Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՃՅՈՒՆՍ ՀԱՆԳՉՈՒՄ Է ՎՈԼԳՈԳՐԱԴՈՒՄ»

Մարտ 13,2001 00:00
Gerezman

Պատմում է ինքն իր գերեզմանը փորած զինվորը

Ալեքսան Տեր-Սարկիսովիչ Գալստյանն ապրել է Համաշխարհային 2-րդ եւ Հայրենական մեծ պատերազմների բոլոր փորձությունները։ Չի ուզում վերհիշել ոչ մեկը եւ իր գրառումների էջերից արտաքսել է բոլոր ճամբարները, ուր ամենուր մահն էր տիրում։ Երբ ուզում է մեկ-երկու խոսքով անցնել դրանց վրայով՝ արթնանում են հին ընկերների դիմաստվերները եւ տողը երկարում է, խոսքերը՝ էջեր դառնում։ Մտորելով անցյալի մասին, նա հայացքն ուղղում է դեպի ապագան, իմաստավորում ծանր գնով ձեռք բերված դասերը, մերկացնում պատմության կեղծարարներին, հայհոյում Հիտլերին…

Ի դեպ, արտերկրի որոշ ռազմական տեսաբաններ, հիտլերյան նախկին զորապետները հրատարակում են «աշխատություններ» ու «հուշագրություններ», որոնցում փորձում են ապացուցել, որ սովետական ժողովրդին հաղթանակ է բերել տարածքի վիթխարիությունը, Հիտլերի դիվահար կամ հիվանդ լինելը… Պաշտոնաթող կապիտանը, ճիշտ է, չի ուզում վերհիշել, բայց առիթի դեպքում թերթում է հերոսական տարիների վավերագրերը։ Յուրաքանչյուր փաստաթուղթ անկրկնելի մի պատմության վկա է ու ամփոփագիր. «Թեժ մարտերի օրերին էլ հոգատարությամբ ենք վերաբերվել ու պահպանել դրանք։ Խնդրեմ… 1944թ. օգոստոսի 2-ին, 1944թ. օգոստոսի 27-ին, 1945թ. ապրիլի 3-ին Ստալինի կողմից տրված շնորհակալագրերը։ Հինգ անգամ վիրավորվել եմ։ Տարիքս մոտենում է ութերորդ տասնամյակին, բայց մարմնումս կրում եմ նռնակների պայթյունից՝ բեկորներ։ Այն անսովոր ճակատագրով մարդն եմ, որ իր ձեռքով է փորել իր գերեզմանը։ Հաստատ գիտեք՝ Վոլգոգրադ, «Մամաեւ կուրգան»… Ահա այնտեղ էլ թաղված եմ։ Գնացել էինք լեզու բերելու։ Հայտնվեցինք շրջափակման մեջ։ Գերի ընկա։ Ինձ առանձին գցեցին մի նկուղ, ուր ծնկներիցս վեր ջուր էր։ Մոտ մեկ ամիս մնացի այդտեղ, բնականաբար, կանգնած։ 27-28 օրից նկուղից դուրս հանեցին ու տարան։ Ճիշտն ասած, գերմաներեն մի քիչ սովորել էի ու հասկացա, որ սա իմ վերջն է։ Չափեցին հասակս, մեկնելով բահը՝ կարգադրեցին փորել։ Սկսեցի փորել գերեզմանս։ Նրանք երկուսն էին։ Մեկը քնեց, մյուսը՝ փակում ու բացում էր աչքերը։ Երբ աչքերը տեւական փակեց, ես ինձ չկորցրի, ձեռքիս բահով հարվածեցի ու փախա… Երկար ժամանակ ինձնից լուր չունենալով, համարել էին զոհված ու սեւ թուղթ ուղարկել։ Աճյունս հիմա հանգչում է Վոլգոգրադում։

Իհարկե, կուզեի մեկ անգամ եւս տեսնել գերեզմանս… Չէ, գերմանացի ժողովրդին չեմ ատում… Չմասնակցեցի, բայց տեսա նաեւ Արցախյան պատերազմ, ի վերջո, աչքովս տեսա մահը, դեռ ավելին՝ կենդանության օրոք ունենալով շիրիմ, ասում եմ՝ սիրեք կյանքը, արարեք բարիք։ Շենացրեք Հայաստանը, սա է մեր հողը։ Ծառայեք հայոց բանակում։ Թող Համաշխարհային, Հայրենական եւ Արցախյան պատերազմների մեր՝ զինվորներիս փորձը, սխրանքները ձեզ՝ երիտասարդներիդ համար հենարան լինեն, ամրացնելով հավատը մեր հայրենիքի նկատմամբ, տասնապատկելով ձեր ուժերը…»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031