Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհուրդը

Հուլիս 20,2001 00:00

Գագիկ Ասլանյանը լքեց ՀԺԿ-ն Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհուրդը նախորդ օրն իր նիստում որոշում էր կայացրել րչության նիստում քննարկել ՀԺԿ 7 պատգամավորների հարցը։ Հիշեցնենք, որ վերջիններս նույն օրը խորհրդարանում տարածած իրենց հայտարարությամբ կուսակցությանը մեղադրել էին «ետհոկտեմբերյան ձեւախեղումների» ու ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի նախանշած քաղաքական ուղուց շեղվելու մեջ։ Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ՀԺԿ վարչության նիստը։ Սակայն մինչեւ դրա ավարտը, վարչությունն արդեն որոշում էր կայացրել ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանին հեռացնել կուսակցության ղեկավար պաշտոններից: Վերջինս հայտարարել էր, որ ընդդիմադիր ՀԺԿ-ում ինքն իրեն չի պատկերացնում։ Մենք տեղեկացանք նաեւ, որ վարչությունը մերժել է ԱԺ նախագահ Ա.Խաչատրյանի դիմումը՝ ՀԺԿ-ից դուրս գալու մասին եւ ինքն է վերջինիս հեռացրել կուսակցությունից: Ինչ վերաբերում է հայտարարությունը ստորագրած մյուս 6 կուսակցականներին, ապա նրանք շարունակում են մնալ ՀԺԿ անդամներ՝ իրենց ակտիվում գրանցելով մի մեծ մինուս։ ՀԺԿ-ում ստեղծված իրավիճակի մասին տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը. «Ինձ համար այդ հայտարարությունն անակնկալ էր։ Ես ցավում եմ, որ մեր ընկերների մոտ կուսակցության հանդեպ այդպիսի կարծիք է ձեւավորվել»։ Պարոն Գրիգորյանը հարկ համարեց անդրադառնալ իր կուսակիցների այն պնդումներին, թե, Սահմանադրության համաձայն, պատգամավորն ազատ է իր քվեարկություններում եւ հրամայական մանդատով կաշկանդված չէ։ «Գուցե Սահմանադրությունն ու կուսակցական պարզ կարգապահությունն այդ իմաստով համահունչ չեն, բայց եթե պատգամավորը խորհրդարանում ներկայացնում է կոնկրետ կուսակցություն եւ առավել եւս ընտրվել է կուսակցական համամասնական ցուցակով, նա պարտավոր է շարժվել այնպես, ինչպես որոշել է կուսակցությունը եւ ինչպես պահանջում է նրա քաղաքականությունը։ Եթե այդ մեխանիզմը չգործի՝ ո՛չ կուսակցությունները, ո՛չ քաղաքական դաշտը երբեք չեն կայանա»։ Քաղաքական մեկնաբաններից շատերն են այն կարծիքին, որ ՀԺԿ-ում ընթացող խմորումները կուսակցության պառակտման առիթ կդառնան առավելապես նրանց համար, ովքեր ժամանակին իշխանության գալու ռեալ հնարավորություն ունենալով է, որ դարձել են կուսակցության անդամներ։ Պարոն Հարությունյանը հույս հայտնեց, որ նման զարգացումներ չեն լինի։ Հետո նա փորձեց ենթադրություններ անել, թե նրանք ի՞նչ նկատի ունեն, երբ հայտարարում են ՀԺԿ-ի քաղաքական կուրսից շեղվելու մասին։ «Եթե նրանք նկատի ունեն այն, որ կուսակցությունը «27»-ի գործով 6 ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառումը գնահատել է իբրեւ իշխանությունների կողմից կատարված քայլ, ապա, այո, պետք է պարզ ասել, որ դա իշխանություններն արեցին։ Ասում են նաեւ, թե ՀԺԿ-ն շեղվել է «Միասնություն» դաշինքի որդեգրած սկզբունքներից ու քաղաքական կուրսից։ Իմ համոզմամբ, այդ Հանրապետական կուսակցությունն է շեղվել Դաշինքի կուրսից, որովհետեւ ՀՀԿ համագումարում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ այդ կուսակցությունը իրագործելու է հանրապետության նախագահի ծրագիրը, մինչդեռ Դաշինքը երբեք նման բան չի հայտարարել, քանի որ դրանք տարբեր ծրագրեր են։ Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն նախագահի հենարանն է հանդիսանալու, իսկ դա շեղում է Դաշինքի ծրագրից։ Մինչ օրս մեր ընկերները չեն էլ ասել, թե ՀԺԿ-ն այդ որ կուրսից է հրաժարվել։ Դրանք բացատրություններ են, որոնք պետք է տրվեն»,- պնդեց Գ.Հարությունյանը։ Ըստ նրա, ՀԺԿ-ին լուրջ պառակտման վտանգ չի սպառնում, բայց, այդուհանդերձ՝ «Ես ցավում եմ, որ մեր երկրում տարվում է կուսակցություններ մասնատելու քաղաքականություն։ Ես դա գնահատում եմ իբրեւ նոր ընտրությունների նախապատրաստություն՝ առանձին մարդկանց համար»։ Պարոն Հարությունյանը նկատեց, թե իշխանությունները ՀԺԿ-ին մղում են քաղաքական ընդդիմության դաշտ, թե ինչու, նա չգիտեր։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել