Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում Կասպից ծովի ընդերքը մերձկասպյան երկրների մեջ կիսելու գործընթացն ավելի ու ավելի ցավոտ

Օգոստոս 02,2001 00:00

Անդրկովկասն անհանգիստ տարածաշրջան է Վերջին շրջանում Կասպից ծովի ընդերքը մերձկասպյան երկրների մեջ կիսելու գործընթացն ավելի ու ավելի ցավոտ է դառնում: Հենց այդ համատեքստում ծայրաստիճան սրվել էին Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հարաբերությունները: Բանն այնտեղ էր հասել, որ Թուրքմենստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին՝ այդ հարցի շուրջ բանակցությունները փակուղի տանելու եւ, ի վերջո, տապալելու համար: Այդ երկու երկրների միջեւ ծայր առած հակասություններին ավելացան նաեւ Ադրբեջանի ու Իրանի միջեւ ավելի քան լուրջ տարաձայնությունները, որոնք սպառնում են լուծվել ուժի՝ զենքի, գործադրման դիրքերից: Նման վտանգն ավելի քան լուրջ է եւ այդ են վկայում ադրբեջանական մամուլի հրապարակումները եւ դրանք ամենեւին էլ անհիմն չեն: Վերջին մի քանի օրերի ընթացքում Իրանի ռազմական 4 ինքնաթիռ անցել է Ադրբեջանի պետական սահմանը: Դրանցից մեկն անգամ 4 ժամ պտույտ է կատարել Ադրբեջանի տարածքում՝ ընդհուպ մինչեւ մոտենալով Բաքվի մատույցները: «Կասպից ծովի բաժանման մասին Իրանի պահանջները ավելի ու ավելի նմանվում են կասպյան նավթի մասնահանումը ուժով իրականացնելու մտադրությանը»,- գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Իրանն անցյալ շաբաթ նաեւ հերթական բողոքն էր ներկայացրել Կասպից ծովի ռեսուրսների մշակման դեմ՝ նախազգուշացնելով, որ արտասահմանյան ընկերությունների կողմից Կասպից ծովի իրանյան հատվածում հանքերի յուրացման ու վերամշակման վերաբերյալ որեւէ համաձայնագրի կնքում անօրինական է եւ կարող է չեղյալ համարվել: Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները ջանում են ավելորդ անգամ չսրել Իրանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջինիս ռազմական հզոր ուժը: Ադրբեջանը գտնում է, որ Իրանն այդ իմաստով անկանխատեսելի երկիր է: Նման դիրքորոշմանը, թերեւս, նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Իրանը հատկապես վերջին օրերին զինված ուժեր ու զինտեխնիկա է կենտրոնացրել Ադրբեջանի սահմանի երկայնքով: Եվ այսպես, Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման մասին կանխատեսումներին զուգահեռ իրավիճակը տարածաշրջանում լարվում է: Դա երկակիորեն կարող է ազդել նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Մի կողմից Իրանը մեր ռազմավարական դաշնակիցն է ու նրա բացասական վերաբերմունքն ու խոսքը նաեւ Մեղրիի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարցում, թերեւս, կարող է ավելի վճռական լինել Արեւմուտքի այդ ծրագիրը կասեցնելու եւ Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, քան անգամ ՀՀ ԱԳՆ-ի «կոմպլեմենտարիզմը»: Հայաստանում դիտորդներն այն կարծիքին են, թե Իրան-Ադրբեջան հակասությունների խորացումն, իհարկե, կապված է նաեւ Կասպից ծովի ընդերքը կիսելու հետ, բայց, նախեւառաջ, պայմանավորված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում տրանսպորտային միջանցքների բացման հեռանկարով: Վերջինս չի բխում Իրանի անվտանգության շահերից, ուստի, ըստ դիտորդների, Իրանն ուզում է Ադրբեջանին եւ Արեւմուտքին հասկացնել տալ, որ ինքն ավելի քան ցավագին կընդունի նաեւ այդ ծրագրի իրագործումը ու Անդրկովկասում քարտեզի հնարավոր վերաձեւումը: Արդյունքում, իր հարեւան երկրի հետ հակասությունները չխորացնելու եւ Կասպից ծովի ռեսուրսներից չզրկվելու համար, չի բացառվում, որ Բաքուն տեղի տա ու առժամանակ հետաձգի նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը կամ հրաժարվի Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցք ունենալու պահանջից: Բայց մյուս կողմից՝ տարածաշրջանում հավելյալ լարվածությունը եւ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խոչընդոտումը եւս առժամանակ կարող է տնտեսական անբարենպաստ պայմաններում թողնել Հայաստանը: Ի վերջո, տարածաշրջանում ամեն մի անկայունություն սպառնում է նաեւ Հայաստանին ու նրա տնտեսությանը՝ որեւէ ներդրում ավելի ռիսկային դարձնելով: Ասել է թե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի, որ Ադրբեջան-Իրան հարաբերությունները լուծվեն արագ եւ առանց երրորդ երկրների միջամտության: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել