Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատասխանի» ներկայացումը

Սեպտեմբեր 28,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը նման չէր մինչ օրս տեղի ունեցած դատավարություններին։ Ամփոփելով սեպտեմբեր ամիսը, տեղեկացնենք, որ դատական նիստեր են տեղի ունեցել սեպտեմբերի 3-ին, 5-ին, 7-ին, 10-ին, 12-ին, 13-ին, 17-ին, 19-ին, 20-ին, 24-ին, 26-ին եւ 27-ին։ Ամբաստանյալը երեկ հայտարարեց, թե չի պատասխանի փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերին։ Տեղից փորձ արեց միջամտել նախագահող դատավոր Սամվել Ուզունյանը, որն ամբաստանյալին ասաց. «Ձեզ հարցաքննելը պատիվ չէ. հարցաքննելը քրեական դատավարական օրենսգրքի պահանջն է»։

Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Ա. Սարգսյանը սկսեց իր հարցաշարը ներկայացնել։ Ամբաստանյալը հենց առաջին հարցից հրաժարվեց պատասխանել։ Փաստաբան Սարգսյանն ասաց. «Ես եկել եմ քրգործի մանրամասների կապակցությամբ քեզ հարցեր տալու, քո ցուցմունքները ճշտելու, նոր հանգամանքների հետ կապված ճշտումներ անելու»։

Աշոտ Սարգսյան

Ամբաստանյալն ասաց. «Միեւնույն է, չեմ պատասխանելու»։ Ա. Սարգսյանն ասաց, թե տակտիկական առումով ստիպված է տալ այնպիսի հարցեր, որոնք կբնութագրեն ամբաստանյալի անձը։ Այդ հարցերը գլխավորապես կրում էին անձնական բնույթ, նույնիսկ այնպիսիք էին, որոնք որակվեցին ամբաստանյալի արժանապատվությունը վիրավորող։

Ա. Սարգսյանը հարցնում էր, թե եղել է արդյո՞ք ամբաստանյալի եւ եղբոր միջեւ սեռական կապեր։ Հարցը, ճիշտ է հանվեց, սակայն հարցի մեկ այլ տարբերակ ներկայացվեց ամբաստանյալին։ Օրինակ, Եվպատորիայում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններ չեք պահպանել, ի՞նչ է նշանակում Կարենն անկողինը բացեց, Կարենն անկողինը փակեց, եղբայրս ճաշ եփեց, սուրճ մատուցեց, միգուցե եղե՞լ է սեռական հարաբերություն քո եւ եղբորդ միջեւ։

Նաիրի Հունանյանն ասաց, որ չի պատասխանի։ Հետեւեց հաջորդ հարցը՝ դաշնակցական ծածկանունդ ո՞նց է , վիրավորական ոչինչ չի՞ եղել (նշեց, օրինակ, ապուշ, զոռբա, դեբիլ)։ Ամբաստանյալը հրաժարվեց այս հարցին էլ պատասխանել։

Հաջորդ հարցն էլ, կարծում ենք, արժանապատվությունը վիրավորող նրբերանգներ պարունակեց՝ ամենասիրածդ գույնը ո՞րն է, հոգեբանի կողմից քեզ այդպիսի հարց տրվե՞լ է, ի՞նչ գույն էիր նշել՝ երկնագո՞ւյն։ Ամբաստանյալը դարձյալ ասաց, որ չի պատասխանի։

Սամվել Ուզունյան

Դատավոր Սամվել Ուզունյանը նորից միջամտեց՝ հրապարակելով քրդատօրի 9-րդ հոդվածի 1-ին կետը, ինչը վերաբերում է անձի արժանապատվությունը պաշտպանելու իրավունքի հարգմանը։ Աշոտ Սարգսյանի եւ ոչ մի հարց պատասխանի չարժանացավ, ընդհակառակը, դատական նիստի մասնակիցների կողմից որոշ հարցեր ծիծաղով ընդունվեցին։

Փաստաբանը ստիպված էր հայտարարել, թե ինքը գիտեր, որ ամբաստանյալը չի պատասխանի եւ, որ իր հարցերն ընդամենը անձին բնութագրող էին։ Նա ուղղեց մինչ այդ թույլ տված իր կոպիտ սխալը, ներողություն խնդրեց դատարանից (բացի ամբաստանյալից) եւ դադարեցրեց իր հարցերը։ «Ես ոչ թե աթոռի հետ եմ խոսում, ոչ էլ նրա հետ, ինչի տեղ դրել է իրեն ամբաստանյալը»,- եւ ակնարկեց, որ դեռ հարցեր ուներ տալու կապված կուսակցության հետ եւ «հզոր անձի»։

Հայտարարված ընդմիջումից հետո ամբաստանյալին խոսեցնելու փորձ արեց Սարգսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ջանոյանը։ Վերջինիս հարցերին մինչեւ ժամը 17-ը ամբաստանյալը չպաստասխանեց։ Այն տպավորությունն էր, թե ամբաստանյալը նպատակ ուներ հարցաքննության ավարտման այս փուլում ճշտել բոլոր հնարավոր հարցերը, ծանոթանալ մեղադրական կողմի զինանոցի հնարավորություններին, այո՛, թեկուզ կողմնորոշվելու նպատակով։

Այս տրամաբանությամբ կարող ենք արձանագրել, որ Ջանոյանի հարցադրումները գլխավորապես հենված էին մեղադրական եզրակացության ապացույցների վրա։ «Ձեզ որակված է հայրենիքի դավաճանություն։ Դուք զինված մուտք եք գործել ԱԺ դահլիճ՝ կատարելով մեղադրանքում արձանագրված գործողություննե՞ր»։ Ամբաստանյալը չպատասխանեց։

Ջանոյանը շարունակեց. «Դուք նպատակային կրակոցներով սպանել եք մեղադրանքում հիշատակված անձանց», հարցի պատասխանը դարձյալ արժանացավ նույն վարքագծի դրսեւորմանը, ինչին արժանացել էր նախորդ փաստաբանը։ «Ձեր դիրքորոշումը պայմանավորված է ասելի՞ք չունենալով» հարցին, ամբաստանյալը պատասխանեց. «Չեղած բաները չեն հերքում»։ Այս անգամ ամբաստանյալին խոսեցնելու փորձ արեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։ «Ի՞նչը ստիպեց, որ հրաժարվեք հարցերից»։

Չդիմանալով լռելու գայթակղությանը, ամբաստանյալն ասաց, որ ինքը փաստաբաններին խնդրել էր կարեւորագույն հարցեր տալ։ Նա ասաց. «Այս դահլիճը դրսի հետ համահունչ դարձնելու միտում եմ տեսնում»։ Արդեն 4-րդ ամիսն է ինքը հնարավորինս աշխատել է հարցաքննության փուլը չձգձգել։ Չեն եղել գերհզոր հարցեր, որոնց ինքը չկարողանար պատասխանել։

Դատավոր Սամվել Ուզունյանն ասաց, որ դատավարության 23 մասնակիցների կողմից 3-4 ամսվա ընթացքում ամբաստանյալին հարցաքննելը երկար ժամանակ չէ։ «Եթե այսպես գնա, ուղիղ եթեր էլ կպահանջեք»,- տրտնջաց դատավորը եւ հոկտեմբերի 1-ին ամբաստանյալի կողմից հնարավոր կոչի հետ կապված զգուշացրեց, որ նա պետք է հանդես գա քրդատով սահմանվածով եւ ոչ թե «կոչ լինի, ուղղված իր բարեկամ ամբաստանյալներին»։

Փաստաբան Տիգրան Ջանոյանը ամբաստանյալին հիշեցրեց. «Դու որոշակի կարգավիճակ ունես։ Մնա այդ շրջանակներում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930