Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժմանը ծանր փորձություններ են սպասվում

Մայիս 16,2024 13:00

Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափորը հասավ Երեւան եւ նույն օրը երեկոյան անցկացրեց առաջին հանրահավաքը: Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 50 000 մարդ, ովքեր ծափահարություններով դիմավորեցին շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին եւ մյուս մասնակիցներին, ովքեր մի քանի օրում ոտքով հասան Երեւան: Ժողովրդի սպասումը շատ մեծ էր, սակայն այն քանակը, որը ես էի ակնկալում, չհավաքվեց: Ինչեւէ … Երեկոյան ժ. 18:40 Բագրատ սրբազանը հայտարարեց, որ 1 ժամ ժամանակ է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելու համար: Անցավ 1 ժամը եւ լռություն … Եվս 15 րոպե ժամանակ ավելացվեց եւ դարձյալ՝ լռություն: Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վաղվանից կսկսեն անհնազանդության ակցիաներ եւ կներկայացնեն հետագա անելիքները: Մայիսի 8-ից սկսվել եւ մինչեւ այսօր շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ փողոցներ փակելը: Այս օրերին այդ ակցիաներին զուգահեռ քննարկվում է նաեւ ընդդիմության կողմից ԱԺ-ում վարչապետին անվստահություն ներկայացնելու առաջարկը, որը, սակայն, հանդիպել է դժվարության, քանի որ պահանջվող ձայները չեն բավականացնում: Անհրաժեշտ են ՔՊ-ից որոշակի ձայներ, որպեսզի հնարավորություն լինի անվստահություն ներկայացնելը, որը, ըստ ինձ, համարյա բացառված է: Ասօրվա իրավիճակը այսպիսին է եւ պետք է մտածել, թե ինչպիսի մարտավարություն պետք է որդեգրի շարժումը: Չնայած ներքին անհանգստությանը, ՔՊ-ն արտաքուստ իրեն հանգիստ է պահում՝ չնայած բազում ձերբակալություններին, իսկ շարժումն իր ծրագրած գործն է անում: Վերը նշված երկու տարբերակներից աշխատում է միայն մեկը՝ շարունակել անհնազանդության ակցիաները, քանզի հասկանում են, որ այս իրավիճակում անվստահության հարցը փակուղի է մտել: Ազգային ժողովի հաջորդ՝ հերթական ընտրություններին, մնացել է մոտ երկու տարի եւ եթե անգամ հրաշքով հաջողվի անվստահության հարցը մտցնել օրակարգ, ապա միեւնույն է, այն երբեք հաջողություն չի ունենա ու հաջորդ մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2025թ. մայիսը, ընդդիմությունը հնարավորություն չի ունենա դարձյալ անվստահության հարց ներկայացնելու, որից հետո հերթական ընտրություններին կմնա մոտ 1 տարի ժամանակ, որը երկու կողմին էլ ձեռք չի տա՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Այսպես թե այնպես, ստացվում է, որ եթե Հայաստանում այդ ընթացքում լուրջ ֆորս-մաժոր չլինի, ապա ԱԺ-ի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026թ.-ին, որը բացարձակ ձեռնտու չէ շարժմանը, քանզի մինչ այդ իշխանության կողմից ամեն ինչ տրված կլինի Ադրբեջանին ու ամեն ինչ կվերջանա:

Այսպիսով, երկար խոսենք, թե կարճ, այս շարժման արդյունքի ելքերը շատ չեն.

ա/ Պետք է հավաքվի 100 հազար եւ ավելի ցուցարար, որոնց ճնշման տակ ճիշտ Նիկոլ Փաշինյանի սցենարով իրականացվի նրան անվստահություն հայտնելու եւ լուծվի նրա հրաժարականի ու կառավարության նոր՝ ժամանակավոր ղեկավարի նշանակման հարցերը, որից հետո որոշվի նոր՝ արտահերթ ընտրությունների անցկացման օրը:

բ/ Անհնազանդության ակցիաները կշարունակվեն ու եթե գնալով մարդիկ շատանան եւ նրանց քանակը հասնի ա- կետում նշված թվին, ապա այն մեխանիկորեն կբերի ա-կետում նշված հրաժարականի տարբերակին, իսկ եթե աստիճանաբար նվազեն դրանք, ապա շարժումը կգնա աստիճանական մարման, որն էլ կդառնա Նիկոլ Փաշինյանի երազանքի՝ չափազանց երկար վարչապետ մնալու երաշխիքը:

գ/ Իշխանությունը կգործարկի երկրորդ մարտի 1-ի սցենարը, որը, սակայն. հայտնի չէ, թե ինչով կվերջանա: Ահա սրանք են այս շարժման հավանական ելքերը: Իհարկե, կա նաեւ ամենավատ տարբերակը. Ադրբեջանն ամեն կերպ կօգնի իշխանություններին դուրս գալու այս իրավիճակից: Եթե չհաջողվի, ապա կգործարկվի նաեւ պահեստային՝ վերջին տարբերակը. Ադրբեջանը դարձյալ կհարձակվի Հայաստանի վրա եւ կփորձի բոլոր հարցերը լուծել հենց պատերազմի միջոցով, որին պայմանավորված կերպով կնպաստեն նաեւ Հայաստանի իշխանությունները: Բոլոր դեպքերում, շարժմանը ծանր փորձություններ են սպասում:

Եվ վերջում. ինչպես վերը նշեցի, շարժման հաղթանակի միայն մեկ տարբերակ կա. պետք է փողոց դուրս գան 100 000-ից ավելի ցուցարարներ եւ փորձեն ԱԺ-ին պարտադրել Փաշինյանին անվստահության իրականացման տարբերակը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական

ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.05.2024

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Մի տարբերակ էլ կա, թող ընդդիմությունը դիմի Ալիեվին՝ էն խոստացած հարյուր հազար թուրքը մի քանի օրով տա, բերեն լցնեն հրապարակ, գործը գլուխ բերեն, հետո հետ հավաքեն։
    Լսե’ք, ինչքան կարելի է անմտություններով փորձել ահաբեկել էս խեղճ ժողովրդին՝ վստահ լինելով, որ ձեզանից ավելի հիմարներն էլ կան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031