Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԺ էներգետիկ հանձնաժողովի գործունեության արդյունքները Խիստ ուշագրավ են 15 եւ 26 դրվագները, որոնց «պոչերը» հասնում են մինչեւ ներկաների կառավարման շրջանը: 1998-99թթ. Հրազդանի ՋԷԿ-ի ղեկավարության կողմից 91,6 մլն դրամի արժողության մազութի յուրացման մասին (դրվագ 15) դատախազության տեղեկանքը արտատպելիս պետական քարոզիչները դուրս են թողել կարեւոր մի նկատառում՝ «գործով նշանակվել է դատա-հաշվապահական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո կլուծվի դրվագի վերջնական ընթացքը»: Ներկա իշխանություններին անմիջականորեն առնչվող եւս մեկ փաստ է այն, որ 1996-99 թթ. «Հայգազարդի» պատվիրած 175 մլն դրամի աուդիտորական ծախսերի մեջ (դրվագ 26) կասկածելի է համարվել 20 մլն-ը, որի կապակցությամբ քննությունը շարունակվում է: Քննությունը շարունակվում է նաեւ 7, 13, 18, 20, 27, 28 դրվագներով. էներգետիկ շոուի պատվիրատուների եւ կատարողների վերջին հույսը մնացել է այն, որպեսզի դատախազությունը գոնե դրանց մեջ մի բան գտնի… Անդրադառնանք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության համար հատկացված վարկային միջոցների ծախսման ընթացքում չարաշահումների վերաբերյալ դրվագին: Այս շինարարությունն սկսվել է 1987 թ. եւ նախատեսվում էր ավարտել 1990-ին, սակայն ԽՍՀՄ փլուզման պատճառով 1993-ի հունվարի 1-ի դրությամբ կատարվել էր ծրագրված աշխատանքների ընդամենը մեկ երրորդը: Նորանկախ հանրապետության կառավարությանը հաջողվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ կնքել վարկային պայմանագիր, ըստ որի էներգաբլոկի շինարարությունն ավարտելու համար բանկը հատկացնում է 57,4 մլն ԱՄՆ դոլար վարկ, իսկ ՀՀ կառավարությունը ստանձնում է 25,5 մլն դոլարի չափով համաֆինանսավորման պարտավորություն: Վարկային պայմանագիրը, սահմանված կարգով, վավերացվում է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից (1993 թ. մայիսի 11-ին) եւ հաջորդ տարվա հունվարի 1-ին վերսկսվում են աշխատանքները: Խիստ կարեւոր մի հանգամանք մշտապես շրջանցվում է արդարության «մարտիկների» կողմից. բանն այն է, որ արդեն 1995-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը 4 ամիս ստուգումներ է անցկացրել Հրազդանի ՋԷԿ-ում եւ պարզել պատվիրատուների ու կապալառուների մեղքով թույլ տրված բազմաթիվ չարաշահումներ՝ անարդյունավետ եւ ոչ նպատակային են ծախսվել հատկացված միջոցները, կատարվել են հավելագրումներ, նյութական արժեքների հաշվառման եւ մուտքագրման խախտումներ եւ այլն: Ուշագրավ է, որ ֆիննախի որոշ եզրակացությունների առնչությամբ գրավոր առարկություններ է ներկայացրել էներգետիկայի նախարարությունը: Այդուհանդերձ, Հրանտ Բագրատյանի կառավարությունը, 1996 թ. փետրվարի 1-ին լսելով երկու նախարարությունների հաղորդումները խնդրո առարկայի շուրջ, հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ստուգել ձեռք բերված փաստերը: Հաջորդ օրն իսկ գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել քր.օր-ի 90 («առանձնապես խոշոր չափերի հափշտակություն»), 182 («ծանր հետեւանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքի չարաշահում») եւ 184 («անփութություն») հոդվածների հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվում է դատախազության, ՆԳ եւ ԱԱ նախարարությունների աշխատակիցներից կազմված քննչական օպերատիվ խմբին: Ինչպես հաղորդում է դատախազությունը, նախաքննության ընթացքում վերականգնվել է 248,5 մլն դրամ եւ հայտնաբերվել ու մուտքագրվել են 522 տոննա ապրանքանյութական արժեքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել մի շարք քր.գործեր: Եվ քանի որ էներգետիկ չարաշահումների վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահին (1999 թ. սեպտեմբեր) Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության նպատակով հատկացված վարկի մասով կազմված քր.գործի նախաքննությունը գտնվել է ավարտական փուլում, դատախազությունը հնարավորություն է ունեցել մանրամասն հաղորդում ներկայացնել ԱԺ-ին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տալ արդեն ստեղծված հանձնաժողովին: Ուստի լիովին բացատրելի է այն տարակուսանքը ու դժգոհությունը, որ հայտնում է դատախազությունը. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի 14.6. 2000 թ. հաշվետվությունում տեղ են գտել եզրահանգումներ, որոնք չեն համապատասխանում նախաքննության տվյալներին» եւ «հակասում են հենց նույն հանձնաժողովի կողմից հրավիրված մասնագետների՝ 1.5.2000 թ. տեղեկանքում նշված հետեւություններին»: Դատախազությունը 12 կետով վերլուծել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի «մեղադրանքները» եւ ցույց տվել դրանց սնանկությունը: Այսպես, ի պատասխան հանձնաժողովի այն կարծիքի, թե 1990-91թթ. ստացված եւ Հայաստանում ենթակապալառու «ՍԿԷՄ» ձեռնարկությանն ի պահ հանձնված 5589,8տ քաշով կաթսաագրեգատի սարքավորումների պակասորդը կազմում է $1 մլն, դատախազությունը առարկում է, որ կաթսաագրեգատի սարքավորումների ձեռքբերումը կատարվել է ԽՍՀՄ-ի օրոք եւ վարկի հետ կապ չունի, ինչպես նաեւ պակասորդի չափը հանձնաժողովի կողմից նշվել է անհիմն եւ հակասում է ստուգումների ու նախաքննության տվյալներին (կետ 1): Թող ընթերցողը դատի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի բանիմացության եւ բարեխղճության մասին հետեւյալ դրվագից. նա մեղադրանք է ներկայացրել, թե քանի որ շինմոնտաժային աշխատանքների կատարման համար վարկից տրամադրվել է 15,2 մլն դոլար, որից շինվարչության հաշվին է մուտքագրվել 13,7 մլն-ը, ուրեմն յուրացվել է 1,5 մլն: Դատախազությունը ընդգծված հեգնում է էներգետիկ հանձնաժողովին, որ ինքը նման «կորուստ» չի հայտնաբերել, սակայն նրանց կասկածները փարատելու նպատակով կրկնական հաշվապահական-փաստաթղթային ստուգում է նշանակել (կետ 3): Նույն կերպ դատախազությունը ջանում է գտնել հանձնաժողովի հայտնաբերած 4 մլն դոլար «կորուստը» (կետ 4): Ջանասեր հանձնաժողովականները մեղադրում են «նախկիններին» 400 հազ. դոլար ոչ նպատակային ծախսում կատարելու համար: Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է, որ «Մարմարիկ» ՊՁ-ն կառուցվող էներգաբլոկի տնօրինությունից (ԿԷՏ) ստացել է 446.704 դոլար, որի դիմաց կատարել է 457.676 դոլարի աշխատանքներ ու ծառայություններ: Այսինքն, ԿԷՏ-ը ձեռնարկությանը պարտք է մնացել 10.972 դոլար: 98-ի դեկտեմբերի վերջին այս ձեռնարկության նկատմամբ հարուցված քր.գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով (կետ 10): Ընդհանուր առմամբ, վարկային մասով դատախազության ներկայացրած տեղեկանքում հանձնաժողովի մեղադրանքներից չորսը ժխտվել է (կետ 2,8,9,10), իսկ մնացածներով նախաքննությունը շարունակվում է: Եվ մեր հասարակությունը պետք է կարողանա սպառիչ պատասխան ստանալ դրանց ցանկացած մանրամասնի վերաբերյալ: Որոշ պարզաբանումներ է մտցնում գործերի ընթացքի մեջ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանի հայտարարությունն այն մասին, որ տեղեկանքը ներկայացնելուց հետո ձեռք են բերվել նոր փաստեր, կալանավորվել է եւս 6-7 մարդ, գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան: ԱԺ էներգետիկ հանձնաժողովի ուսումնասիրությունները եւ դրանց առնչությամբ դատախազության արձագանքը վերջնականապես համոզել են, որ անհիմն են 1992-94 թվականներին իշխանությունների կողմից ծրագրված եւ իրականացված «էներգատեռորի» վերաբերյալ խոսակցությունները: Խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը եւ նրա պլանավորված բացահայտումները ներկա վարչախումբը նախապես դիտում էր որպես իր մոտալուտ ձախողումներից հասարակական դժգոհության շեղման միջոց, որի կարիքը հատկապես սուր զգացվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Մի պահ վարչախմբին եւ նրան սատարող քաղաքական ուժերին հաջողվեց իրականացնել զանգվածային հիպնոսի սեանս: Իշխանական պալատներից սնվող չափն անցած գրչակներն ու հռետորները իրավիճակը այնպիսի գույներով ներկայացրին, որ բազմաթիվ դյուրագրգիռ մարդկանց երեւակայության մեջ «նախկինները» հառնեցին հսկայական կաթսաներից մազութ լափող հրեշների տեսքով… Սակայն դատախազական համակարգը այս դեպքում չդարձավ քաղաքական հաշվեհարդարի գործիք եւ հայտարարեց, որ թեեւ քննվող գործերով անցնում են պաշտոնատար անձինք, բայց ոչ այն «կալիբրի», որ ակնկալում են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Դատախազությունը չգոհացրեց «նախկիններին» հեռագրասյուներից կախելու ոմանց մոլեռանդ մղումները եւ չտրվեց քրեական գործերի քաղաքականացման վտանգավոր գայթակղությանը: Այժմ, երբ ամփոփում եմ հրապարակի վրա առկա փաստաթղթերի պարզ համադրությունը եւ վերլուծությունը, համոզված չեմ, թե այն պատշաճ կերպով կընկալվի բոլորի կողմից: Ինքնաբերաբար հիշեցի «սառը պատերազմի» զզվելի խայծերից մեկը. Միացյալ Նահանգների իշխող վարչախումբը, ցանկանալով նախագահ Ջոն Քենեդու սպանության ամոթը վանել իրենից, տարածեց ապատեղեկատվություն այն մասին, թե Քենեդու սպանությունն իրականացրած մարդասպան Օսվալդը ԽՍՀՄ լրտես է եղել: Այս պատմությունը մեծ աղմուկ հանեց, եւ ԽՍՀՄ-ը հսկայական ջանքեր գործադրեց այդ կեղծիքը հերքելու համար: Ի վերջո, ԱՄՆ աննշան լրագրերից մեկը մի աննկատ սյունակում տպագրեց Սովետների հերքումը, բայց, ինչպես ասում են, դառը նստվածքը մնաց: «Էներգատեռորի» առասպելը եղել եւ մնում է ներկա վարչախմբի կողմից «նախկինների» նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների ու քարոզչական ճնշման միջոց: Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ հանրապետության հիմնադիրների անվանարկման լայնամասշտաբ արշավը չտվեց «ցանկալի» արդյունքներ եւ բազմաթիվ մարդիկ հասկացել են, որ վարչախումբը ի չարս է գործադրել ճշմարտությունն իմանալու իրենց անկեղծ ցանկությունը եւ խաբել իրենց: Ամբաստանելով կոնկրետ քաղաքական ուժի եւ որոշակի անմեղ մարդկանց՝ վարչախումբը ծանր հանցագործություն է կատարում ոչ միայն նրանց, այլեւ ողջ հասարակության նկատմամբ, քանի որ գիտակցաբար ապակողմնորոշում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում քաղաքացիներին ու հովանավորում իրական հանցագործներին: Եթե վարչախումբը, իրոք, հետամուտ է պետական միջոցների հափշտակության բացահայտմանը եւ արդարության վերականգնմանը, դրա համար պետք չէ հեռու գնալ: Բավական է պարզել, թե ու՞ր է հոսել էներգետիկ ոլորտում ամեն տարի յուրացվող 50-60 մլն ԱՄՆ դոլարը (այս թիվը ընթացիկ տարվա գարնանը հրապարակել են իշխանամետ լրատվամիջոցները, երբ վտանգվել էր բաշխիչ էներգետիկ ցանցերի սեփականաշնորհման օրինագծի ընդունումը): Քոչարյանի իշխանության տարիներին այս թիվը հասել է 175-220 մլն դոլարի: Եթե սրան գումարենք կառավության նիստում հրապարակված 148 մլն դոլարը (Ռուսաստանից մատակարարված գազի արժեքը, որը կորել է էներգետիկ համակարգի խորխորատներում), ապա ստացվում է պատկառելի մի գումար, որը համարժեք է Հայաստանի մեկ տարվա պետական բյուջեի մուտքային մասին: Քանի դեռ վարչախումբը չի տալիս այս հարցադրումների շիտակ պատասխանը, մենք մնում ենք այն համոզման, որ «էներգատեռորի» մասին հեքիաթները հյուսվում են իշխանական պալատներում եւ նպատակ ունեն կոծկելու իրենց կողմից ամեն օր իրագործվող հանցագործությունները: ՏԻԳՐԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել