Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 11,2001 00:00

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ Ամեն ինչ քրիստոնեության 1700-ամյակի հետ կապելու, ինչ-որ իմաստով՝ անառողջ ցանկությունից դրդված, երեկ «Սթրես-կենտրոն»-ի կազմակերպած գիտաժողովը, որն առնչվում էր հոգեբանությանն ու հոգեբուժությանն ընդհանրապես, հարմարեցվել էր հիշյալ տարելիցին ու կրում էր «Քրիստոնեությունն ու հոգեկան առողջությունը» անվանումը։ Նվիրված էր, բնականաբար, քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, նաեւ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան։ Ճիշտ է, քրիստոնեության 1700-ամյակի հետ ցավալիորեն ու պարտադրված կերպով ասոցիացվող Խոսրով Հարությունյանն այս գիտաժողովին ներկա չէր, սակայն բարձրաստիճան հյուրերով միջոցառումն ապահովված էր՝ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ներկայությամբ։ Պրն Մարտիրոսյանն, ինչպես եւ սպասվում էր, իր ողջույնի խոսքում անդրադարձավ սոցիալապես անապահովների հոգեկան առողջության խնդրին եւ, որպեսզի ինչ-որ ձեւով հոգեկան առողջությունը կապի եկեղեցուն, պատմական էքսկուրս կատարեց, հիշելով, որ դարեր շարունակ հոգեբանի ծառայություն է մատուցել եկեղեցին։ Խոստովանահոր ինստիտուտը չունեցող Հայ Առաքելական եկեղեցու համար հոգեբանի դերը պետք է ընդունել մի քիչ վերապահումով։ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական Շահե արք. Աճեմյանի մի ռեպլիկ- պատմությունն էլ շատ չէր փայլում եկեղեցականների գովերգած սիրով, բարությամբ եւ ամեն ինչ ներելու քրիստոնեական կանոններով։ Նա հիշեց, թե ինչպես իր սափրիչը իրեն հարցրել է՝ դուք եկեղեցակա՞ն եք, լսելով «այո» պատասխանը սույն սափրիչը, ըստ ամենայնի՝ աղանդավորական, տվել է աղանդավորներին բնորոշ հարցը. «Բայց չէ՞ որ Աստվածաշնչում գրված է՝ մի սպանաներ, այդ դեպքում ինչո՞ւ են երիտասարդներին բանակ տանում»։ Սրբազանը շատ սրամիտ, բայց, իր իսկ բնորոշմամբ՝ «ոչ շատ բարի», մեր բնորոշմամբ՝ ոչ այնքան քրիստոնեական, պատասխան է տվել. «Շատ լավ, դու բանակ մի գնա, որ պատերազմ սկսի, ադրբեջանցիները սկսեն կրակել՝ հուսամ, որ առաջին գնդակը քո գլուխը կտանի, եւ մեր ազգի մեջ մեկ խանգարված գլուխ պակաս կլինի»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել