Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիոլոգիա»

Հունիս 21,2001 00:00

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է «Սոցիոլոգիա» անունը կրող գիտությունը, անշուշտ, հիմնադրել է Անդերսենի հանրահայտ հեքիաթի երեխան, որն օբյեկտիվորեն գնահատելով թագավորի վիճակը, ասել է, որ թագավորը մերկ է: Նրա օրինակին են հետեւել Կոպեռնիկոսը, Գալիլեյը, Ջորդանո Բրունոն, Էյնշտեյնը եւ էլի շատ ազնիվ մարդիկ: Միանգամայն այլ խնդիր է, թե ինչ է եղել նրանց հետագա վիճակը:Թագավորի պարագայում հասկանալի է՝ սոցիոլոգիայի հիմնադրին, մեղմ ասած, չեն սիրել: Հիմա մենք ենք մեկ այլ հարադրությամբ հայտնվել Անդերսենի հեքիաթի երեխայի վիճակում եւ նրա անշահաբեր օրինակով հայտարարում ենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական փաստաթուղթ է: Ընդ որում, դա ակնհայտ է, ինչպես Անդերսենի հեքիաթի թագավորի մերկությունը: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մինչ այս հրապարակումը, մենք մի քանի անգամ փորձել ենք պալատականների միջոցով այս ակնհայտ ճշմարտությունը հասցնել թագավորին: Նույն փորձն արել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ կիրթ եվրոպական լեզվով: Արդյունքը զրոյական է: Հետեւաբար, զսպելով ամոթի զգացումը, ստիպված ենք ի լուր ամենքի շարադրել հետեւյալը։ Սկսենք մեր բազմաչարչար Սահմանադրությունից, որը գտնվում է վիրահատման (իմա՝ վերափոխման) գործընթացում: Այդ Սահմանադրության 1 հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», 2 հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Հետեւաբար, ժողովրդին պատկանող իշխանությունը կարող են իրականացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները եւ պաշտոնատար անձինք: Միայն նրանք կարող են օժտվել պետական իշխանական լիազորություններով: Տեղն ու տեղը ասենք, որ ՀՀ Սահմանադրությունը ո՛չ քաղաքացիական ծառայության խորհուրդ է նախատեսում եւ ո՛չ էլ այդ խորհրդի անդամ: Բնական է կարծել, որ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնատար անձանց գոյությունը եւ նրանց իրավասության բնույթն ու ծավալը կախված է Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդի կամքից: Երեւակայեք, գրեթե նույն կարծիքին են նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հեղինակները: Նախագիծը մեզ չի տեղեկացնում, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտոնը եւ ինչով է դա տարբերվում քաղաքական ու հայեցողական պաշտոններից, սակայն, փառք Աստծո, մեզ բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական ծառայությունը, որից, թերեւս, կարելի է եզրահանգել, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտոն ասածը: Այսպես, նախագծի 3 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում կարդում ենք. «ա) քաղաքացիական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետում նախատեսված մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով»: Հետեւելով հոդվածում եղած հղմանը, նախագծի 4 հոդվածից տեղեկանում ենք, որ խոսքը հանրապետության նախագահի, կառավարության, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների եւ խորհուրդների (այդ թվում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի), բացառությամբ Կենտրոնական բանկի՝ աշխատակազմերում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց մասին է: Քանի որ խոսքը բացառապես աշխատակազմերի մասին է, ուստի ակնհայտ է, որ հիշյալ խորհրդի եւ խորհուրդների, ինչպես նաեւ նշված հանձնաժողովների անդամները քաղաքացիական ծառայողներ չեն: Նախագծի 39 հոդվածի 5-րդ կետում ուղղակի ասված է՝ «Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները քաղաքացիական ծառայող չեն համարվում»: Մնում է պարզել, թե նրանք ինչ պաշտոն են զբաղեցնում՝ քաղաքակա՞ն, թե՞ հայեցողական: Սակայն ակնհայտ է, որ խոսքը քաղաքականություն իրականացնող, այսինքն՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց մասին է: Դրա մասին է վկայում նախագծի 38 հոդվածի 1-ին կետը, որտեղ տառացիորեն ասված է. «1. Քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը»: Իսկ եթե դա այդպես է, ապա քաղաքական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու հարցը կարող է ունենալ բացառապես սահմանադրական լուծում: Այսպիսի խորհրդի տիպիկ օրինակ է ՀՀ Սահմանադրության 94 եւ 95 հոդվածներում ամրագրված արդարադատության խորհուրդը: Այսպիսի խորհուրդները կարող են ստեղծվել միայն Սահմանադրության վերափոխումների արդյունքում, քանի որ, ինչպես նշվեց ՀՀ Սահմանադրության 2 հոդվածի համաձայն՝ «ժողովրդին պատկանող իշխանությունը կարող են իրականացնել միայն եւ միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինները եւ պաշտոնատար անձինք»: Այժմ անդրադառնանք Սահմանադրության 55 հոդվածին, որտեղ սահմանված է հանրապետության նախագահի լիազորությունների սպառիչ ցանկը: Այդ ցանկում ուշագրավ է երկու հանգամանք, եթե խոսքը Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնների մասին է, ապա մեկ առ մեկ թվարկվում են այդ պաշտոնները եւ սահմանվում է դրանց նշանակման կարգը: Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ չնախատեսված քաղաքացիական պաշտոններին, ապա հիշյալ հոդվածի 5-րդ կետում ընդհանրական ձեւով ասված է, որ հանրապետության նախագահը՝ «օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում»: Մինչդեռ, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնների մասին սահմանադրական դրույթները խիստ կոնկրետ են եւ որոշակի: Այսպես, նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, հանրապետության նախագահը «նշանակում եւ ազատում է վարչապետին, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին», 9-րդ կետի համաձայն՝ «վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազին», 10-րդ կետի համաձայն՝ «նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ եւ նախագահ», 11-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրության 95 հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների նախագահներին եւ դատավորներին, գլխավոր դատախազի տեղակալներին եւ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին», 2-րդ կետի համաձայն՝ «նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Եվ վերջ: Եղածն էլ շատ է: Նույնիսկ խոսք է գնում սահմանադրական բարեփոխումների ընթացքում եղածը կրճատելու մասին: Սահմանադրության նույն հոդվածի 6-րդ կետում ասված է, որ հանրապետության նախագահը՝ «կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ»: Բավական է անգամ հարեւանցիորեն ծանոթանալ նախագծում ամրագրված քաղաքացիական ծառայության խորհրդի լիազորություններին, որպեսզի ակնհայտ դառնա, որ հանձինս այդ խորհրդի մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ խորհրդակցական մարմնի, այլ պետական-իշխանական լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմնի հետ: Քաղաքացիական ծառայության խորհրդի քաղաքական բնույթի մասին է վկայում նաեւ նրա նորմատիվ-իրավական ակտեր ընդունելու լիազորությունը (նախագծի 6 հոդվածի 1-ին կետ), եթե անգամ մի պահ անտեսենք, որ անհայտ է այն տեղը, որ այդ ակտերը զբաղեցնում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի հիերարխիկ համակարգում: Խորհրդի քաղաքական բնույթի մասին են վկայում նաեւ նախագծի 9 հոդվածի 2-րդ, 4-րդ կետերը եւ, հատկապես, 3-րդ կետը, որը քաղաքացիական ծառայության խորհրդին շնորհում է հանրապետության նախագահին, վարչապետին, գործադիր իշխանության ղեկավարներին եւ մարզպետներին (Երեւանի քաղաքապետին) վերապահված՝ դասային աստիճաններ շնորհելու իրավունքը: Այդ մասին է վկայում նաեւ նախագծի 10 հոդվածի 1-ին կետը, որի ուժով խորհուրդը հաստատում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը: Արդյունքում ստեղծվում է Սահմանադրությամբ չնախատեսված մարմին, որը Սահմանադրության շրջանցմամբ օժտվում է պետական իշխանական լիազորություններով: Այսպես, ի հեճուկս Սահմանադրության, նախագծի 39 հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ»: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածից բխում է, որ վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահը կարող է նշանակել եւ ազատել միայն կառավարության անդամներին եւ գլխավոր դատախազին: Այսպիսով, օրենքի նախագիծը, հակասելով ՀՀ Սահմանադրությանը, հանրապետության նախագահին շնորհում է մի նոր լիազորություն: Նախագծի հակասահմանադրական լինելն այնքան ակնհայտ է, որ դա չէր կարող վրիպել Վենետիկի հանձնաժողովի ուշադրությունից, որն էլ իր փորձագիտական եզրակացության մեջ քաղաքակիրթ եվրոպական լեզվով մեզ կոչ է անում ստուգել նախագծի սահմանադրականությունը: Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթում կարդում ենք՝ «Քաղաքացիական ծառայության մասին օրենքի նախագիծը պետք է գնահատվի տարբեր նկատառումներից ելնելով, կոպիտ ասած, նման օրենքը պետք է կատարելագործվի: Հաշվի առնելով սա, ես կցանկանայի ուշադրություն դարձնել սահմանադրականության, ժողովրդավարության եւ իրավական պետության խնդիրների վրա»: Թվում է, թե նախագծի հեղինակները կարող են հարցն անմիջապես լուծել՝ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին հռչակելով քաղաքացիական ծառայողներ, սակայն դրա համար նրանք ստիպված կլինեն դեն նետել իրենց նախագիծը եւ գրել նորը, քանի որ արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները կդառնան անփոփոխելի, հիշենք, որ նախագծի 16 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Քաղաքացիական պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է»: Այդ կապակցությամբ միանգամից հօդս կցնդի նախագծի 39 հոդվածի 3-րդ կետը, համաձայն որի՝ «քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները, բացառությամբ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի, նշանակվում են վեց տարի ժամկետով»: Ձեռքի հետ հօդս կցնդի նաեւ 45 հոդվածի 1-ին կետը, որով սահմանված են խորհրդի անդամների լիազորությունների ժամկետները: Հետեւաբար՝ կերպարանափոխվելու հնարավորությունը բացակայում է: * * * Այժմ մի պահ մոռանանք Անդերսենի հեքիաթը եւ մի քիչ էլ խոսենք ժողովրդավարությունից: Ինչի՞ կարող է հանգեցնել Սահմանադրության շրջանցմամբ քաղաքացիական ծառայողների տասնյակ հազարավոր զանգվածի ճակատագրի հանձնելը հանրապետության նախագահի կողմից նշանակված հակասահմանադրական խորհրդի տնօրինությանը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն բյուրոկրատիայի իրական ուժին, խորհուրդ կտայինք կարդալ Մաքս Վեբերի հիանալի աշխատությունները, որտեղ անվերապահորեն հիմնավորված է, որ այսպիսի քայլը երկրում ամբողջատիրական (տոտալիտար) կարգեր հաստատելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է: Ահա թե ինչու ներկայացված նախագիծը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ հակաժողովրդավարական՝ ամբողջատիրական: Այս է իրականությունը: Կառավարությունն այս տարվա ընթացքում, այս նախագծի հետ կապված, երեք անգամ հիացել է թագավորի շքեղ հագուստներով: Ազգային ժողովը մեկ անգամ նկատել է, որ թագավորը մերկ է, սակայն, չգիտես ինչու, կրկին հայտնվել է նույն վիճակում: Մնում է, որ այն կրկին ասի ճշմարտությունը: ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ իրավագիտության դոկտոր Հ. Գ. Վերջերս, հանրապետության նախագահը Բրյուսելից վերադառնալիս Երեւանի օդանավակայանում իրավացիորեն նկատեց, որ մեր հանրապետության օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Պատիվ ունեմ հայտնելու, որ եվրոպական թիվ 1 ստանդարտը՝ օրենսդրության համապատասխանեցումն է իր իսկ երկրի Հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը:Ի դեպ, այս նախագծի հակասահմանադրական լինելու պարագան արդիական է դարձնում նաեւ նախկինում զանազան հանձնաժողովներ եւ խորհուրդներ ստեղծած նմանօրինակ օրենքների սահմանադրականության հարցը: Սակայն դա արդեն Սահմանադրական դատարանի խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930