Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ

Մարտ 16,2001 00:00
arev

Այլ է Ադրբեջանում, ուր ղարաբաղյան հիմնախնդիրը քաղաքական ակտիվ քննարկումների առարկա է դարձել դեռ փետրվարից։ Հայաստանում այդ թեման քաղաքական շրջանակների կողմից գրեթե լռության է մատնված։

Քանի որ առանձին կուսակցությունների ներկայացուցիչներին ուղղված եւ հիմնախնդրի լուծման տարբերակներին առնչվող մեր հարցադրումները հիմնականում նույն պատասխանին էին արժանանում՝ «ՀՀ նախագահն ասել է, որ դրանք անցած փուլ են եւ պատմության գիրկն են անցել, իսկ նոր՝ 4-րդ տարբերակին տեղյակ չենք», ուստի փորձեցինք ճշտել, թե որքան լուրջ պետք է ընդունել պատերազմի վերսկսման մասին ադրբեջանցիների հոխորտանքներն ու պատերազմի վերսկսման հնարավորությունը։

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե պետք է զգոն լինել եւ տագնապ հնչեցնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային հանրության համար։

Իսկ հնարավո՞ր է, որ նախագահ Քոչարյանին այս պահին ավելի ձեռնտու լինի հարցի լուծման պատասխանատվությունից խուսափելու համար նոր պատերազմ սկսել եւ արդարացնել առաջարկվող որեւէ տարբերակ ստորագրելը, պարոն Խաչատրյանն ասաց. «Դեռ 91-ի գարնանից մեզ մտահոգել է իշխանությունների նկատմամբ եղած անվստահությունը։ Չի բացառվում, որ տուրք տալով առանձին ստվերային ուժերի պահանջներին, Հայաստանի պատասխանատուները մասնակից լինեն այնպիսի խաղերի, որոնք կթուլացնեն երկիրը՝ ընդհուպ ռազմական հակամարտության հրահրմանը մասնակցելը, որի արդյունքում արդարացված կլինի սպասվող կորուստները։ Այդպիսի փաստեր եղել են նաեւ նախկինում, ինչպես օրինակ Շահումյանում, Մարտակերտում եւ այլն»։

Մեր այն հարցին, թե որքանով է դա հավանական, ՍԻՄ-ի նախագահն ասաց. «Ես համոզված եմ, որ Ադրբեջանում հրահրված հիսթերիայի շարունակությունը պարտադիր չէ, որ պատերազմ նախատեսի, բայց կողմնակից եմ կանխարգելիչ գործողություններին եւ հավատում եմ այն ասույթին, թե պատերազմին պատրաստ ժողովրդին հնարավոր չէ պատերազմի մեջ ներքաշել։ Իսկ ժողովուրդը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում վճարել անգամ ամենաթանկ գինը՝ երկիրն ու հողը պահելու համար։ Իհարկե, այս պահին մենք Ադրբեջանի նկատմամբ որոշակի առավելություններ ունենք»։

Միաժամանակ նա նշեց, թե կան նաեւ մտահոգիչ երեւույթներ։ «Եթե հզոր ուժերը Հայաստանին վերջնագիր ներկայացնեն, ապա իշխանությունները պետք է լավ մտածեն՝ ընդունե՞լ դրանք, թե՞ ոչ։ Իսկ դա կարող է անել միայն վստահելի իշխանությունը՝ առանց վտանգելու սեփական հեղինակությունը։ Իմ կարծիքով այսօրվա իշխանությունները վստահություն չեն վայելում ո՛չ հասարակության, ո՛չ ազդեցիկ կուսակցությունների շրջանում։ Ավելին, իշխանության տարբեր թեւերի միջեւ նույնպես փոխադարձ անվստահությունն ակնհայտ է։ Այս պայմաններում, եթե իշխանությունները շարունակում են մնալ երկրի կառավարման ղեկին, սկզբունքային որոշում կայացնելու երկու ճանապարհ ունեն՝ արագ վերացնել անվստահություն սերմանող խոչընդոտները, կամ ռեպրեսիվ միջոցներով պայմաններ ստեղծել, որ իրենց որոշման դեմ արտահայտվողներ չլինեն։ Երկուսն էլ շատ դժվարին խնդիրներ են։ Երրորդ ավելի հավանական տարբերակը նախագահի հրաժարականն է, որը մենք արդեն տեսել ենք. կամավոր հրաժարական՝ սեփական ապահովության երաշխիքներով։ Թեեւ ինձ համար լավագույն ճանապարհը վստահություն վայելող իշխանությունների կողմից դիվանագիտական ճանապարհով Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումն է ու դրա ճանաչումը միջազգային հանրության կողմից, որը ես միանգամայն հնարավոր եմ համարում»։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատերազմի վերսկսումն անխուսափելի չհամարեց։ «Դրանք Ադրբեջանի կողմից հնչող կոչեր են, թեեւ դա չի նշանակում, որ մեր բանակը չպետք է պատրաստ լինի պատերազմին։ Ինձ թվում է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի բանակները, որ տարածաշրջանում ամենամարտունակներից են, հերթական անգամ կկարողանան ապացուցել այդ, եթե Աստված չանի, դրա կարիքը լինի։ Ո՛չ Քոչարյանին է ձեռնտու այդ տարբերակը, ո՛չ Ալիեւին, քանի որ առաջինի համար խաղաղությունը կարեւոր պայման է տնտեսական եւ սոցիալական խնդիրներ լուծելու համար, իսկ Ադրբեջանի նախագահը իշխանությունն իր որդուն փոխանցելու խնդիր ունի»։

ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանն էլ պատերազմի վերսկսման առնչությամբ տեսակետ հայտնեց, թե երկրապահներն ի տարբերություն կուսակցությունների, գուշակությամբ չեն զբաղվում։ «Մեր խնդիրն այլ է՝ միշտ պատրաստ լինել վատթարագույնին՝ պատերազմին։ ԵԿՄ-ն բանակի առաջին ռեզերվն է, մեր անդամների զգալի մասը զինծառայողներ են, եւ մենք փորձում ենք պատրաստ լինել մեր երկրի պաշտպանությանը։ ԵԿՄ անդամները մի հիվանդություն ունեն. ամենաճակատագրական պահին նրանք վեր են կանգնում առկա բոլոր խնդիրներից, մոռանում են ամեն ինչ եւ մի մարդու նման կանգնում են առաջին գծում։ Բայց Աստված չանի, որ նոր պատերազմ սկսվի»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031