Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան թիմ՝ Բելգիայից

Օգոստոս 28,2001 00:00

Ընտանեկան թիմ՝ Բելգիայից Համահայկական խաղերի օրերին ֆուտբոլի մրցաշարին հետեւողները մի անսովոր երեւույթի վկա դարձան։ Բելգիայի Բրյուսել քաղաքի թիմի կազմում միեւնույն ազգանուններով ֆուտբոլիստներ էին հանդես գալիս։ «Շիրակ» հյուրանոցում հանդիպեցինք թիմի ղեկավար, Բելգիահայ դեմոկրատական միության նախագահ Պողոս Օքմեսյանի հետ։ Պարզվեց, որ իրենց թիմում, իրոք, հարազատներ են խաղում։ – Մենք երկրորդ անգամ ենք մասնակցում Համահայկական խաղերին ու ողջունում ենք դրա անցկացումը,- ասաց նա։- Մեր միությունն ունի երկու թիմ, որոնք մասնակցում են Բելգիայի ֆուտբոլի սիրողական առաջնությանը։ Ի տարբերություն նախորդի, այս անգամ թիմում ընդգրկվել են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել հոգալու պահանջվող ծախսերը։ – Այսինքն, ֆուտբոլիստների վարպետությունն այնքան էլ չի՞ կարեւորվել։ – Մեր առաջնային նպատակը բելգիահայ երիտասարդներին Հայրենիքի հետ կապելն է, «Խաղերին» մասնակցելով Հայաստանին ինչ-որ չափով օգտակար լինելը։ Պատվիրակության կազմում կան մարդիկ, ինչպես օրինակ՝ ես, որ եկել են ամբողջ ընտանիքով։ Բայց պիտի ասեմ, որ եթե այստեղ ծախսերը էժան լինեին, եկողների թիվն անհամեմատ մեծ կլիներ։ Հուսանք, որ այս հանգամանքը հաջորդ անգամ հաշվի կառնվի։ – Ներկայացրեք ձեր թիմի կորիզը կազմող հարազատներին։ – Հիմնականում հարազատ եղբայրներ են կամ հորեղբոր որդիներ։ Օրինակ, ես եւ Տիգրան Օքմեզյանը հարազատ եղբայրներ ենք, ինչպես նաեւ Ներսես եւ Օհքան Օքմեզյանները։ Հորեղբոր որդիներ են Հերեմյանները, Յալմանյանները։ Մի խոսքով, բուն թիմի գրեթե կեսը հարազատական, արյունակցական կապ ունեն։ – Ինչպե՞ս եք գնահատում «Խաղերի» կազմակերպումը։ – Հիմնականում՝ նորմալ։ Գոհ ենք հյուրանոցից, սպասարկումից, տրանսպորտային ապահովումից։ Միակ բացասական բանը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանում։ Երեւան ժամանեցինք օգոստոսի 12-ին։ Ու այդ մասին մեր միության ներկայացմամբ Հայաստանի համապատասխան իրավասու մարմնին տեղեկացրել էր հյուպատոսը։ Սակայն դիմավորող չկար, իսկ օդանավակայանի աշխատակիցներն էլ սկզբում մի տեսակ անտարբեր էին տեղի ունեցածի հանդեպ։ Լավ է, որ հետո ամեն բան կարգավորվեց։ Դժգոհելու այլ առիթներ չեն եղել։ – Երկու տարվա ընդմիջումից հետո, կրկին գալով Հայաստան, ի՞նչ տպավորություններ ունեք։ – Էական փոփոխություն չկա։ Ժողովրդի վիճակը շատ լավ չէ։ Ամեն բան, կարծես, նույնն է մնացել։ – Վիճակը շտկելու ի՞նչ ելք եք տեսնում։ – Պետք է արտադրությունն աշխատեցնել։ Մարդիկ անգործ են։ Դրսից ծխախոտ, խմիչք եւ այլ նման բաներ բերել-վաճառելով հեռու չես գնա։ Արտադրություն չունեցող երկիրը հեռանկար չունի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել