Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ-ի մոտ ութհարյուր հոգիանոց աշխատանքային կոլեկտիվը կես տարի աշխատավարձ

Հունիս 21,2001 00:00

Ազգայինից հանրայինի անցման ճանապարհին «Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ-ի մոտ ութհարյուր հոգիանոց աշխատանքային կոլեկտիվը կես տարի աշխատավարձ չի ստացել։ Որեւէ քաղաքակիրթ երկրի համար սա թերեւս բացառիկ կարող է դիտվել, բայց մեզանում բոլոր անսովոր բաները հեշտությամբ սովորական են դառնում։ «Հանրային հեռուստառադիոխորհուրդ»-ի ստեղծմամբ որոշ խնդիրներ առաջացան, որ առնչվում են, առաջին հերթին, Ազգային ռադիոյին։ Խնդիրը ներկայացնենք մի փոքր ավելի հեռվից։ 1996 թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի ռադիոընկերություն» ՊՁ-ն։ 1996 թ. ռադիոընկերությունը, ըստ նոր կարգավիճակի, պարտավոր էր 20 տոկոս ԱԱՀ վճարել, սակայն, կառավարությունը 1996 թ. բյուջեում «մոռացել է» կատարել համապատասխան 20 տոկոսի ավելացումը։ Արդյունքում՝ ռադիոընկերությունը չի վճարել մոտ 38 մլն ավելացրած արժեքի հարկը։ Շղթայի օղակները հետզհետե ավելանում են։ Արդեն 1997-ին հարկային տեսչությունը ստուգումներ է իրականացնում Ազգային ռադիոյում եւ հայտնաբերում է այդ չարաբաստիկ 38 մլն դրամը, որը, տույժ եւ տուգանքներով, դառնում է 155 մլն դրամ եւ անմիջապես ֆիքսվում է որպես Ազգային ռադիոյի հարկային պարտավորություն։ 1997-1998 թթ. հնարավոր է դառնում այդ «պարտքերը» ժամանակավոր սառեցնել, սակայն 1999 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած, հիշյալ գումարը սկսում են բռնագանձել։ Եվ սա կատարվում է մի ձեռնարկության հետ, որի տարեկան պետական պատվերը 144 մլն դրամ է։ Այսպիսի ֆինանսական պատկեր ունեցող ձեռնարկությունից մեկուկես տարվա ընթացքում բռնագանձվում է 155 մլն դրամ։ Արդյունքում, ռադիոյի հաշվեկշռում գոյանում է 135 մլն դրամի պարտք։ Սրանից բացի, արդեն 2000 թ. պետպատվերի գումարից ռադիոյին չի վճարվում 23,5 մլն դրամ։ «Հայաստանի ազգային ռադիոն» լուծարման գործընթացում է 2001 թ. փետրվարից, սակայն շարունակում է իրականացնել պետական պատվեր։ Այսինքն՝ ռադիոյի աշխատողներն ամեն օր աշխատում են, բայց այդ աշխատանքի դիմաց համապատասխան վարձատրություն չեն ստանում։ Թերեւս, ուրիշ երկրներում մաշկի յուրօրինակ գույն ունեցողներն անգամ այսպես հրապարակային չեն շահագործվում։ Տարվա առաջին կիսամյակում նախատեսված 88 մլն 471 հազար 800 դրամից մինչեւ օրս ռադիոյին տրվել է ընդամենը 12 մլն հարյուր հազար դրամ։ Կառավարությունը նախորդ հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ հասցրեց լուծել «Հանրային հեռուստատեսության» հարցերը։ Արդեն կա կառավարության որոշում, ըստ որի, «Հանրային հեռուստատեսության» հարցերով կզբաղվի Հանրային խորհուրդը։ Ռադիոյի հարցը դեռեւս մնում է բաց։ Ռադիոյի եւ հեռուստատեսության լուծարային հանձնաժողովի նախագահ Էդուարդ Միլիտոնյանին խնդրեցինք ներկայացնել, թե ռադիոյի լուծարման գործընթացը ի՞նչ փուլում է. «Ռադիոն, ոչ իր մեղքով, հայտնվել է ծանր հարկային լծի տակ եւ տարիների հետ էլ կուտակվել են այլ պարտքեր։ Մենք այդ ամենը հանձնաժողովում քննել ենք, տվյալները կազմել ենք եւ ներկայացրել ենք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի նաեւ անցած տարվա բյուջեի 23,5 միլիոն թերվճարումը, նաեւ այս տարվա թերվճարումը, բերվի մի նժարի։ Գուցե այդ թերվճարումները տրվեն ռադիոյին, եւ նա կարողանա իր պարտքերը փակել»։ Այստեղ ընդհատենք պրն Միլիտոնյանին եւ նկատենք, որ «պարտքեր վճարել» արտահայտությունն ամենեւին չի վերաբերում աշխատողների աշխատավարձերի վճարմանը։ Լուծարային հանձնաժողովն առայժմ առաջարկ է սպասում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, որպեսզի հարցը ներկայացվի կառավարություն։ Չի բացառվում, որ կառավարության հենց այսօրվա նիստում ռադիոյի հարցը կրկին լսվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Այս խնդրի վերաբերյալ «Հանրային հեռուստառադիոխորհրդի» նախագահ Տիգրան Նաղդալյանի տեսակետը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930