«ՀԱՆԳԻՍ՛Տ, ՄԻԱՅՆ ՀԱՆԳԻՍՏ» Թերեւս մեր քաղաքական ու լրատվական գործիչները մուլտֆիլմեր չեն նայել, այլապես չէին մոռանա հանգստություն պահպանելու վերաբերյալ Կառլսոնի խորհուրդը։ Հանգիստ կմնային եւ նյարդային ծիկ չէին ունենա, ասենք, այն իրողությունից, որ պատգամավորները խումբ են ստեղծել, որը պիտի հետեւի «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը։ Հանգիստ նյարդերով մարդը կհիշեր, որ Ազգային ժողովի 69 պատգամավորներ այս գործով տուժող են ճանաչված՝ 5-ը մարմնական վնասվածք ստացածներ են, մնացածը՝ ապօրինաբար ազատությունից զրկվածներ։ Ըստ այդմ նրանք բոլորն էլ իրավունք ունեն մասնակցելու դատավարությանը։ Եվ եթե դա չեն անում եւ ընթացքի մասին միմյանց իրազեկելու նպատակով ընդամենը խումբ են ստեղծում՝ լրագրողները պիտի նրանց դեռ երախտիքի խոսքեր ասեին։ Պարզ է, չէ՞, որ եթե այդ 69-ն էլ գային դահլիճ, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար պարզապես նստելու տեղ չէր լինի։ Բայց գոհ լինելու փոխարեն, որոշ լրագրողներ սկսեցին փնովել, թե խումբ ստեղծելով ճնշում է գործադրվում դատարանի վրա։ Իսկ ճնշումների թեմայով ի՜նչ աղմուկ-աղաղակ բարձրացավ, երբ դատարանի շենքին հարակից տարածքում սկսեցին մարդիկ խմբվել… Կարծես առաջին անգամն էր։ Կարծես դաշնակցությանն առնչվող դատավարությունների ընթացքում եւս դատարանի մոտ ցույց չի անցկացվել կամ էլ մշտապես այլ դատերի ժամանակ նույնպես մարդիկ չեն խմբվում այստեղ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս դեպքում էլ հարկ էր սոսկ հանգստություն պահպանել։ Ամեն ինչ ինքն իրեն կարգավորվեց։ Հարակից տարածքներում հավաքվող գործիչներն ի վերջո թերեւս հոգնեցին նույն հարցերով ամեն անգամ իրենց կպչող լրագրողներից եւ այլեւս աշխատում են այստեղ նրանց աչքին չերեւալ։ Սովորական մարդիկ մի քանի անգամ եկան, հավաքվեցին, հետո դադարեցին։ Այնպես որ, այս երկու օրինակը կարող է օգտակար դաս դառնալ, որ այլ դեպքերում գոնե առժամանակ փորձեն հետաձգել հիստերիան եւ գոնե առերեւույթ պահպանեն հանգստություն։ Ա. Ի.