Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի

Հունիս 06,2001 00:00

Խղճացեք երեխաներին, պարոնա՛յք Հայտնի պատմություն է. մի երիտասարդ հարցրել է մանկավարժ Անտոն Մակարենկոյին, թե ե՞րբ պետք է սկսի իր երեխայի դաստիարակությունը։ Մակարենկոն, իմանալով, որ երեխան ընդամենը քառասուն օրական է, պատասխանել է, որ ծնողը ուշացել է ուղիղ քառասուն օր։ Միգուցե շատերը կհամարեն սա չափազանցություն, բայց իսկապես անհատի գիտակցությունը եւ բանականությունը ձեւավորվում են ամենավաղ տարիքից։ Մեր ժամանակներում այդ գործընթացում մեծ է ԶԼՄ-ների դերը եւ, անշուշտ, առաջին հերթին հեռուստատեսության։ Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր լինել, թե ի՞նչ են ցույց տալիս մեր երկրի ապագա քաղաքացիներին հեռուստաէկրանից։ …Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն հեքիաթներ։ Նրանք պատմում են փոքր երեխային բարու եւ չարի, խիզախության եւ վախկոտության, շռայլության եւ ժլատության, լավի ու վատի մասին։ Հեքիաթներից երեխան ծանոթանում է կենդանիներին, որոնց մշտապես տրվում են յուրահատուկ անուններ, շեշտվում են բնավորության գծերը։ Ի դեպ, վստահող մանկական գիտակցությունը իսկույն ընդունում է այդ առաջին տպավորությունները, իսկ դրանցից շատերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում։ Պատահական չէ, որ հեքիաթի ժանրին մեր գրականության մեջ մեծ ուշադրություն էին հատկացնում Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը եւ շատ ուրիշներ։ Ներկա պայմաններում երեխան հնարավորություն ունի ոչ միայն լսել հեքիաթները, որոնք պատմում են տատիկը կամ մայրիկը, այլ նաեւ դիտել հեռուստատեսությամբ մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ։ Մուլտֆիլմի կամ հաղորդման գլխավոր արժանիքն այն է, որ դրանք հաճույքով նայեն ինչպես մանուկները, այնպես էլ մեծահասակները։ Հիշենք «Սպիտակաձյունիկը», «Վինի Պուխը», «Կարլսոնը», «Բրեմենյան երաժիշտները», «Պույ-պույ մկնիկը», «Աբու Հասանի մաշիկները»… Կարելի է թվել անվերջ։ Իսկ ի՞նչ են դիտում մեր երեխաները ՀՀ առաջին ծրագրով, «Տուն-տունիկ» մանկական հաղորդաշարում։ Անհասկանալի է, թե ո՞ւմ համար եւ ի՞նչ պատճառաբանությամբ են այդպիսի ողորմելի տիկնիկներ հայտնվում էկրանին։ Նրանց անուններն են Մոխ եւ Դմբլդոխ. երկար, դեսուդեն անող քթերով, դուրս պրծած աչքերով։ Երեխան ուղղակի կարող է վախենալ եւ երեկոյան նրան հավանական է կայցելի մի սարսափելի երազ։ Համոզված եմ, որ ուշադիր ծնողներն իսկույն անջատում են այդ հեռուստաալիքը։ Այսպես կոչված «տիկնիկների» երկխոսությունը անմիտ է, տափակ, չկա հումորի նշույլ անգամ եւ, կարեւորը՝ իսպառ բացակայում է իմացաբանությունը։ Ի՞նչ կարող է սովորել մանուկը այս հաղորդումը դիտելով, եթե «գործող անձինք» բացահայտ հիմար են եւ զուրկ անհատականությունից։ Բայց սա դեռ բոլորը չէ… Ահա կատուների ընտանիք. մայրը, հայրը եւ աղջնակը։ Այդքան դուրալի, ներդաշնակ կենդանիները, որոնց ժողովրդական իմաստնությունը վերագրում է խելք ու խորամանկություն, այդ հաղորդման մեջ երեւան են գալիս որպես կիսախելագար այլանդակներ։ Այսպիսով, երեխան, որը կդիտի նման հաղորդումը, կընկալի աշխարհը ծուռ հայելու մեջ, մի աշխարհ, որը բնակված է այլանդակներով եւ թերհասներով։ Հարցնում եմ՝ իսկ ո՞ւր են բարին ու չարը, գեղեցիկ մարդիկ, թագաժառանգը եւ արքայադուստրը, ո՞ւր են հիասքանչ կենդանիները, որոնց կարելի է սիրել, տխրել նրանց անհաջողություններով եւ ուրախանալ, երբ ամեն ինչ լավ է ավարտվում։ Այս բոլորից հետո ի՞նչ գեղագիտական եւ բարոյական դաստիարակության մասին կարող է խոսք լինել։ Այնպես որ, բացահայտ անհաջող մանկական հաղորդումը այնքան էլ անմեղ բան չէ։ Այն կարող է քանդարար ազդեցություն գործել դեռ չձեւավորված մանկան հոգեբանության վրա։ Միակ հույսը այն է, որ ոչ մի երեխա այդ հաղորդումը չի դիտում, որովհետեւ, ինչպես հայտնի է, մանուկները իմաստուն են ի ծնե։ Եվս մի բան. սահմանափակում, ինչպես գիտենք, մեր օրերում չկա եւ դա լավ է։ Բայց, ըստ իս, յուրաքանչյուր ստեղծագործական խմբագրություն այս կամ այն նյութը եթեր թողնելուց առաջ պարտավոր է գոնե մի փոքր մտածել եւ կշռադատել, թե ինչ «ստեղծագործություն» է նա մասսայականացնում։ Ի վերջո, չի կարելի տիրաժավորել անհեթեթություններ հետեւյալ սկզբունքով. երեխաների համար ամեն ինչ կարելի է, նրանք այնքան էլ հասկացող չեն։ Կցանկանայի հիշեցնել հների այն ասացվածքը, որ երեխաների համար ամեն ինչ պետք է անել ինչպես մեծահասակների համար, բայց ավելի բարեխիղճ եւ լավ։ Չէ՞ որ նման խղճուկ հաղորդումների հետեւանքները իրենց զգացնել կտան տարիներ հետո եւ այդ ժամանակ կարձագանքեն մեզ մոխերն ու դմբլդոխները եւ կասեն «հոպ-լյա»։ Ու երբ այսքանը կհանգեցնի մի տխուր «չիք-չիրիքի», արդեն շատ ուշ կլինի։ ԲԱԳՐԱՏ ԽՈՋԻԿՅԱՆ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930