնագիտություն» ասելով՝ հասկանալ «ֆիզիկա+քիմիա»։ Նամակի հեղինակները վերջում պահանջում են կազմել բնագիտության դասագրքերի նոր ծրագիր, հակառակ դեպքում սպառնում են «բողոքարկել ՀԲ նախագահ Ջ. Վուլֆենսոնին, գործադիր տնօրեն Փ. Սթեյքին, ՀՀ հարցերով պատասխանատու Ջ. Օ․ Քոնորին»։

Ն. Հ.

Դժեկսոնը կին դուրս եկավ

Homosexsual

Հայ տղաները բազմիցս են խաբվում, երբ «պուտանկա» են «կպցնում»՝ շատ անգամ պարզվում է, որ նանարը տղա էր: Տղաները մեծ մասամբ խուսափում եւ նեղվում են այս թեմայով խոսելիս: Սակայն մեկ-մեկ «ընկերական միջավայրում» դա պատահում է: Հենց որ Եվրախորհրդի «բազարը» սկսվեց, հոմոսեքսուալիստները շատ ակտիվացան: Նրանք այլեւս այդքան չեն թաքնվում: Իսկ հայ տղաները ոչ մի կերպ չեն համակերպվում «էդ տավարների եւ …-ի» փաստին: Բոլոր հայ տղամարդիկ պատրաստ են ծեծել նրանց: Ի դեպ, կան այնպիսիք, որոնց միայն նայելով չես հասկանա սեռը: Դա ավելի վատ է ստացվում, քանի որ տղաներին «փիս մանթո է կոխում» այդ դեպքում: Օրինակ, տղաների մի խումբ մարմնավաճառ է «բռնել», սակայն երբ հասկացել են՝ ինչ է նա իրենից ներկայացնում, զանգահարել են իրենց ընկերոջը եւ «նանար» առաջարկել: Ո՞վ կհրաժարվի:

«Ծիտը» գնացել է այդ տղայի մոտ, եւ երբ ամեն ինչ բացահայտվել է, նա այնքան է վիրավորվել ընկերներից, որ այլեւս չի շփվել նրանց հետ: Տղաների մի ուրիշ խումբ մեքենա է նստեցրել «ծիտիկին», եւ կրկին դաժան բացատրություն է տեղի ունեցել: Տղաները փողոցի մեջտեղում սկսել են ծեծել նրան: Հոմոսեքսուալիստի բղավոցներից շենքերի պատուհաններ են բացվել, տղաները նստել են մեքենան եւ «թռել»: Եվս մեկ դեպք ավելի հավասարակշռված հայի մասին՝ «Գնում եմ ինձ համար, մեկ էլ մի տղամարդ՝ զզվանք ձայնով ասաց. – Ապեր, կարո՞ղ ա լուցկի ունենաս: – Չէ: – Ատամիս ցավից մեռնում եմ: – … – Գնամ արաղ առնեմ ցավն անցկացնի: Կարո՞ղ ա խմես հետս: – Չէ: Եթե մի բան էլ ասեր, արդեն ծեծելու էի»:

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

ՏԱՐԵԴԱՐՁ

Hambarzum Galstyan

Դեկտեմբերի 14-ին լրանում է Համբարձում Գալստյանի ծննդյան տարելիցը։ Հ. Գալստյանի անվան դպրոցը, «Հ. Գալստյան» հիմնադրամն ազդարարում են արդեն ավանդական դարձած «գալստյանական» շաբաթի բացումը։ Այն կեզրափակվի ողբերգական մահվան օրը՝ դեկտեմբերի 17-ին։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Համբարձում Գալստյանի կիսանդրու բացումը։ Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները, որոնք դպրոցի տնօրեն Մ. Պապոյանի խոսքերով, ներկայացվելու են Իտալիայում կազմակերպվելիք ցուցահանդեսին։

Փառատոնը նախատեսված է անցկացնել նաեւ Շուշիում, Լաչինում, որտեղ դպրոցներից մեկն անվանակոչվելու է Հ. Գալստյանի անվամբ։ Ուխտագնացությունը կկայանա սույն ամսի 16-ին։

ԼՈՐԵՏԱ ԱՆՏՈՆՅԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

chartarapetneri tun

Մայրաքաղաքի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը հաճախակի են կազմակերպվում ճարտարապետների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսներ, ուր ներկայացվում են նրանց ջրաներկ, յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքները։ Այս անգամ ցուցասրահը տրամադրվել է ճարտարապետ Ռազմիկ Օհանյանի ջրաներկ, յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքների ցուցադրմանը։

Բնավորության մեղմությունն իր վառ արտացոլումն է գտել Ռ. Օհանյանի գեղանկարներում։ Ցուցադրված են մոտ չորս տասնյակ գեղանկարչական աշխատանքներ։ «Ծաղիկների շարք» կտավները հագեցած լինելով հետաքրքիր երանգային լուծմամբ, դիտողին կարծես հաղորդակից են դարձնում կենդանի բնության հրաշք արարչությունը։ Այցելուների հետաքրքրությանն են արժանանում գունային լուծումներով հագեցած «երեւանյան հին բակերից» եւ տարբեր քաղաքներից մի շարք բնանկարներ։ «Հաճախ կազմակերպելով իր անդամների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, ճարտարապետների միությունը ողջունում է այս ասպարեզում նրանց ձեռք բերած հաջողությունները։ Այդ օրը, կարծես, մի յուրովի տոն է ցուցահանդեսի հեղինակի համար, քանի որ նա իր աշխատանքներով հաշվետու է լինում բացման մասնակիցների առջեւ»,- ասաց ՀՀ ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Մինասյանը։

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031