Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների շրջանում տարածված է գժախոտով թունավորումը, գժախոտն առաջացնում է հալյուցինացիաներ, ազդում նյարդային համակարգի վրա

Մայիս 17,2024 12:41

2023 թվականին Հայաստանում արձանագրվել են 890 քիմիական թունավորումներ, այդ թվում՝ ալկոհոլային թունավորումներ, այլ չճշտված նյութերից թունավորումներ, դեղորայքային, թմրամիջոցներից, թունաքիմիկատներից, խոտաբույսերից, օճառներից, լվացող նյութերից եւ օրգանական այլ լուծիչներից թունավորումներ։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

2024 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է քիմիական թունավորումների 887 դեպք։

Աբովյանի ներկայացմամբ՝ 1,2 անգամ աճել են այլ եւ չճշտված նյութերից թունավորումները, խոտաբույսերից թունավորումների թիվն աճել է 2,8 անգամ։

Ուշագրավ են խոտաբույսերից թունավորման դեպքերը։ Աբովյանի ներկայացմամբ՝ սովորաբար մեծահասակները հավաքում են տարատեսակ խոտեր, որոնք կարող են պարունակել թույներ, եւ դրանք օգտագործում են սննդի մեջ․«Փոքրահասակ բնակչության մեջ բավականին տարածված է գժախոտով թունավորումը։ Գժախոտը զանգակատիպի սպիտակ ծաղիկներ ունի, բացվում են երեկոյան, փակվում՝ ցերեկը, շատ լավ բույն ունեն, քաղցր են, եւ այդ քաղցրության հաշվին է, որ երեխաները այդ ծաղկի փշանման սերմերն օգտագործում են սննդի մեջ, հյուրասիրում ընկերներին։ Սրա թույնն ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել հալյուցինացիաներ, ընդհուպ ՝ նյարդային համակարգի լուրջ բարդություններ»։

Ինչ վերաբերում է թունաքիմիկատներից եւ այլ օրգանական նյութերից թունավորումներին, ապա ինչպես մասնագետն ասաց, դրանք հիմնականում տեղի են ունենում անզգուշության պատճառով․ «Օրինակ` տվյալ նյութը գործարանային արտադրությանը համապատասխան տարայի մեջ չի պահվում, տեղափոխում են այլ տարայի մեջ՝ առանց մակնշման, ինչի հետեւանքով անգամ երեխաները կարող են օգտագործել։ Թունաքիմիկատով տարան պետք է առանձնացված տեղում պահել եւ պարտադիր սննդամթերքից հեռու եւ մակնշված»։

Ինչ վերաբերում է սննդային թունավորումներին, ապա Աբովյանն ասաց, որ անցյալ տարի արձանագրվել է 77 դեպք, որից բոտուլիզմով՝ 14 դեպք, ստաֆիլակոկով՝ 2, սնկերով՝ 56 դեպք, մնացած դեպքերը այլ մանրէային չճշտված թունավորումների դեպքեր են։ Այս տարվա հունվարից մինչ օրս արձանագրվել է սննդային թունավորման 15 դեպք, որից բոտուլիզմով 6 դեպք, 5-ը՝ չճշտված պատճառագիտությամբ, սնկային թունավորման՝ 4 դեպք:

Մասնագետն ասաց, որ ամռանը սննդային թունավորումների բռնկումներ են լինում, ուստի պետք է զգույշ լինել, խուսափել փողոցում վաճառվող սնունդ գնելուց, արագ փչացող սնունդը պահել սառնարանում, իսկ ջրանջատումներից հետո՝ ծորակի ջուրն օգտագործել 15 րոպե հոսելուց հետո։

Աբովյանն ասաց, որ քիչ չեն դեպքերը, երբ դեղորայքային թունավորումներ են լինում երեխաների շրջանում, նրանք կարծելով, թե տվյալ դեղը կոնֆետ է, ուտում են։ Նման դեպքերն արձանագրվում են հիմնականում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում։

Աբովյանը հորդորեց դեղորայքը պահել երեխաների համար անհասանելի տեղում։

Անդրադառնալով բոտուլիզմով թունավորմանը, ապա մասնագետը պարզաբանեց՝ պահածոյացված սննդում առկա թույնը կարող է տարայի տարբեր հատվածներում լինի, սնունդը գույնն ու համը չի փոխում, եւ հնարավոր է ամբողջ ընտանիքը օգտագործի, բայց ընտանիքի մեկ անդամը թունավորվի՝ նայած, թե որտեղ է եղել թույնը։

Նա ասաց, որ որքան էլ տանը պահածո պատրաստելիս բարձր աստիճանով սնունդը եռացնեն, դա բավարար չէ, քանի որ բոտուլիզմի սպոռավոր ձեւը միայն 120-130 աստիճանի տակ եւ բարձր ճնշման տակ է վերանում, իսկ սա հնարավոր ապահովել հատուկ գործարանային պայմաններում։ Եթե այնուամենայնիվ տանը պատրաստած պահածո եք օգտագործում, մասնագետը խորհուրդ տվեց այն բացելուց հետո 20-25 րոպե եռացնել, նոր օգտագործել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031