Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Սաղաթելյանը 1991-92-ին ՆԳՆ թիվ 1 մեկուսարանի պետն էր։ 1994-ի հոկտեմբերից մինչեւ 2000 թ. ապրիլ

Հունիս 16,2001 00:00

ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ Մուշեղ Սաղաթելյանը 1991-92-ին ՆԳՆ թիվ 1 մեկուսարանի պետն էր։ 1994-ի հոկտեմբերից մինչեւ 2000 թ. ապրիլը գլխավորել է ՆԳՆ ՈՒԱՀ-ների վրա հսկողություն իրականացնող կամ, ժողովրդական անվանումով՝ գաղութների վարչությունը։ -Ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը փաստորեն խոստովանեց, թե իր ենթակայության Նուբարաշենի քննչական մեկուսարանում կարգուկանոն ապահովելը բարդ խնդիր է։ – Հայկ Հարությունյանին ճանաչելով 1991-ի փետրվարից՝ վստահ էի, որ նա ազնիվ է, անկաշառ, եւ նրան ոչ ոք չի կարող խաբել։ Բայց լսեցի նրա հայտարարությունը եւ զարմացա, թե ինչպես կարող է մարդը դառնալ ստրկամիտ եւ կամակատար։ Ինչո՞ւ Հայկ Հարությունյանը հանկարծ պաշտպանեց այն տեսակետը, որ Նաիրի Հունանյանին թիվ 1 մեկուսարան տեղափոխելը ռեժիմի պայմաններ ապահովելու եւ այլ առումներով ձեռնտու չէ։ Նա ստո՛ւմ է, խաբո՛ւմ բոլորին։ Նուբարաշենի մեկուսարանում բավարար, սովորական պայմաններ են։ Սա կարող է վկայել, թեկուզ, Վահան Հովհաննիսյանը։ Եվ եթե ՆԳ նախարարը փորձում է արդարացնել, թե հնարավոր չէ ապահովել Հունանյանի անվտանգությունն այս մեկուսարանում՝ նա ընդամենն արդարացնում է նախագահի, Սերժ Սարգսյանի եւ վարչապետի ցանկությունները։ Նրան թելադրե՞լ են, թե՞ պարտադրել, որ այդպես ասի։ Մի՞թե մի ժամանակ իմ ներկայությամբ չէր Հայկ Հարությունյանը «պատերազմում» ԱԱՆ-ի հետ, թե ավելի օպերատիվ եւ արդյունավետ աշխատողը ՆԳ աշխատակիցներն են եւ ոչ ԱԱՆ-ի։ Ի՞նչ պատահեց։ Հարցը Նաիրի Հունանյանին տեղափոխել-չտեղափոխելը չէ։ Հայկ Հարությունյանը ղեկավարում է «օրենքի պաշտպանների» շուրջ 20 հազարանոց բանակ՝ ինչո՞վ են նրանք օժանդակել կամ օժանդակում այս քրեական գործի բացահայտմանը։ – Ձեր կարծիքով, Նուբարաշենի մեկուսարանում եւս լրիվ հնարավո՞ր է լուծել կալանավորների անվտանգության խնդիրը։ – Նուբարաշենի մեկուսարանի հիմնական մասնաշենքից բացի, ուր շուրջ 1000 կալանավոր է պահվում, կան նաեւ օժանդակ մասնաշենքեր։ Նախկին հոգեբուժական հիվանդանոցը, որ մեկուսարանի ներսում էր գտնվում, ես՝ պրն Հարությունյանի հետ միասին նորոգել եմ, ստեղծել կենցաղային ավելի նորմալ պայմաններ։ Այստեղ անգամ տեսախցիկներ են տեղադրված, լսողական սարքեր, որ ոչ մի օպերատիվ տեղեկատվության արտահոսք չլինի, հակաօրինական քայլեր չլինեն։ Այս օժանդակ կառույցներում անվտանգության ապահովումն ավելի լավ հիմքերի վրա է, քան որեւէ այլ տեղ։ Բայց, այնուամենայնիվ, զարմանում եմ մարդասպանների նկատմամբ այս աստիճանի հոգատարության արտահայտման վրա։ Միայն նրա՞նց անվտանգությամբ են շահագրգիռ. այդ որտե՞ղ էին այս «բարեգործները» հոկտեմբերի 27-ին, երբ չկարողացան ապահովել երկրի ղեկավարների կյանքի անվտանգությունը։ – Իսկ ԱԱՆ գործակալներին ՆԳՆ մեկուսարանում իրոք վտա՞նգ է սպառնում։ Խնդիրը Նաիրի Հունանյանը չէ, այլ՝ որ չվերանա այս ոճրագործության լիակատար բացահայտման հնարավորությունը։ Ուստի, կարեւոր է իմանալ, թե եղե՞լ են դեպքեր, որ գործակալի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն մեկուսարանում։ – Մեկուսարանում բազմաթիվ են ծանր հանցագործություն, ասենք, սպանություն կատարածները, որոնց զոհերի հարազատները թերեւս ցանկանային վաղաժամ լուծել իրենց վրեժը։ Միշտ նման սպառնալիքներ եղել են եւ կան։ Բայց թող մեկն ու մեկն օրինակ բերի, որ հնարավոր է վրեժխնդրությունն իրականացնել քննչական մեկուսարանում։ Բացառվում է նաեւ հանցագործ աշխարհի կողմից հաշվեհարդարը։ Միշտ էլ մեկուսարաններում լինում են, այսպես ասած, բացահայտված գործակալներ։ Նրանք պահվում են առանձնացված կամ նույն տիպի այլ մարդկանց հետ։ Հնարավոր չէ նրանց վնաս հասցնել։ – Ի դեպ, չնայած տեւական շրջան շատերը պնդում էին, թե ողջ նախաքննության ընթացքում օտար մարդիկ մտել են ԱԱՆ մեկուսարան եւ այնտեղ բռնարարքներով ինչ-ինչ ցուցմունքներ պարտադրել «Հոկտեմբերի 27»-ի գործով կալանավորվածներին, միայն այժմ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը հայտարարեց, թե որեւէ մեկը չի կարող անպատեհ մտնել մեկուսարան՝ անգամ ԱԱ համակարգի աշխատակիցները։ – Նա ճիշտ է ասում։ Ոչ ոք չի կարող ապացուցել հակառակը, թե եղել են նման դեպքեր։ Միայն հատուկ թույլտվությամբ է հնարավոր մուտք գործել մեկուսարան։ Նույն կարգը նաեւ թիվ 1 մեկուսարանում է։ Ամեն մեկուսարան էլ իր կանոնակարգն ունի, համապատասխան մատյաններ, ուր գրանցվում են փաստաթղթային տվյալները բոլոր այն անձանց, ովքեր այցելում են կալանավորներին։ – Նախկին քաղկալանավոր Վարդան Հարությունյանը պնդել էր, թե ցանկացած մեկուսարանում էլ շատ դյուրին է կալանավորին արտադատարանական աջակցություն ցուցաբերելը։ Համաձա՞յն եք այս դիտարկմանը։ – Չեմ վիճարկի այդ տեսակետը։ Բայց կուզենայի մի հարց ուղղել դարձյալ Հայկ Հարությունյանին. ի՞նչ հիմքեր ուներ այդքան ջերմեռանդորեն պնդելու, թե միայն ենթադրություններ են, որ Հունանյանին անօրինական կարգով իրավաբանական օգնություն է ցույց տրվում։ Չէ որ օպերատիվ աշխատողն անգամ բարոյական իրավունք չունի առանց հիմնավորման նման պնդումներ անել։ Գուցե ինքն ԱԱ մեկուսարանի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությո՞ւն ունի, որ կարողանում է լիակատար վստահությամբ հայտարարել, թե «երեւակայության արդյունք է»։ Չորս կողմից՝ ե՛ւ ԱԱ, ե՛ւ ՆԳ, ե՛ւ պաշտպանության, ե՛ւ արդարադատության նախարարները սկսել են ուղղորդել եւ հրահանգավորել դատավորին։ ԱԺ-ն ժամանակավոր հանձնաժողով է ստեղծել, այն խնդրանք եւ առաջարկ է ներկայացրել դատարանին։ Ինչո՞ւ են նախարարները դատավորին հուշում, թե ինչպես վարվի այդ խնդրանքի հետ։ Մեր երկրի արդարադատության եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներն է՞լ են իրենց հայտարարություններով ոտնահարում Հայաստանի օրենքները՝ սա առեղծված է։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել