Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պայքարը 1960-ական թվականներից է ընթացել». Հրանտ Խաչատրյան

Դեկտեմբեր 01,2023 16:09

Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը ընդունման պահից համարվեց պատմական։ Այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազգային ժողովի մոտ հրավիրած հավաքում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

«Դա որեւէ մեկի մենաշնորհը չի եղել, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պայքարը 1960-ական թվականներից ընթացել է։ Դրանից առաջ ընդհատակում են եղել նման խոսակցությունները։ Բայց 1960-ական թվականներից մարդիկ միշտ իմացել են, որ Արցախը, Նախիջեւանը, էլ չեմ ասում Արեւմտյան Հայաստանը հայերից բռնազավթվել է ուժի կիրառմամբ եւ պատերազմների միջոցով, ցեղասպանության գնով։ Դեկտեմբերի 1-ի որոշման գաղափարն առաջին անգամ հրապարակում շատ մարդկանց ներկայությամբ հայտնեց Իգոր Մուրադյանը՝ Արցախի դիմումից հետո, երբ ստորագրահավաք էր անցկացվել Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Եվ այդ գաղափարը իրականացվում էր «Միացում» կարգախոսի ներքո։ Իգոր Մուրադյանը շատ շուտ իջեցվեց ամբիոնից, բայց գաղափարը մնաց մինչեւ 1988 թվականի դեկտեմբեր։ Ողջ հայ ժողովուրդը հավաքվում էր Երեւանի կենտրոնական հրապարակներում եւ պահանջում էր Գերագույն խորհրդի նստաշրջանի՝ վերամիավորման մասին որոշում ընդունելու համար։ Մենք վստահ էինք, որ այդ նստաշրջանը լինելու էր»,- ասաց նա։

Նա նշեց, որ այդ նստաշրջանին նախորդեց նոյեմբերի 4-6-ը ՀՀՇ առաջին համագումարը, որի ընթացքում փորձ կատարեցին Շարժումից դուրս թողնել այդ գաղափարին հավատարիմ մարդկանց։ «Այդ համագումարից պարզ դարձավ, որ ՀՀՇ-ն, որը հիմնվել էր վերամիավորման, միացման գաղափարի շուրջը, դառնում էր կուսակցություն, որը հրաժարվում էր այդ գաղափարից։ Եվ հարց է ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ նոյեմբերի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը նույն Շարժման պահանջով կոմունիստական գերագույն խորհուրդը հրավիրեց Արցախի Ազգային խորհրդին, եւ ընդունվեց վերամիավորման մասին որոշումը։ Այնտեղ շատ ելույթներ են եղել, բայց վերամիավորման որոշման պահանջը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Եվ հիմա դժվար է այդ մասին խոսել, որ Շարժումն այդ ժամանակ դեմ էր վերամիավորման որոշման ընդունմանը։ Բայց փաստը մնում է փաստ, որ 1990 թվականի իշխանափոխությունից հետո այդ որոշումը մղվեց հետին պլան։ Դրա վրա դրվեց ծանր կնիք եւ մինչեւ 1991 թվականի աշուն Արցախում անցկացվեց առանձին հանրաքվե, եւ հռչակվեց Արցախի Հանրապետությունը»,- նշեց նա։

Հրանտ Խաչատրյանն ասաց, որ այդ որոշումն ուժի մեջ է։ «Ես չեմ կարող գոհունակություն հայտնել նախորդ երեք իշխանություններից, որոնք լռության են մատնել վերամիավորման մասին որոշումը։ Հռչակելով Արցախի Հանրապետությունը՝ երկրորդ պլան է նեղվել այն հանգամանքը, որ այսօր բռնի տեղահանված արցախցիները երեք տասնամյակից ավելի համարվել են ՀՀ քաղաքացիներ»,- ընդգծեց նա։

Հրանտ Խաչատրյանը դիմեց հայ ժողովրդին եւ ընդդիմադիր ու իշխանական գործիչներին. «Բոլորին հիշեցնում եմ, որ մեր ազատագրական պայքարի մասնակիցների, զոհերի նկատմամբ մի փոքր հարգանք ցուցաբերեն եւ հասկանան, որ մինչեւ հայ ժողովուրդը չվերադառնա իր այն ակունքներին, որը կոչվում էր Արցախյան շարժում եւ հետագայում վերածվեց անկախության շարժման, եւ Հայաստանը դարձավ անկախ պետություն, մենք չենք կարող առավելագույնս օգտագործել մեր ազգի ռեսուրսները, հավաքական ուժը եւ անընդհատ դժգոհելու ենք սրանից-նրանից»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031