Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ երկրային կյանքին հրաժեշտ որպես՝ Վազգեն Սարգսյանը զինակիցների թևերի վրա վերջին աշխարհիկ պտույտն էր կատարում՝ մի պահ, մի կարճ պահ Նրա կիսադեմը ձուլվեց Արարատ լեռան կիսադեմին»

Հոկտեմբեր 28,2026 11:04 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ԻՐ ԳԻՐԿՆ ԱՌԱՎ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՈՒ ԵՌԱԲԼՈՒՐԸ

«Հոկտեմբերի 27-ի» նահատակների հուղարկավորության օրը Հայաստանի ողջ սգակիր հասարակությունը Երևանում էր։

Ոճրագործության կործանարար ցնցումից շոկի մեջ գլուխները կորցրած մարդիկ չգիտեին՝ ութ զոհերից որի հուղարկավորմանը մասնակցեին, որ զոհերից ոչ մեկի հիշատակը վիրավորած չլինեին։

Ես ևս…Օպերայի շենքում նրանց հրաժեշտ տվեցի, աղոթեցի հայ ժողովրդի ամենասիրելի ղեկավարի՝ փառահեղ Կարեն Դեմիրճյանի հոգու խաղաղության համար….

Վազգեն Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրում էր։
Այնտեղ էր ողջ (ներկայիս փոշիացած) ռազմական վերնախավը։

… Ես կանգնել էի Սպարապետից ոչ հեռու՝ դեմքով դեպի Մասիս սարը։

… Երբ երկրային կյանքին հրաժեշտ որպես՝ Վազգեն Սարգսյանը զինակիցների թևերի վրա վերջին աշխարհիկ պտույտն էր կատարում՝ մի պահ, մի կարճ պահ Նրա կիսադեմը ձուլվեց Արարատ լեռան կիսադեմին…

Դեմքը՝ դեմքին. այնքան ներդաշնակ։

Ես անհասկանալի տագնապ ապրեցի.

Ի՞նչ էր դա. նախախնամության իրականությու՞ն։

Գուցե Եռաբլուրի Անմահների ոգին էր, որ Սպարապետի դեմքով ձուլվեց Հայ ժողովրդի հավերժության խորհրդին՝ Արարատ լեռանը.Նրա կիսադեմին…

Այդ օրվանից ամեն անգամ, երբ Մասիսին եմ նայում (Հայրենիքում, ֆիլմերում թե կտավներում) լցվում եմ նույն խորհրդավոր խորհրդով…

Հետգրություն
1999 թվականին դեռ չկային ձեռքի ներկայիս հեռախոսները, և նկարահանումները կատարվում էին տարբեր հեռուստալիքների կողմից։
Հնարավոր է, որ մեկն ու մեկի մոտ այդ արժեքավոր պահը նկարահանվել և պահպանվում է…. Գուցե իմ այս հուշը կոգնի գտնել այդ խորհրդանշական կադրը և մի օր մենք կտեսնենք այն։

Անահիտ Քնարյան «Հիշողության կայարաններ» շարքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել