Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի

Ապրիլ 26,2001 00:00

Ոճրագործը կատակելու տրամադրություն ուներ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատաքննական ցուցմունքներով, որոնցից դժվարանում ես կռահել, թե ի՞նչ կապ ունեն ԱԺ-ում կազմակերպված եւ իրականացրած սպանդի հետ։ Ամբաստանյալն, օրինակ, պատմեց, թե ինչպես են իրենք Թուրքիայում կանգ առել, մեքենայի համար վառելիք են գնել, իրենց համար՝ նարինջ՝ 1 դույլը 1 դոլարով։ Եվ ոչ ոք նրան չի ընդհատում. դա հանգամա՞նք է, դրանով կարո՞ղ ենք ենթադրել, թե այն նպաստել է ԱԺ սպանդի իրականացմանը։ Կամ ասենք, իրենք «ոչ պաշտոնական ճաշկերույթին» հյուրասիրվել են, եւ թարգմանիչն էլ ասել է, թե այդ հյուրասիրությունն իրենց հասու չէ։ Սա ի՞նչ հանգամանք է կամ ապացուցողական ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ։ Փոխարենը, երեկ տեղեկացանք, որ ամբաստանյալին, որը գտնվում է ԱԱՆ քննչական մեկուսարանում, թերթեր են տրվում։ Նա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում դատական ռեպորտաժն էր կարդացել եւ «հերքեց», որ ինքը դատաքննության ժամանակ ասել է, թե թուրքական լրատու գործակալության հետ կապ է ունեցել… Արժե պարզապես հիշել դատական անդրանիկ նիստը, երբ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցրեց ամբաստանյալին, թե «Այլ աղբյուրից (տեղեկատվական) օգտվե՞լ եք», իսկ ամբաստանյալը պատասխանեց. «մինչեւ 2000 թ. հուլիսն ինքը թերթ չի կարդացել» եւ փաստորեն, չի օգտվել այլ, նաեւ՝ տեղեկատվական, աղբյուրներից։ Ամբաստանյալը նկարագրեց կամ ցուցմունք տվեց Թուրքիայում հեռուստակամուրջ ստեղծելու կապակցությամբ իր «գործուղման» մասին, այն մասին, որ ինքը 1998 թ. հոկտեմբերից մինչեւ 1999 թ. փետրվարն աշխատել է պայմանագրային հիմունքներով Հայաստանի ազգային հեռուստատեսությունում։ Հանդիպել է Տիգրան Նաղդալյանի հետ, որոշել «հեռուստատեսային քաղաքական ակումբ» ստեղծելու մասին, որը պայմանական «Նոր սերունդ» անունը պիտի ունենար։ Սակայն ՀԱՀ-ի տնօրենն ասել էր, թե որեւէ նոր ժամ մտցնել հնարավոր չէ… Ամբաստանյալն ասաց, որ Թուրքիայում գտնվելիս այցելել է Աթաթուրքի դամբարանը եւ կից թանգարանը, հանդիպել տուրիզմի, մշակույթի նախարարների, արտգործնախարարության խոսնակի հետ, որի հետ «խոսել ենք Արցախի, 1915 թ. իրադարձությունների», հայ-թուրքական փոխհարաբերությունների մասին։ Ամբաստանյալը հիշեց նաեւ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, թե իրենց՝ լրագրողների աշխատավարձերը 5000 է. 10 դոլարի չափ եւ «գրեթե բոլորը միասին տվեցին հետեւյալ հարցը. բա ինչպե՞ս եք ապրում», ինչին հետեւեց մի տափակ կատակ, որն արդեն հունից հանեց Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցչին՝ Աշոտ Սարգսյանին։ Վերջինս դիմեց դատավոր Սամվել Ուզունյանին. – Իրեն բացատրեք, որ ինքը գտնվում է դատարանում եւ մեղադրվում է ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Դատավոր Ս. Ուզունյանը դիմեց կողմերին, թե այդ դեպքում «ոչ մի ռեպլիկ, ճշտում չկատարեք» եւ շեշտեց, թե «հարցաքննում ենք մեղադրանքի շուրջ»։ Ամբաստանյալն անվրդով եւ ձայնի երանգն առանց դույզն-ինչ փոխելու (անգամ, երբ դրսից լսելի էին «Նաիրի, դավաճան, Հուդա» հանրահավաքային կոչերը) շարունակում էր, թե ինչպես են իրենց տեղավորել բավականին բարձրակարգ հյուրանոցում (որի անունն այս դեպքում չհիշեց) առանձին-առանձին, եւ նույն հարկում էլ կար մի հյուրանոց-բնակարան։ Մեղադրականում տեղ գտած մտքի հետ կապված՝ «Ընդ որում, թե Տրապիզոնում, թե հետագա ճանապարհին Ն. Հունանյանը գտնվել է թուրքական կողմի հետ առանձին մեքենայում», ամբաստանյալն ասաց. «Այսինքն, տպավորություն է ստեղծվում, թե ես թուրքական կողմի հետ առանձին մեքենայում թե չգտնվեի այդ օրը, հոկտեմբերի 27-ին զենք չէի վերցնի,- եւ ապա ցինիկորեն նկատեց:- Ի դեպ, մեղադրականում մոռացել են նշել, որ բոլոր հյուրանոցներում քնել ենք առանձին սենյակներում, եւ դա էլ է ինչ-որ կերպ ազդել»։ Նա նկարագրեց ավտոմեքենայի մեջ իր եւ թուրքական կողմի հանդիպումը. «Կարող եմ հիշելով ասել, որ նախաձեռնողն ու խոսակցությունը տանողը ես եմ եղել»։ Տեղեկացել էր նաեւ, որ լրագրողները Թուրքիայում 1000-1500 դոլար աշխատավարձ են ստանում… Դատական երեկվա նիստը դարձյալ «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններին «չմոտեցավ»։ Ամբաստանյալը նիստի ավարտին միջնորդեց, որ մեկուսարանում գրած իր բանաստեղծությունները տրվեն հոգեբանին (Ռուբեն Աղուցումցյանին), որոնց կապակցությամբ ակնարկեց, թե «կմեկնաբանի դրանք»։ Չնայած դատավոր Ս. Ուզունյանը հավաստում է, թե «դատաքննությունը միլիմետր չի շեղվում իր շրջանակներից», բայց վախենամ, թե այս ուրբաթ էլ պոեզիայի ժամով սկսվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել