Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ընդունված է համարել թանգարան բաց երկնքի տակ։ Հավանաբար նաեւ այն բանի համար, որ իր նմանը չո

Հունիս 08,2001 00:00

Իր նմանը չունեցող աղբավայր Հայաստանը ընդունված է համարել թանգարան բաց երկնքի տակ։ Հավանաբար նաեւ այն բանի համար, որ իր նմանը չունեցող աղբակույտերի կարելի է հանդիպել միայն այստեղ։ Երեւանի կենտրոնում աղբամաններ չեն տեղադրում կամ եղածները հանում են՝ քաղաքի դիզայնը չփչացնելու համար։ Հավանաբար, աղբակույտերը մեր չինովնիկների գեղագիտական ճաշակը չեն վիրավորում։ Եթե բարձրահարկ շենքերն ունեն կենտրոնացված աղբահանության վայր, ապա ցածրահարկ շենքերի աղբի հիմնական «բնակավայրը» մայթերը, փողոցները, պուրակներն ու շենքերի բակերն են։ Բարձրահարկ շենքերն էլ, որոնց աղբահանությունը կենտրոնացված է, այնուամենայնիվ, ունեն իրենց խնդիրները։ Երբ աղբի մեքենան ժամանակին չի կատարում իր պարտականությունը, աղբատար խողովակը խցանվում է։ Խցանված աղբը առնետների եւ բազմապիսի միջատների հետ տարբեր հարկերից դուրս է թափվում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ «Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար» հարցով դիմեցինք քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Լեւոն Ղազազյանին։ Նրա մեկնաբանությամբ, դա ոչ թե քաղաքապետարանի, այլ թաղապետերի, համատիրությունների եւ բնակիչների խնդիրն է։ Նրանք պետք է պայմանագիր կնքեն աղբահանություն կատարող կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսական խնդիրները պետք է լուծվեն բնակիչների կատարած վարձավճարներով. «Եթե տվյալ վայրում կա կուտակված աղբ, ուրեմն, բնակիչները կամ չեն վճարել, կամ էլ աղբահանող կազմակերպությունների հետ չունեն պայմանագիր»,- ասաց Լ. Ղազազյանը։ Մեր այն հարցին, որ կան թաղամասեր, որոնք ունեն կնքած պայմանագրեր եւ պարտաճանաչ կատարում են վճարումները, սակայն աղբակույտերը այդպես էլ «անտեր» են մնում, պրն Ղազազյանը պատասխանեց, որ դա հնարավոր բան չէ, որ իրենք նույնիսկ իրենց հաշվին են մաքրում չվճարած թաղամասերը, «ամեն առավոտ կատարում ենք ամբողջ մայրաքաղաքով աղբահանում, նաեւ օրվա ընթացքում շրջում են հերթապահ մեքենաները։ Այնպես որ, մեր քաղաքը մաքուր է, ոչ մի տեղ աղբ չկա»։ Մեր պնդումներին, թե քաղաքը այդքան էլ մաքուր չէ, որ մենք մեր աչքով ենք տեսնում կենտրոնական փողոցներում կուտակված աղբը, պարոն Ղազազյանը պահանջեց այն ապացուցել՝ արձանագրելով դրանց վայրերը։ Կատարելով քաղաքապետարանի պաշտոնյայի խնդրանքը, հայտնում ենք աղբակույտերի մշտական վայրերը։ Պուշկինի, Իսահակյանի (Կամերային տան մոտ), Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի (քաղաքապետարանի մոտ) փողոցները։ Ծայրամասերում՝ Մալաթիա, Քանաքեռ-Զեյթուն, Մարաշ, Դավիթաշեն, Էրեբունի, վիճակն ավելի վատ է։ Այսքանը հասցրել ենք արձանագրել մեկ օրում՝ երեկ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել